Լրահոս
Օրվա լրահոսը

«Այլախոհ» Սահակյանը եւ վհուկների որսը

Սեպտեմբեր 24,1998 00:00
Karapet Rubinyan

ՀՀՇ Շենգավիթի կազմակերպության ընդհանուր ժողովը սեպտեմբերի 20-ին հանդես եկավ հայտարարությամբ

Քննարկելով ՀՀՇ կուսակցությունում ստեղծված վիճակը եւ Շենգավիթի ՀՀՇ կազմակերպության խնդիրները, ՀՀՇ Շենգավիթի ընդհանուր ժողովն արձանագրում է.

1. Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը ներիշխանական խորը ճգնաժամի տրամաբանական հետեւանքն էր։ Ճգնաժամի առաջին մեղավորը, անշուշտ, ինքը՝ Լ. Տեր-Պետրոսյանն էր, սակայն մեղքի զգալի մասը կրում է ՀՀՇ վարչությունը եւ նրա ղեկավարությունը։

2. ՀՀՇ վարչության «ետհրաժարական» շրջանի գործունեությունը կրում է ակնհայտ անկամ եւ հարմարվողական բնույթ. իրականացվում է ՀՀՇ-ն քաղաքական թատերաբեմից հեռացնելու եւ գործադիր իշխանության «թեւերից» մեկի կցորդը դարձնելու անթաքույց ծրագիր։

3. Ստեղծված անառողջ մթնոլորտը հետեւանք է ոչ թե կուսակցության մեջ գաղափարական լիդերության համար մղվող բնական պայքարի, այլ նեղ անձնական նպատակների համար կուսակցությունը օգտագործելու ոմանց բուռն ցանկության։

Շենգավիթի ՀՀՇ կազմակերպությունը լրջորեն անհանգստացած լինելով ստեղծված վիճակով եւ կուսակցության հերթական եւ մոտալուտ տրոհման ակնհայտ նախանշաններով, պատրաստակամություն հայտնելով անել ամեն հնարավորը կանխելու կուսակցությունը վերացնելու կամ խամաճիկացնելու վտանգը՝

1. Կոչ է անում ՀՀՇ վարչությանը հրավիրել եւ երկամսյա ժամկետում անցկացնել ՀՀՇ հերթական հաշվետու վերընտրական համագումար, դադարեցնել «վհուկների որսը» կազմակերպության ներսում, ստեղծել կարծիքների ողջ սպեկտորը ներկայացնող համագումարը նախապատրաստող խումբ։

2. Դատապարտում է ՀՀՇ վարչության եւ Շենգավիթի ՀՀՇ կազմակերպության անդամներ Ալեքսան Հակոբյանի եւ Կարապետ Ռուբինյանի վարչության անդամության կասեցումը առանց հարցի քննարկման եւ վարչության անդամ Արա Սահակյանի նույն ոճով վտարումը ՀՀՇ-ից։

«Առավոտի» խնդրանքով հայտարարությունը մեկնաբանում է ՀՀՇ Շենգավիթի կազմակերպության անդամ Կարապետ Ռուբինյանը։

-Կազմակերպությունը որոշել է այդ հայտարարությունն անել ձեր խորհրդարանական գործընկեր Արա Սահակյանին ՀՀՇ շարքերից հեռացնելու պատճառո՞վ։

-Արա Սահակյանի հեռացումը իրադարձությունների շղթայի վերջին օղակն է։ Արդեն ակնհայտ է դարձել, որ Վանո Սիրադեղյանը որոշել է ՀՀՇ-ում ձերբազատվել այլախոհներից։ Հենց այդ պատճառով էլ, ասենք, 8 ամիս Ալեքսան Հակոբյանի եւ իմ դարակի մեջ պահված դիմումները ՀՀՇ վարչությունում մեր անդամությունը կասեցնելու մասին, հանկարծ որոշեց բավարարել։ Նույն պատճառով ակնհայտորեն մտացածին եւ միգամած ձեւակերպումներով կուսակցությունից հեռացվեց Արա Սահակյանը։

-Ստացվում է, որ պրն Սահակյանն այլախո՞հ է։

-Քանի որ նրան իր բացակայությամբ ազատեցին ՀՀՇ վարչության նախագահի տեղակալի պաշտոնից եւ հետո՝ կուսակցությունից, ուրեմն նա իրենց մարդը չէր։ Իսկ ՀՀՇ վարչությունը, ցավոք, դարձել է մի դերասանի թատրոն եւ ղեկավարվում է Վանո Սիրադեղյանի միանձնյա կամքով։ Ամբողջ «ետհրաժարական» շրջանում կուսակցությունն այդպես էլ իր մեջ ուժ չգտավ վերլուծել տեղի ունեցածը եւ համապատասխան հետեւություններ անել։ Առայսօր ՀՀՇ-ն նույնիսկ չի կողմնորոշվել՝ ինքն ընդդիմադի՞ր է, թե՞ իշխանամետ։ Պաշտոնապես չպաշտպանելով նախագահական ընտրություններում ոչ մի թեկնածություն, վարչության մի քանի անդամ, այդ թվում նաեւ Սիրադեղյանը, գաղտնի պաշտպանում էին եւ օգնում Ռոբերտ Քոչարյանին։ Այժմ ՀՀՇ-ի ղեկավարը միանձնյա որոշում է ընդունել քաղաքական խորհրդում կուսակցության մասնակցության մասին, չնայած կուսակցությունն այդ հարցում իր խոսքը չի ասել եւ չի որոշել՝ արդյոք մասնակցելո՞ւ է ՔԽ կոչվող ֆարսում։

-Արդյոք վարչության անդամները տեղյա՞կ էին, որ Շենգավիթի կազմակերպությունն ընդհանուր ժողով է հավաքում այս հարցով։

-Իհա՛րկե, նրանք հրավիրված էին, բայց չեկան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930