Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրական բարեփոխման առաջարկ

Սեպտեմբեր 24,1998 00:00

Բոլորս գիտենք, թե ինչպես է ընտրվել ներկայիս Ազգային ժողովը, ինչով են իրականում զբաղվում մեր պատգամավորները եւ որն է նրանց մեծ մասի, այսպես ասած, բարոյաքրեական նկարագիրը: Դատելով ներկա իրավիճակից, ենթադրում եմ, որ 1999 թվականի ընտրությունների արդյունքում ավելի լավ կազմ չի հավաքվի, եւ խորհրդարանի մեծ մասը կկազմեն թաղային հեղինակությունները /թեկուզ փառապանծ անցյալ ունեցող/ եւ նրանց հովանավորյալները: Աստված տա, սխալվեմ:

Այդ բոլոր վերապահումներով հանդերձ, խորհրդարանը քաղաքակիրթ, ժողովրդավարական երկրներում հավաքվում է ինչ-որ հարցեր քննարկելու, որոշումներ ընդունելու, այս կամ այն խնդրով կառավարությանը, Սահմանադրական դատարանին, նախագահին դիմելու նպատակով՝ նույնիսկ, եթե այդ ամենն արվում է զուտ պոպուլիստական նկատառումներով: Ցավոք, վերջին շրջանում Ազգային ժողովի այդ սովորական, ռուտինային աշխատանքը հիվանդագին եւ ոչ ադեկվատ արձագանք է գտնում գործադիր իշխանության կողմից: Երբ քննարկվող հարցը կամ բանավեճի ընթացքը դուր չի գալիս այս կամ այն պաշտոնյային, նա անմիջապես սկսում է դա որակել որպես իրավիճակը ապակայունացնելու կամ լարվածություն ստեղծելու փորձ:

Այդ գնահատականները, կարծում եմ, չափազանցված են եւ չեն արտահայտում Ազգային ժողովի ներկայիս հասարակական կշիռը: Բայց քանի որ գործադիր իշխանության որոշակի նյարդայնությունը /ըստ իս, չպատճառաբանված/ առկա է, այն վերացնելու համար արմատական լուծում եմ առաջարկում: Փոխել սահմանադրությունը Բելառուսի տարբերակով, որտեղ խորհրդարանի պատգամավորներին նշանակում է նախագահը: Այդ դեպքում հնարավոր կլինի գտնել Պավլիկ Ասատրյանի նման ցանկացած իշխանությանը նվիրված եւ հուսալի մարդկանց, որոնք, բնականաբար, ոչ մի լարվածություն չեն ստեղծի: 190 հատ Պավլիկ Ասատրյանից կազմված խորհրդարանը ոչ միայն ծպտուն չի հանի, այլեւ ամբողջ օրը կփառաբանի կառավարության բոլոր քայլերը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930