Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կարմիր բանակին սպասելիս

Սեպտեմբեր 25,1998 00:00
rus komkus

Ընդհանուր առմամբ, մեր կոմունիստները, ի տարբերություն այլ կուսակցականների, հանգիստ, սուսիկ-փուսիկ մարդիկ են եւ գերադասում են պայքարի քաղաքակիրթ ձեւերը, առայժմ մոռանալով, որ որձաքարը պրոլետարիատի լավագույն զենքն է: Կոմունիստները գերադասում են կարմիր մեխակները, որոնցով զարդարում են սեփական բաճկոնները եւ առաջնորդների արձանները: Այս եղանակով, հավանաբար, նրանք կողջունեն Հայաստանի մուտքը Ռուսաստան-Բելառուս չգործող դաշինքի մեջ, ինչպես նաեւ 11-րդ Կարմիր բանակի մուտքը Երեւան: Իհարկե, «կարմիրները» դրանից առաջ պետք է վերցնեն Մոսկվան:

Սույն մշուշոտ հեռանկարից մեր կոմունիստները չափազանց ոգեւորվել են եւ սուսիկ-փուսիկ մարդկանցից դարձել առյուծներ: Միշտ էլ այդպես է լինում, երբ Ռուսաստանում հայտնվում է «կարմիր ռեւանշի» ուրվականը: Այդպես էր Դումայի ընտրություններից հետո, այդպես է այսօր, երբ ռուբլու վիճակը ծանր է, իսկ խանութների վաճառասեղանները՝ դատարկ: Այժմ, ըստ Հայկոմկուսի առաջնորդ Բադալյանի, բոլորը սպասում են Ելցինի ռեժիմի տապալմանը, եւ նույնիսկ ոչ կոմունիստական մամուլը գտնում է, որ երկիրը կարող են փրկել միմիայն «կարմիրները» կամ «վարդագույնները»:

Սկզբից կփրկեն Ռուսաստանը, հետո, պետք է ենթադրել, կզբաղվեն մեզնով: Ճիշտ է, Հայաստանում ֆինանսատնտեսական ճգնաժամ չկա, իսկ «կարմիրները» Ազգային ժողովում այնքան էլ շատ չեն: Բայց դա կարեւոր չէ. ասված է՝ պետք է փրկել, ուրեմն, կփրկեն։ Ինչից՝ դա թող արդեն որոշեն Հայաստանի ընկերները, որոնք համապատասխան ցուցում են ստացել ՌԴ կոմկուսի պլենումից: Հենց այդ հանգամանքից բացվել է մեր կոմունիստների ձայնը, որոնք հանկարծ նկատեցին, որ ժողովրդի վիճակը ծանր է, իսկ իշխանությունը սխալ քաղաքականություն է վարում: Հատկապես նրանց զայրացրել է, որ Հայաստանում նշվում է Անկախության օրը: Այնպես որ, ժամանակն է ժողովրդին զինել ծաղիկներով՝ Կարմիր բանակին ընդունելու համար:

Գ.ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930