Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԻՆ ԱՆՁՐԵՎՈՎ ՉԵ՛Ս ՎԱԽԵՑՆԻ

Սեպտեմբեր 25,1998 00:00
komkus

Երեկ Հայկոմկուսը բացեց հանրահավաքային նոր շրջանը՝ բեմելի համար աննպաստ եղանակային պայմաններում։ Սակայն քամու եւ անձրեւի տակ էլ հավաքվածները ծափահարում էին հռետորներին (առավել ոգեւորված՝ Սերգեյ Բադալյանին)։ Միայն կարգախոսներն էին երբեմն ստիպված լինում գլխների վրա պահել անձրեւանոց։

Նախ ելույթ ունեցավ դոցենտ Ալեքսանյանը, որը կրթական թեմաներով էր խոսում։ Հիշեցրեց, թե խորհրդային դպրոցը լավագույնն էր եւ այդ պնդումը նաեւ այսպես հիմնավորեց. «Ովքե՞ր էին Աստծո 10 պատվիրանները սովորեցնում՝ իհարկե մենք»։ Ավելի որոշակիացրեց, թե նախկինում մասնավորապես չշնանալ են սովորեցրել, իսկ այժմ սովորեցնում են «սպանություն, պոռնկություն եւ գողություն»։ Տեսնես այժմ ո՞ր դպրոցներում են այդ առարկաներն անցնում։ Եվ տեսնես նախկինում այդ ո՞ր խորհրդային դպրոցում էին աթեիզմի փոխարեն աստվածաշնչյան պատվիրաններն ուսուցանում։

Դոցենտի ելույթից հետո կարճատեւ դադարը մի տատիկ օգտագործեց ու բացականչեց. «Արհկոմի նիստերին փա՛ռք»։ Հանրահավաքը վարողն այդ ընթացքում գրավոր մի հարցի պատասխանելով բացատրում էր, թե ինչ է նշանակում կոմպրոդորական կապիտալ։

Հաջորդ հռետորը (տիկին) Մկրտչյանն էր՝ Հոկտեմբերյանից, ինչպես նրան ներկայացրեց վարողը։ Դերաբաշխմամբ նրան էլ բաժին էր հասել խոլերայի համաճարակի մասին մանրամասներ ներկայացնելը։ «Կենտրոնական իշխանությունների կողմից չնկատվեց որեւէ աջակցություն։ Ժողովուրդը տարակուսանքի մեջ պայքարում էր մահվան դեմ»,- պատմեց նա ու լրագրողներս տարակուսեցինք՝ մի՞թե իրական չեն ղեկավարության աջակցության մասին Արմավիրի այլ բնակիչների պնդումները։

«Հեռացե՛ք, հեռացե՛ք, հեռացե՛ք»,- իր խոսքն այսպես ավարտեց այս կինը «պարոնայք իշխանավոր փառասերներին» դիմելով։ Այդ մի հռետորից մյուսին անցման ընթացքում էլ հանրահավաք վարողը ջրի վարձի մասին հարցին պատասխանեց եւ սպառնաց. «Մարտիրոսյանը (երեւի Գագի՞կ- Ա. Ի.) պիտի պատասխան տա իր զանգեզուրյան մեղքերի համար, որ ասում է, թե ջրի գինը միջազգային ստանդարտներից ցածր է»։

Հաջորդը կոմերիտականների առաջնորդ՝ Սանատրուկ Սահակյանն էր, որը երիտասարդությանը «ամենաբռնադատված խավ» անվանեց։ Կոչ արեց, որ այդ խավը գիտակցի, թե «հարկավոր է ոչ թե փախչել հայրենիքից, այլ իշխանավորներին բռունցք ցույց տալ»։ Նաեւ չգիտես ինչու հայտարարեց. «Այսօր մայր հողը վառվում է մեր ոտքերի տակ» եւ խոստացավ, որ ժողովրդին այս վիճակին հասցրածները պիտի հայտնվեն այդ կրակի մեջ։ Այս մի անցման ընթացքում էլ վարողը Գառնիկ Նանագուլյանին Ալեքսանդր Յակովլեւի փոքր տեսակ անվանեց։

Հերթն «անկուսակցական եւ հողի աշխատավոր» Մարտիրոս Սարգսյանինն էր, որն իր պատրաստակամությունը մարտնչել հայտնեց սոցիալիստական նոր կարգերի համար։ Կոչ արեց իշխանությունը խաղաղությամբ կոմունիստներին հանձնել, ինչպես եւ վերցրել են եւ սպառնաց. «Չհասցնեք նրան, որ հիշենք մեծն կոմունիստի… ը-ը… Կոմիտասի խոսքերը»։ Դե, ե՛կ կոմունիստ ու մի խենթանա… Մինչ հերթը կհասներ կուսակցության բարձրագույն ղեկավարությանը՝ Էջմիածնի շրջկոմի առաջին քարտուղար Սիրեն Եղիազարյանը նախորդ օրը «Կամ… կամ» հեռուստահաղորդման ժամանակ Սերգեյ Բադալյանի ընդդիմախոսը դարձած Պարույր Հայրիկյանի հասցեին «քաղցր» խոսքեր ասաց՝ նրանից պաշտպանելով Վ. Ի. Լենինին։ Քանի Գագիկ Թադեւոսյանն ընտրական օրենսգրքի մասին էր խոսում՝ անձրեւի տակ դեռ դիմանալ ստացվում էր, բայց հենց ազդարարեց, որ Կոնյակի գործարանին է անդրադառնալու՝ կայծակ որոտաց։

Հանրահավաքը վարողը կոչ էր անում չերկնչել բնության տարերքներից՝ ոգեւորելով իշխանության դեմ առաջիկա դժվարին պայքարի հեռանկարով։ Ժամուկեսանոց հանրահավաքն ամփոփեց Սերգեյ Բադալյանը։ Նա «հակաժողովրդական եւ իր բնույթով ազգային դավաճանության իշխանություն» բնորոշումն օգտագործեց։ «Այո՛, պետք է հիմնովին ու հիմնահատակ քանդվի իշխանական այս բուրգը,- հաստատեց պրն Բադալյանը։

– Այո, մենք պետք է խաղաղ կերպով տապալենք այս իշխանությունը,- եւ հիշեցրեց,- բայց իմացեք, հարգելի՛ ընկերներ, իշխանությունը չեն տալիս։ Իշխանությունը նվաճում են»։ Մի խոսքով. «Կորչեն ազգադավ իշխանություններն իրենց դժոխային հասարակարգով»՝ այդպես էր գրված գլխավոր տեղում փակցված կարգախոսի վրա։ Հանրահավաքի մասնակիցների անունից բանաձեւ ընդունվեց, որտեղ պահանջվում էր նախագահի հրաժարականը։ Գուցե տա, հը՞։ Ի վերջո, այդքան մարդ այդքան ժամանակ անձրեւի տակ էր կանգնել դրա համար։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Հ. Գ. Հանրահավաքն ավարտվեց, անձրեւը նույնպես, ու պիոներական վզկապով մի աղջնակ ոգեշնչված արտասանեց. «Քեզ հավատում ենք, Բադալյան պապիկ։ Մենք քեզ սիրում ենք Լենինի նման։ Ու հաստատ միշտ ասել ենք՝ Բարին կհաղթի չարին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930