Լրահոս
Օրվա լրահոսը

Իջնել-բարձրանալու գինը

Սեպտեմբեր 24,1998 00:00
Lift

Ս/թ սեպտեմբերի 7-ին, ժամը 16-ի սահմաններում անջատվել էին Եզնիկ Կողբացու 3 եւ նրան հարակից մի քանի շենքերի վերելակները։ Պարզվեց, որ պատճառը էներգիայի վարձը չմուծելն է։ Ըստ ՀՀ կառավարության թիվ 429 որոշման (6.10.97 թ.), որն ուժի մեջ է մտել 1998 թ. հունվարի 1-ից, վերելակների, մուտքերի էներգիայի վարձը չպետք է գանձվի բնակիչներից։ Սակայն էներգետիկայի նախարարությունը կամ տեղյակ չէ, կամ էլ հաշվի չի առնում կառավարության որոշումը։ Դեռ լավ է, որ ինչ-որ մեկն էլ չի մտածել շնչելու հարկ պահանջել։

Զանգահարեցինք 52-65-63 հեռախոսահամարով, որը էներգետիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար պրն Հարությունյանինն է։ Նախ ահաբեկեցին, թե իմ հեռախոսահամարը իրենց մոտ երեւում է եւ կտան համապատասխան մարմիններին՝ պատժելու համար։ Իրոք, հեռախոսահամարը ճիշտ կրկնեցին, սակայն, երբ այն իր ազդեցությունը չունեցավ, եւ նորից զանգահարեցինք, պրն Հարությունյանն ասաց հետեւյալը (մեջբերումը բառացի). «Ամեն ինչի համար պետք է վճարել, ինչպես վճարում եք հացի համար։ Գնացեք աշխատեք կամ վաճառեք ձեր կենտրոնի բնակարանը եւ բնակվեք Նորքի մասիվի ավելի ցածր հարկում, բնակարանը, որ ստանում էիք անվճար, ուրախանո՞ւմ էիք, մենք դատարանով ձեզնից կգանձենք այդ գումարները» եւ այլն…

Քանի որ, ինչպես պրն Հարությունյանը, այնպես էլ մյուս պարոնները չեն սիրում լսել դիմացինին, փորձում եմ նրանց ուշադրությունը դարձնել հետեւյալին։ Հարգելի պարոններ, մենք հացի համար վճարում ենք այնքան, որքան գնում ենք, երբ դրամ չենք ունենում, չենք գնում եւ բավական է այս անվճարունակ ժողովրդից պահանջել վճարել չաշխատած հեռախոսի, չստացած ջրի, չսպասարկված «սպասարկման վարձի», եւ ծիծաղելի է, թե ինչու քառ. մետրով, այլ ոչ անձերի թվով, կարծես թե շինարարական կամ այլ աշխատանքներ է կատարվում բնակարաններում եւ այժմ էլ վերելակի հոսանքի վարձը։ Վերելակից օգտվում են թե՛ ձեր աշխատակիցները, թե՛ մանր առեւտրականները, թե՛ փոստատարները, թե՛ պետական այլ աշխատողներ, թե՛ նաեւ ցածր հարկի բնակիչները եւ զանազան այցելուներ…

Կանգնել վերելակի մոտ ու արգելել, ինչպես առաջարկում է պրն Հարությունյանը, անհնարին է, իսկ առաջարկությունը ոչ այլ ինչ, քան տխմարություն։ Իսկ ի՞նչ է, Նորքի մասիվում չկա՞ն բարձրահարկ շենքեր եւ անվճարունակ բնակիչներ։ Ո՞ւր գնան նրանք, պրն Հարությունյան՝ գյո՞ւղ, թե՞ արտասահման։ Դուք է՞լ եք կարծում, որ ոչ միայն պաշտոն պետք է ստանան, այլ կենտրոնում պետք է ապրեն միայն սեւ խավիար կերած, գողությամբ ու թալանով հարստացած վճարունակ քաղաքացիները։ Սակայն չէ՞ որ այդ մեծահարուստները չեն մոռացել 1988 թ. երկրաշարժը եւ դժվար թե համաձայնվեն ապրելու պանելային, բարձրահարկ շենքերի բարձր հարկերում։ Ո՞վ է նրանց արգելում կառուցել սեփական դղյակներ ցանկացած տեղում։ Գուցե մեզ հուշեք, թե մենք ինչպես գանձենք մեզանից թալանված գումարները։

Եվ, վերջապես, որտե՞ղ է առաջարկում պրն Հարությունյանն աշխատել 30-ից բարձր տարիք ունեցող, ոչ բարետես, մինի շրջազգեստ չհագնող, սեւ խավիար չկերած կամ կերած, բայց ապացույցներ չունեցող մարդկանց։ Որոշ ղեկավար պաշտոնյաների մոտ ցինիզմը հասել է գերագույն աստիճանի եւ ժամն է նրանց «դաստիարակել», հետ վերցնելով մեզնից թալանվածը եւ ստեղծելով նույնպիսի պայմաններ, ինչպիսին ստեղծել են նրանք մեզ համար։ Գուցե կառավարությունը միտումնավոր եւ արհեստականորեն է ստեղծում այսպիսի անասելի պայմաններ, նշանակելով 3000 դրամ կենսաթոշակ ու պահանջելով մի քանի անգամ գերազանցող զանազան վարձեր՝ նրան քաղաքից հեռացնելու համար։

Իսկ ո՞ւմ հաշվին են կառուցվում դղյակները, ճոխ, արտասահմանյան ոճի կահույքները, թե՛ տանը, թե՛ հիմնարկներում, թանկ ավտոմեքենաները, օֆիսները եւ հեռախոսահամարը ցույց տվող ձեր հեռախոսները։ Ո՞ւմ վզին է նստած ձեր ուռճացած ապարատը, եթե ոչ մուրացկանության հասած ժողովրդի։ Որքան թույն ու ատելություն է կուտակված որոշ պաշտոնյաների մեջ՝ հանդեպ ժողովուրդը, որ ակամա հիշեցնում է երիտթուրքերի քաղաքականությունը. հայ ժողովրդին հեռացնել իրենց բնակավայրերից։

Դարձի եկեք, «Մեծապատիվ մուրացկաններ»-ի մեծապատիվ պարոններ, ժողովրդի համբերությունն էլ սահման ունի, այլապես կարժանանաք նրա եւ Աստծո դատաստանին։ Այսօրվա ձեր հակաժողովրդական որոշումները վաղը շրջվելու են ձեր եւ ձեր երեխաների դեմ։

ՄԱՌԱ ՅՈԼՉՅԱՆ

Նամակը ստորագրել է շուրջ 30 բնակիչ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930