«Առավոտն» արդեն գրել է, որ իշխանությունների փոփոխությունից հետո փոխվել է կինո «Նաիրիի» բաժնետերերի խորհրդի կազմը։ Պետական փակ բաժնետիրական ընկերություն դարձած կինո «Նաիրիի» բաժնետերեր են նշանակվել գրող Ալվարդ Պետրոսյանը, հեռուստալրագրող Գագիկ Սիմոնյանը, տիկին Զոյա Շաքարյանը։
Երեկ կեսօրին վերջին երկուսը քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ այցելել էին «Նաիրի» կինոթատրոն։ Այցելել էին կինոթատրոնի նախկին ղեկավարությունից ընդունման-հանձնման միջոցառումն իրականացնելու։
Քաղաքապետարանը ներկայացնում էին մշակույթի վարչության պետ Արա Երնջակյանը ( իր հայտնի ձիգ փողկապով) եւ մի ֆինանսիստ (վերջինս այդպես ներկայացավ ու նշեց, որ ինքն արձակուրդի մեջ է)։ Հին ու նոր ղեկավարությունների միջեւ բանակցությունները վարվեցին կինոթատրոնի նախասրահում՝ սուրճի սեղանի շուրջ։ Ներկա էին նաեւ կինոթատրոնի այժմ արդեն նախկին տնօրեն Սամվել Սարիբեկյանը եւ նոր նշանակված տնօրենը՝ երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը։ Բանակցություններն ավելի շատ մասնավոր զրույց էին հիշեցնում, քան պաշտոնական միջոցառում։
Զրույցից մոտ մեկ ժամ հետո քաղաքապետարանի ներկայացուցիչ ֆինանսիստն ընդունեց, որ քաղաքապետարանը պատշաճ հանձնաժողով չի կազմել «ընդունում-հանձնում» օպերացիան օրինական մակարդակով անցկացնելու համար։ Նա տեղում գրելու թուղթ խնդրեց եւ «կազմեց» այդ հանձնաժողովի կազմը։ Բանակցող կողմերը համաձայնեցին հանդիպման պաշտոնական մասը վերսկսել այդ հանձնաժողովի ձեւավորումից հետո։ Այս ընթացքում զրույցին խիստ ակտիվ մասնակցում էր սուրճի սեղանի շուրջ նստած մի քաղաքացի։ Կինոթատրոնի նախկին տնօրեն Սամվել Սարիբեկյանին մի քանի փորձից հետո հաջողվեց պարզել, որ այդ քաղաքացին «Երեւան» ստուդիայի ներկա տնօրեն, կինոթատրոնի ապագա աշխատակից Տիգրան Խզմալյանի հայրն է։
Կարդացեք նաև
«Բայց ի՞նչ գործ ունի այստեղ»,- զարմացավ Սամվել Սարիբեկյանը։ Երգիչ-տնօրեն Ռ. Հախվերդյանը հիմնավորեց, որ Տիգրան Խզմալյանը բաժնետեր է, իսկ երբ առարկություն լսեց, որ նրա անունը չկա բաժնետերերի ցուցակում, ավելացրեց. «Չէ՞, կլինի՞, ի՞նչ մի դժվար բան է, երկու ժամվա խնդիր»։ Այս ընթացքում «հին» տնօրեն Ս. Սարիբեկյանը փորձում էր նաեւ պարզել, թե ով է հրավիրել պետական հեռուստատեսության լրատվական ծառայության նկարահանող խմբին։ Ի վերջո, բաժնետեր Զոյա Շաքարյանն ասաց, որ դա իր նախաձեռնությունն է։ Հետո «հին» ու «նոր» տնօրենները Արա Երնջակյանի ուղեկցությամբ առանձնացան։
Բանակցությունների «փակ» փուլից հետո պետական հեռուստալրատվության աշխատակցուհին փորձում էր հարցազրույց վարել Սարիբեկյանի հետ։ Արա Երնջակյանը համարյա գոռալով լրագրողուհուն բացատրում էր, որ հուզված մարդու հետ հարցազրույց չեն անցկացնում. «Նա տաքացած մի երկու բան կասի, իսկ դուք ուզում եք խաչ քաշել մարդու կարիերայի վրա»։ Հետո տնօրեն Հախվերդյանը հայտարարեց, որ ինքը գնում է։
«Հանձնաժողովը թող կազմեն, ընդունում-հանձնումն անեն, ավլեն, մաքրեն ու պատրաստ հանձնեն ինձ»,- ասաց նա։ Բանակցող մի կողմի հեռանալուց հետո տնօրեն Սարիբեկյանը պետական լրատվության ներկայացուցիչներին բացատրեց իր զայրույթի պատճառը։ Նրա խոսքերով իշխանությունները խախտելով բաժնետիրական ընկերությունների մասին օրենքը խորհրդի նոր կազմում չեն ընդգրկել կոլեկտիվի անդամներին։ Հիշեցնենք, որ խորհրդի նախկին կազմում երեքից երկուսը կինոթատրոնի աշխատակիցներ են։ Սարիբեկյանը նաեւ նշեց, որ չի կարող «կինոաշխարհի» մարդ լինելով չանհանգստանալ կինոթատրոնի ճակատագրով։
Ինչեւէ, «Նաիրի» կինոթատրոնի շուրջ աբսուրդի թատրոնը շարունակվում է, եւ դրա ճիշտ ավարտին Երեւանը, հավանաբար, կկորցնի իր կինոթատրոններից մեկը։
ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ