Լրահոս
Օրվա լրահոսը

«ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ, ԸՄԲՌՆՈՒՄՈՎ ՄՈՏԵՆԱՔ ՄԵՐ ԿԵՑՎԱԾՔԻՆ»

Սեպտեմբեր 24,1998 00:00
Sergey Badalyan

Երեկ հրավիրված ասուլիսում այս կոչով դիմեց լրագրողներին Հայկոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Սերգեյ Բադալյանը. «Ես, իհարկե, հասկանում եմ, որ ձեր մեջ մարդիկ կան, որոնք համապատասխան վերաբերմունք ունեն մեր գաղափարախոսության եւ կուսակցության նկատմամբ, բայց եկեք դեն նետենք այդ բոլոր նախապաշարումները»։

Սակայն չէր հաջողվում «ըմբռնումով մոտենալ», երբ լսում էիր, թե Ռուսաստանի կոմկուսի կենտկոմի 10-րդ պլենումից վերադարձած Հայաստանի կոմունիստների առաջնորդն ինչպես էր թեւավորված պատրաստվում իր ռուս գործընկերներից հետ չմնալու համար «ժողովրդի անվտանգության եւ նրա փրկության» սուրբ նպատակներով շիկացնել մթնոլորտը։ Եվ իբրեւ պատրվակ մատնանշվող իրողությունների մեջ որեւէ նոր բան չկար։

Հայաստան. վիճակ

Բոլորովին միտք չունենք Սերգեյ Բադալյանին գրագողության մեջ մեղադրել, սակայն, որքան հիշում ենք, նրա օգտագործած այս մի արտահայտությունը՝ «իշխանությունն իր համար գոյություն ունի, ժողովուրդն՝ իր դժվարությունների մեջ է տապակվում»՝ Վիգեն Խաչատրյանի համանման մի արտահայտության փոքր-ինչ ձեւափոխված տարբերակն է։ Իհարկե, հնչեցին նաեւ սեփական գնահատականներ առկա իրողությունների վերաբերյալ. «Մենք տեսնում ենք, որ փաստորեն փակուղային իրավիճակ է Լեռնային Ղարաբաղի պրոբլեմի շուրջ։ Անհասկանալի հայտարարություններ են կատարվում այս կամ այն պետական գործիչների կողմից»։

Արտաքին քաղաքականության մեջ իբրեւ «անընդունելի որոշում» որակվեց «Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական դաշինքից հեռացումը դեպի Արեւմուտք։ Ցավոք սրտի, այդպիսի ելույթներ նշմարվում են այսօրվա նորընտիր նախագահի կողմից վարվող քաղաքականության մեջ»։ Ասվեց, որ «Մոսկվայում նույնպես ակտիվորեն տեսնում են այդպիսի միտումները»։ Իրավիճակը բնութագրելու համար պրն Բադալյանը ստեպ- ստեպ օգտագործում էր «խրախճանք ժանտախտի ժամանակ» արտահայտությունը։ Ի դեպ, «խրախճանք» էին որակվում սեպտեմբերի 21-ի տոնախմբությունները. «թվացյալ բավարարվածության մթնոլորտ էին ստեղծել»։

Այսօրվա հանրահավաքի առնչությամբ էլ ՀԿԿ կենտրոնական կոմիտեի տարածած հայտարարության մեջ նշվում է. «Աննախընթաց ծաղկում են կաշառակերությունն ու անբարոյականությունը։ Ավելի ու ավելի է մոլեգնում մաֆիան։ Գործարանները լուռ են, դաշտերը՝ չցանված»։ «Առավոտը» խնդրեց որոշակի եւ ստույգ փաստերով հիմնավորել այս պնդումները։

Ի պատասխան, պրն Բադալյանն առաջարկեց. «Գնացե՛ք , տեսե՛ք Արարատյան դաշտավայրը։ Տեսեք ինչ վիճակում է մեր գյուղացին, որին ջրից են զրկում եւ սրա ապացույցը պետք չէ»։ «Չցանված դաշտերի» առնչությամբ միայն այսքանն ասվեց, իսկ մնացածի վերաբերյալ օրինակ բերվեց կոնյակի գործարանի վաճառքը («Դա մաֆիոզ գործարք է,- ասաց կոմունիստների առաջնորդը,- եթե Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք ալան- թալանը գոնե կատարվում էր (եթե դա կարելի է մխիթարանք համարել)՝ ի օգուտ տեղական մաֆիայի, այսօր ազգային ունեցվածքի ամենայուղոտ կտորները գնում են դեպի Արեւմուտք»), Սփյուռքի հետ նախագահի շփումները միայն Դաշնակցությամբ սահմանափակելը, բանակում թոքախտի տարածումը, խոլերայի համաճարակը, գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի սպանությունը եւ այլն։ «Սա իսկապես ժանտախտ է եւ անբարոյականություն։ Եվ դուք համարում եք, որ սա հանդուրժելի՞ է»,- դիմեց մեզ պրն Բադալյանը։

Ռուսաստան. վիճակ

«Մեր գործողություններն, իհարկե, համահունչ են այն գործընթացներին, որոնք տեղի են ունենում Ռուսաստանում»,- անկեղծորեն խոստովանեց պրն Բադալյանը եւ փորձեց մեզ փոխանցել իր տեսածն ու լսածը, թե իրոք ինչ է կատարվում այնտեղ։ Միայն մասնակի մեջբերումներ կատարենք. «Ամբողջ աշխարհով մեկ եւ երկրով մեկ այսօր (նախկին երկիրը նկատի ունեմ՝ Սովետական Միության տարածքով մեկ) ազնիվ մարդիկ ոնց որ ջՈՑՈՌՉ ՊօւՈվՌպ սպասում են, թե ինչպես է ավարտվելու այն պայքարը, որը տեղի է ունենում Ռուսաստանում։

Չի բացառվում նաեւ բանակին մոտիկ կանգնած ուժերի մասնակցությունն այդ (հոկտեմբերի 7-ի- Ա. Ի.) բողոքի ցույցերին։ Անգամ ոչ կոմունիստական թերթերն են այսօր նշում, թե գերակշռող մեծամասնությունն արդեն հասկանում է, որ Ռուսաստանը կարող են փրկել կարմիրները կամ գոնե վարդագույնները։ Սովը կանգնած է Ռուսաստանի դռան մոտ։ Մամուլում բավականին ակտիվ տարածվում է, որ այսօրվա Նիկոլայ Երկրորդը, որը լրիվ ի վիճակի չէ երկիրը ղեկավարել՝ դա Ելցինն է, որ Ալիսա Ֆյոդորովնան (նրա կինը)՝ դա Տատյանա Դյաչենկոն է։ Իսկ Ռասպուտինն էլ, իհարկե, Բերեզովսկին է։ Ես համարում եմ, որ սա դեռ կարմիրների վերադարձը չէ։ Հետդարձի հնարավորություններ դեռ կան։

Պրիմակովը մեծացել է Թբիլիսիում, բայց հայկական միջավայրում։ Եվ ինձ հետ վերջին զրույցներից մեկի ժամանակ ասաց. «Դու գիտես, թե ես ինչքան լավ գիտեմ Հայաստանի պատմությունը եւ հայ ժողովրդի հոգեբանությունը»։ Ուշ թե շուտ՝ մենք չոքեչոք ենք գնալու դեպի այդ նոր միություն, դեպի Ռուսաստան։ Ուրիշ ելք չունի Հայաստանը։ Վերջերս մի ռուսաց պատմաբանի ասացվածք ընթերցեցի, որ պատմությունը դա ուսուցիչ չէ՝ պատմությունը դա մի դաստիարակող է, որի դասերը եթե չես ընդունում՝ նա քեզ ծեծում է դրա համար։ Ուրեմն, այսօր Ռուսաստանն այդ օրինաչափության համապատասխան դուրս է գալիս իր ճգնաժամից՝ ի սարսափ իր թշնամիների եւ ի փառս իր բարեկամների ու առաջին հերթին, մեզ՝ հայերիս»։

Այլ ծանոթ վիճակներ

Եվ նորից պրն Բադալյանը կրկնեց, թե նախագահական ընտրություններում Դեմիրճյանի տոկոսներն էլ են իրենը։ Մեկ անգամ եւս հերքեց Դավիթ Շահնազարյանի հետ Հայկոմկուսի դաշինքի հնարավորությունը եւ այդ լուրը հրապարակած «Երկիր» օրաթերթին «դեղին մամուլ» անվանեց։ Հիշեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանի վարկանիշն այժմ շատ ցածր է. «Նրա քայլերը բոլորովին չեն ընկալվում ժողովրդի կողմից։ Օտարոտի վերաբերմունք է նրա կողմից ժողովրդի նկատմամբ եւ հակառակը»։ Հայտնեց, որ կոմունիստների նոր՝ «Պրավդա Արմենիի» շաբաթաթերթի խմբագիր է հաստատվել Ռեմ Անանիկյանը։ Ծանուցեց, որ Ռուսաստան-Բելառուս միությանը Հայաստանի մաս կազմելու խնդրով նոր հարցում անցկացնելու նախագիծ են մշակում. «Մենք դա կենաց-մահու խնդիր ենք համարում»։ Այսպես ամեն ինչից քիչ-միչ խոսելով փորձեց հիմնավորել, թե ինչու ՀԿԿ-ն «չի խուսափելու պահանջել կառավարության եւ Քոչարյանի հրաժարականը»։

Բայց նախեւառաջ, կոմունիստ պատգամավորներն իրենց ստորագրություններն են դրել նախագահի պաշտոնանկությունը պահանջող դիմումի տակ։ Եվ անգամ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հռչակագրի համապատասխան դրույթը հիշեցրեց, իբրեւ զգուշացում, թե ժողովուրդներն իրավունք ունեն ըմբոստանալ բռնապետության ու բռնատիրության դեմ։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930