Հայաստանում ընթացող սեփականաշնորհումը սեպտեմբեր ամսին նոր փուլ մտավ։ «Առավոտի» «Դեղին էջեր» հավելվածում հրապարակվել էր, որ սեպտեմբերի 1-ի դրությամբ արդեն մարվել է ավելի վաուչեր, քան բաժանվել էր բնակչությանը։ Այսօր միասնական կարծիք չկա, թե իրականում որքան վաուչեր է 1994 թ. բաժանվել։ Պաշտոնական փաստաթղթերում որպես կանոն տարբեր թվեր են նշված։
ՀՀ օրենքում արձանագրված է, որ բաժանվել է մոտ 3 մլն 151 հազար հատ։ «Հայխնայբանկի» վարչության նախագահի 30.05.97 թ. ստորագրված թիվ 12/2-26 գրության համաձայն, բաժանվել է ավելի շատ՝ 3 մլն 187 հազար հատ։ Սրանով վաուչերների քանակի մասին պաշտոնական հակասական տեղեկատվությունը չի սահմանափակվում։ Օրինակ, ֆինանսների նախարարի առաջին տեղակալի թիվ 21-05-01 գրությունը պնդում է, որ 97 թ. հունվարի 31-ի դրությամբ ոչնչացվել է մոտ 505,5 հազար սերտիֆիկատ։ Նույն ժամանակահատվածի մասին գրելիս «Հայխնայբանկի» վարչության նախագահը նշում է, որ մարվել է մոտ 470,6 հազար սերտիֆիկատ։ Տարբերությունը մոտ 35 հազար է։
Անցած տարի այս հակասությունները արձանագրել էր նաեւ Ազգային ժողովի վերահսկիչ պալատը։ Հակասական տվյալներ կան նաեւ վաուչերների մարման մասին։ Ըստ գլխավոր գանձապետի 21-4-01 գրության, առաջին վաուչերների ոչնչացման առաջին գործողությունը տեղի է ունեցել 1996 թ. ապրիլին, երկրորդը՝ 96-ի օգոստոսին։ Ֆինանսների նախարարի տեղակալի մեկ այլ գրության մեջ նշված է, որ այդ առաջին եւ երկրորդ ոչնչացման ակտերի միջեւ եղել է նաեւ «երրորդը»՝ 96 թ. հունիսին։
Տարօրինակ զուգադիպությամբ նշվում է, որ այդ «երրորդի» ընթացքում այրվել է մոտ 35 հազար հատ։ Այս հակասությունները բնականաբար հասարակական ակտիվ խոսք ու զրույցի թեմա էին։ Խոսվում էր այն մասին, որ վաուչերները մարվելուց հետո էլ երկրորդ անգամ մտցվում են շրջանառություն։ Այն ժամանակ դա այնքան էլ իրական չէր թվում։ Հիմա պատկերը կտրուկ փոխվել է։ Սեփականաշնորհման սերտիֆիկատները «ուժի մեջ են» մինչեւ այս տարվա վերջ։ Դրանց խմբաքանակը հիմնականում դուրս է եկել շրջանառությունից, շուկայական արժեքը կտրուկ մոտեցել է անվանական արժեքին։
Կարդացեք նաև
Հասարակությունը հանգիստ սպասում է, թե ե՞րբ է պաշտոնապես հայտարարվելու, որ մարվեց ավելի շատ վաուչեր, քան պաշտոնապես բաժանվել է։ Քաղաքակիրթ երկրներում արժեթղթեր թողարկելիս միշտ հաշվի է առնվում, որ տեղաբաշխված (կամ բաժանված) արժեթղթերի 3-5 տոկոսը հետո մարման չի ներկայացվում։ Բաժնետոմսերի այդ մասը պարզապես կորչում է։ Բայց դա՝ քաղաքակիրթ աշխարհում։ Իսկ աշխարհի մյուս հատվածում պատկերն այլ է։ Այսօր, օրինակ, մեր պաշտոնյաները շատ են սիրում հիշեցնել վաուչերների մարման ռուսաստանյան օրինակը։
Ռուսաստանում սեփականաշնորհման վաուչերային փուլի ավարտից հետո պարզվեց, որ 400 հազար հատ այդ արժեթղթերից ավելի շատ է մարվել, քան բաժանվել է։ Ընդունեք, որ սա արդարանալու համար լուրջ փաստարկ չէ։ Հայաստանում վաուչերների թե՛ բաժանողը, թե՛ մարողը, թե՛ ոչնչացնողը նույն «Հայխնայբանկն» է։ Այս կառույցի նկատմամբ խոսակցությունները հնարավոր է, որ հիմքեր ունեին։ Հնարավոր է, որ այդ խոսակցություններին հավատում էր նաեւ Հրանտ Բագրատյանի կառավարությունը։ 1995 թ. նախատեսվող վաուչերների բաժանում հանձնարարված էր իրականացնել ոչ թե «Հայխնայբանկին», այլ «Հայփոստ» ձեռնարկությանը։
Միջոցառումներն էլ ֆինանսների նախարարի փոխարեն ղեկավարելու էր տարածքային կառավարման նախարար Ռ. Բարսեղյանը։ Եվ այսպես, սեպտեմբերի 1-ի դրությամբ արդեն մարվել է 3 մլն 151 հազար վաուչեր։ Այս շուկային հետեւող մասնագետների կարծիքով, շրջանառության մեջ դեռեւս մնացել է 75-100 հազար վաուչեր։ Այս օրերին տարադրամի փոխանակման կետերը դրանք գնում են 19500 եւ վաճառում 19800 դրամով։ «Երեւան» կինոթատրոնի հարեւանությամբ գտնվող փոխանակման կետերում միշտ էլ հնարավոր է պատվիրել՝ 1-2 օրում հավաքել մի քանի հարյուր վաուչեր։ Իսկ այն, որ մարված վաուչերների քանակը գերազանցել է բաժանվածը, «Առավոտը» տպագրել էր «Դեղին էջերում»։
Իսկ «Դեղին էջեր» կարդալ սիրում են բոլորը, հատկապես պետական պաշտոնատար անձինք։ Արդեն մի քանի տարի է՝ յուրաքանչյուր ամսվա 1-ին եւ 15-ին սեփականաշնորհման նախարարությունը (նախկինում՝ վարչությունը) պարբերաբար հրապարակում էր, թե այդ օրվա դրությամբ որքան վաուչեր է մարվել։ Սեպտեմբերի 15-ի տվյալները չհրապարակվեցին։ Չեն հրապարակվել՝ առաջին անգամ եւ բնականաբար տեխնիկական պատճառներով։ Չնայած որ այս նախարարությունը «շահագրգիռ» կողմ չէ։ Շահագրգիռ կողմերին՝ ֆիննախարարությանը եւ «Հայխնայբանկին» լուրջ ու բարդ աշխատանքներ են սպասվում։ Թվերն, ի վերջո, կարգավորել է պետք։
ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ Հ. Գ. «Առավոտի» երեկվա համարում այս հոդվածի անոնսն արդեն որոշակի «արձագանքներ» ունեցավ։ Նախ սեփականաշնորհման նախարարությունը հրապարակեց, որ սեպտեմբերի 23-ի դրությամբ արդեն մարվել է 3 մլն 171 հազար 800 սերտիֆիկատ։ Իսկ այսօր, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, ֆինանսների նախարարությունում խորհրդակցություն է անցկացվելու։ Հոդվածի վերջում նշված «լուրջ ու բարդ աշխատանքներն» հավանաբար սկսվում են։ Փորձագիտական տվյալներով այսօր շրջանառության մեջ մնացել է առնվազն 15-20 հազար սերտիֆիկատ։ Դրանց ոչ օրինական մարումը գնահատվում է 600-800 հազար դոլար։ Բավական լուրջ թիվ է պետբյուջեի վրա բարդելու համար։