Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼՈՒԽՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆ Է, ԴԱ ՄԻ ՕՐ ԿՎԵՐԱՑՆԵՆՔ»

Սեպտեմբեր 24,1998 00:00

Երեկ տեղի ունեցավ ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի հերթական նիստը։

Քանի՞ տարի տալ նախագահին

Աշխատանքային խումբը ներկայացրեց նախորդ նիստում եղած առաջարկների եւ այլնի վերաբերյալ տեսակետներ։ Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանի ելույթի սկիզբը չլսեցի, քանի որ ուշացել էի, եւ ինքս ինձ չեմ կարող ներել։ Ինչեւէ: Գործող սահմանադրության 49-րդ հոդվածի շուրջ տարակարծություններ չծագեցին. «ՀՀ նախագահը պետության գլուխն է…» եւ այլն։

Նախագահի պաշտոնավարման ժամանակահատվածի վերաբերյալ եղել էին մի շարք առաջարկներ՝ 3, 4, 5 տարի։ Պարույր Հայրիկյանի կարծիքով «ժողովրդի անմիջական մասնակցությամբ գործադիր իշխանության գլխավոր պատասխանատուի ընտրությունը եւ նրա պատասխանատվության զգացումը մեծացվում է ժամանակի կրճատումով, աննպատակահարմար ենք համարում երեք տարին։

Քանի որ մեր մոտեցումը սկզբունքորեն ընդունվեց, այսինքն որոշվեց ունենալ պետության գլուխ եւ առանձին գործադիր իշխանության ղեկավար… նույնիսկ հինգ տարին համարում ենք մի քիչ շատ Հայաստանի պես պետության համար։ Մենք 20 տոկոսով ավելացնում ենք ժողովրդավարությունը, եթե 5 տարին դարձնում ենք 4 տարի»։ Ի դեպ, այս կարծիքի հետ այնքան էլ համաձայն չէր Միքայել Գրիգորյանը, որը մասնավորապես ասաց. «Ես չեմ կիսում այս պարագայում ձեր տեսակետն այն մասին, թե ընտրությունների ժամկետը կրճատելով նպաստում ենք ժողովրդավարությանը…»։

«Էլ ժողովուրդը բան ու գործ չունի, պետք է ընտրությունների մասնակցի» ռեպլիկը մի թեթեւ թարմացրեց ներկաներին։ Իսկ պարոն Հայրիկյանի կարծիքով. «Որքան շատ ընտրություններ (իհարկե, ոչ անհեթեթ աստիճանի, որ ամեն տարի ընտրություններ լինեն), այնքան շատ մասնակցություն երկրի կառավարմանը քաղաքացիների կողմից»։ Տարբեր ընտրությունների ժամկետների համընկնման մասին անհաջողությունը, պարզվեց, անտեղի չէր, եթե նախագահին տրվի դարձյալ 5 տարի, փաստորեն 2003 թվականին կունենանք համատեղ ընտրություններ։ Այս հաշվարկը արեց Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը։

Հարցի վերաբերյալ եղած առաջարկը՝ նախագահին տալ կառավարման 4 տարի ժամկետ, չընդունվեց։ Հանձնաժողովի 19 անդամներից 12-ը դեմ քվեարկեցին։ Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը մինչ քվեարկությունն առաջարկեց հարցը չդնել քվեարկության եւ սպասել հնարավոր կողմ կամ դեմ փաստարկներին։

Պապայի արե՞ւ, պարտավորվո՞ւմ եմ, երդվո՞ւմ եմ…

Ինչ խոսք ասի ՀՀ նախագահը իր պարտականություններին անցման առաջին օրը։ Ի՞նչ ասի՝ երդվի՞, պարտավորվի՞, թե՞ Գագիկ Ջհանգիրյանի սրամիտ կատակին ունկնդիր «պապայի արեւ» ասի։ Հանձնաժողովի անդամներից Միքայել Գրիգորյանը բազմաթիվ բառարաններ է նայել եւ ոչ մեկում չի գտել երդվել բառի այլ համարժեք։ Իսկ «երդում»-ը հանձնաժողովի անդամներին այնքան էլ հոգեհարազատ չէ, քանի որ, ըստ նրանց՝ «Աստվածաշնչի» շունչ է զգացվում։ Հանձնաժողովի անդամ պարոն Թորոսյանը չէր հասկանում, թե «ինչո՞ւ ենք փորձում երդում բառը սեղմել, կենտրոնացնել մեկ հասկացության մեջ։

Մեր ժողովուրդը շատ լավ հասկանում է, թե ի՞նչ է նշանակում նախագահի երդումը, «Աստվածաշնչյան» երդումը, ժողովրդի երդումը»։ Քննարկումներից հետո 13 մարդ կողմ քվեարկեց «երդվում եմ» եւ «պարտավորվում եմ» բառերին։Պարույր Հայրիկյանի կարծիքով «բնական է, որ «երդում» բառը պետք է 13 ձայն ստանար»։ Հանձնաժողովի 10 «կողմ», 6 «դեմ» եւ 3 «ձեռնպահ» անդամների ջանքերով ՀՀ նախագահի երդման տեքստից դուրս գրվեցին «ժողովրդի կամքով» բառերը։

Նախագահ-Ազգային ժողով

Ե՞րբ հնարավորություն կտրվի ՀՀ նախագահին արձակել ԱԺ-ն։ Սահմանադրության 55 հոդվածի 3-րդ կետը հռչակում է. «ԱԺ-ի անգործության դեպքում, որի մասին նախագահի դիմումի հիման վրա եզրակացություն է տալիս ՍԴ-ն…», շարունակությունն՝ ինչպես տեքստում։ Ֆելիքս Թոխյանի խոսքից պարզվեց, որ այս հարցի լուծումը տարբեր երկրներում տարբեր է։ Այս հարցը եւս բուռն բանավեճ առաջացրեց, քանի որ, ըստ էության, չափազանց դժվար է կողմնորոշվել, թե ե՞րբ է ԱԺ-ն աշխատում եւ երբ՝ ոչ։

Գագիկ Ջհանգիրյանը խիստ մանրամասնեց այս հարցը, ասելով, թե անգործությունը ֆիզիկական անձին վերաբերող կատեգորիա է եւ իրավաբանական անձին չի վերաբերում։ Տեղից Ֆ. Թոխյանը պնդեց, թե՝ վերաբերում է։ Պարոն Ջհանգիրյանը մասնավորապես ասաց. «…որովհետեւ քաղաքական ուժերը բոյկոտում են։ Բայց քանի օր ժ. 10-ին հինգ պակաս գալիս են, լավ նստում են նիստերին, բուֆետում էլ լավ ուտում են, վերջում էլ լավ դեմ են քվեարկում-գնում են, ԱԺ-ն գործում է։ Հիմա էս նախագահը պիտի 4 տարի նստի-սպասի, մինչեւ ԱԺ-ից պրծնի, հա՞…»։ «Չէ, ինքը պիտի հրաժարական տա…»,- արձագանքեց Հայրիկյանը։ Բուռն ծիծաղն ու քրքիջը մի լավ թարմացրին եւ՛ լրագրողներին, եւ՛ հանձնաժողովի անդամներին։ ԱԺ-ն արձակելու մեխանիզմը, ըստ պարոն Ջհանգիրյանի, խիստ կարեւոր է քաղաքական հակասություններից, իրավիճակներից դուրս գալու համար։ Եղավ առաջարկ՝ այս ոլորտում նախագահի լիազորությունները չսահմանափակել։

Պարույր Հայրիկյանը հիշեցրեց ներկաներին, որ երբ երեք ամիս առաջ ՀՀ նախագահը որոշեց ստեղծել իրենց հանձնաժողովն, արձանագրեց, որ իր առջեւ խնդիր է դնում ինչ-որ չափով սահմանափակել նախագահի իրավասությունները։ Ասվեց նաեւ՝ «մինչեւ այսօր մեր աշխատանքների ընթացքում որեւէ քայլ չենք արել այդ ուղղությամբ…»։ Իսկ նախագահի ուզածը մոտավորապես հետեւյալն է. արձակելու իրավունքը պահպանել, բայց ժողովրդից հստակ լիազորություն ստանալ։ Այստեղ կիսատ թողեցի նիստը եւ հետագա ընթացքի մասին ոչինչ ասել չեմ կարող։

Հանձնաժողովում կային պասիվ եւ ակտիվ անդամներ, իսկ երբ առաջարկ արվեց՝ հարցերից մեկը կրկին վերադարձնել եւ խնդրել, որ աշխատանքային խումբը մեկ անգամ էլ քննի, պարոն Ջհանգիրյանը վրդովվեց եւ, ի պաշտպանություն իր կոլեգաների, ասաց. «Աշխատանքային խումբը մեզ պարտք չէ։ Էս մարդիկ հասարակական կարգով են աշխատում, ոչ մի վարձատրություն չեն ստանում։ Ես էլ կոչ կանեմ քաղաքական կուսակցություններին մի քիչ ակտիվ լինել, ընդհանուր դեկլարատիվ ելույթների փոխարեն արվեն կոնկրետ առաջարկություններ»։

Աշխատանքային խմբի առաջարկությունները ՀՀ Սահմանադրության 3-րդ գլխի վերաբերյալ ընթացան բուռն աշխատանքային մթնոլորտում։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930