ՀՀ սոցապ նախարար Գագիկ Եգանյանը վերջերս է վերադարձել Իտալիայից եւ իր տպավորություններն է հայտնում այդ երկրի սոցիալական չեղած խնդիրների եւ եղած առույգության շուրջ։ Իտալիա մեկնել էին նաեւ ԱԺ պատգամավոր, սոցիալական, առողջապահական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Գ. Ղարիբջանյանը եւ ԼՂՀ սոցապ նախարար Լ. Ղուլյանը։
Պարոնայք սոցիալական ոլորտի պատասխանատուները Իտալիա էին մեկնել Tacis-ի հնարավորություններով։ Իտալական եւ հայկական բնավորությունների ընդհանրությունն անմիջապես արձանագրվեց։ Ընտանիքասիրությունը հատկապես էր զարմացրել մեր սոցապ նախարարին. «Զարմանալի է, արեւմտյան կուլտուրա է, բայց մամա հասկացությունը, մամային պիտի զանգի, նույն աստիճանի է»։ Ուրեմն արձանագրենք. աղմկարարությամբ, զգացմունքայնությամբ, մամային սիրելով եւ այլնով իտալացիները նման են մեզ։ Հայերի եւ իտալացիների ընդհանրությունները հենց այստեղ սահմանափակվում են։ Իսկ սոցիալական հարցերը բոլորովին այլ զուգահեռների վրա են։
Մերոնք գնացել էին իմանալու, թե Իտալիայում ինչպես են դրված կառավարություն-նախարարություն-խորհրդարան հարաբերությունները։ Իտալիայի սոցապ նախարար պրն Տրուան հյուրերին ծանոթացրեց երկրի սոցիալական խնդիրներին։ Սոցիալական ապահովագրության հիմնադրամը (այսպիսին մենք դեռ չունենք) հզոր կառույց է։ Ըստ էության, սա գրեթե կենսաթոշակային հիմնադրամ է, սակայն, նախարարի վկայությամբ՝ անհամեմատ հզոր կառույց է։ Սոցիալական ոլորտի ընդհանրությունների մասին հարցին պատասխանելիս պրն Գագիկ Եգանյանը մի փոքր մտածեց. «Ընդհանրությունների մասին… Տարբերությունները… մի խոսքով «Լիմս» կազմակերպությունը, որն ապահովագրությամբ է զբաղվում, արդեն 90 տարվա պատմություն ունի, փորձառություն եւ կատարելագործված արդյունքներ։
Մենք դեռ նոր ենք ձեւավորում պարտադիր սոցիալական ապահովագրությունը, դեռ առաջին քայլերն ենք ուզում անել»։ Կայացած երկրների համար, այնտեղ, ուր կան կայուն տնտեսական հարաբերություններ, սոցիալական քաղաքականությունը բոլորովին այլ հարթության վրա է։ Այդպիսի երկրներում սոցիալապես անապահովները, որոնց հետ պետք է աշխատել, չեն ընդգրկում երկրի բնակչության 70%-ը. «10-12%-ը, ոչ ավելի»։ Այն պահին, երբ մեր խեղճ երկրի խեղճ սոցիալական աշխատողները քափուքրտինքի մեջ փորձում են գլուխ բերել ընտանեկան նպաստի գաղափարը, իտալացիներն իրենց տեղում առանց այդ նպաստի էլ խնդիր չունեն։ Նրանք չեն էլ լսել դրա մասին։ Աշխատանքի, սոցիալական ապահովության նախարարությունն Իտալիայում եւս սոցիալական քաղաքականության մշակողն է։
Կարդացեք նաև
1993 թվականից մեծ բարեփոխումներ են սկսվել կենսաթոշակային համակարգում ե՛ւ պարզեցման առումով, ե՛ւ ադմինիստրատիվ համակարգը փոքրացնելու։ Իտալիայում կենսաթոշակային 17 համակարգ կա։ Իհարկե, դրանք պատմականորեն ձեւավորված համակարգեր են, եւ ինչ-որ բան քանդելը դյուրին չի լինի։ Դա նույնն են, ինչ մեզ մոտ 0-ից սկսելը։ Նպաստների տեսակները եւ ապահովագրությունը գրեթե նույնն է, ինչ նախատեսվում է անցկացնել մեզանում։ Կենսաթոշակներն իտալացիների համար վաղուց արդեն ապահովագրական հիմքի վրա են։ Իտալիայի սոցիալական ապահովագրության նախարարության համակարգչային ցանցը հզորներից մեկն է Եվրոպայում, ցանկացած ինֆորմացիա շատ արագ եւ անսխալ գտնվում է։ Երկրի սոցիալական քաղաքականությանը ծանոթանալուց բացի, հայերը, հասկանալի է, նաեւ սնվել են։
Կերածները հայտնի իտալական սպագետին էր։ Իսկ խավիարասիրության մասին հարցս դեմ առավ սոցապ նախարարի բադրիջանասիրությանը. «Ես այստեղ էլ խավիար չեմ ուտում, բադրիջանի խավիարն ինձ համար միշտ էլ նախընտրելի է, բադրիջանի տարբեր տեսակները»։ Իսկ վերջին հաշվով իտալացիները շատ լավ տպավորություն էին թողել սոցապ նախարարի վրա։ Վերադարձին, հյուրերի իրերը տեղափոխելիս մի փոքրիկ միջադեպ գրավեց ամբողջ փողոցի ուշադրությունը։ Նույն իտալական աղմուկ-աղաղակը, նույն կռվարարությունը՝ «իտալացիները հայերից ոչ պակաս սիրում են երթեւեկության կանոնները խախտել»։
Այս կանոնները իտալացիները խախտում են մեզ նման, սակայն մեզ նման հակված չեն սոցիալական քաղաքականության կանոնները խախտել, հակառակ դեպքում նրանց սոցիալական ոլորտն այսքան կայացած չէր լինի (տարիքային տարբերությունը չհաշված)։ Ստացվում է, որ դեռ ճանապարհ ունենք անցնելու եւ կհասնենք, եթե կանոններն այսքան հաճախ չխախտենք։
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
Հ. Գ. Գագիկ Եգանյանը դեռ փոխնախարարության տարիներից ոտքով է գնում աշխատանքի։ Նրա ճանապարհին նաեւ սոցիալապես անապահովներ են հանդիպում։ Նույնիսկ հաշմանդամներից մեկի սայլակի անիվներն են փոխվել այս հանդիպումներից մեկի շնորհիվ։ Իսկ ընդհանրապես նախարարը քայլում է ոչ թե փողոցներում սոցիալական հարցերը լուծելու, այլ՝ ֆիզիկապես ավելի լավ վիճակում լինելու համար։