Սեպտեմբեր 23-ին տեղի ունեցավ Քաղաքական խորհրդի հերթական նիստը, որին, այդ մարմնի գործադիր քարտուղար Հրանտ Խաչատրյանի վկայությամբ, մասնակցում էին բոլոր կուսակցությունները, բացառությամբ ՀՀՇ-ի եւ ՌԱԿ-ի։ Մեր զրուցակիցն ասաց, որ նրանք նախորդ նիստին մասնակցել են, իսկ այդ օրը բացակայելու պատճառները հայտնի չեն։
Հրանտ Խաչատրյանը նախ անդրադարձավ ՔԽ-ի եւ լրագրողների հարաբերություններին, տեղեկացնելով, որ իրենց կառույցի առած որոշման համաձայն, ՔԽ ամեն նիստից հետո գործադիր քարտուղարը եւ կուսակցությունների ներկայացուցիչներից ոմանք ճեպազրույց են ունենալու։ Իսկ կարեւոր հարցերի քննարկումների ավարտին ասուլիս կտա Քաղաքական խորհուրդն իր ողջ կազմով։ Սակայն, եթե նույնիսկ կարեւոր վճիռներ էլ չառնվեն, ապա, միեւնույն է, այդ ասուլիսները տեղի կունենան ոչ ուշ, քան երկու ամիսը մեկ։ ՔԽ-ն այս ռեժիմով է շփվելու մամուլի հետ։ Այս եղանակն է համարվել արդյունավետ շփման ձեւը։
– Պարոն Խաչատրյան, ըստ իմ ունեցած տեղեկությունների, այս վերջին նիստում քննության են առնվել ընտրական օրենսգրքին վերաբերող հարցեր։
– Այո, մենք այսօր խոսեցինք ընտրական օրենսգրքի հիմնադրույթների մասին։ Այսօր ասպարեզում կա ընտրական օրենսգրքի մի քանի նախագիծ, որոնք ներկայացված են Ազգային ժողով։ Քաղաքական խորհուրդը գիտե դրանցից երեքի մասին։ Երեք օրինագծերի համահեղինակները կամ հեղինակները ընդգրկված են ՔԽ-ում։ Խորհրդակցության արդյունքում եկանք այն եզրակացության, որ Քաղաքական խորհուրդը կարող է դառնալ այդ նախագծերի համաձայնեցումն ապահովող մարմին, որովհետեւ այդ նախագծեր ընդհանուր հայտարարի բերելու օբյեկտիվ հիմքեր կան։
Կարդացեք նաև
Ասեմ նաեւ, որ քննարկումը շատ նախնական էր, մենք ծանոթացանք նախագծերի հիմնադրույթներին։ Այս հարցը կապվում էր օրակարգային մյուս հարցի՝ հանձնախմբերի ձեւավորման հարցի հետ։ Նախնական քննարկումից հետո որոշվեց, որ ՔԽ-ն իր լիագումար նիստերում, 20 օրվա ընթացքում, մանրակրկիտ արծարծումներով վճիռների է հանգելու քաղաքական լուծումներ պահանջող հարցերի վերաբերյալ։ Դրանք են՝ որքա՞ն համամասնական եւ որքա՞ն մեծամասնական պատգամավորական տեղեր պետք է լինեն Ազգային ժողովում, ի՞նչ սկզբունքով պետք է ձեւավորվեն հանձնաժողովները, ինչպիսի՞ն պետք է լինի ֆինանսների դերը ընտրություններում եւ ինչպիսի՞ն պետք է լինեն ընտրական ծախսերի վերահսկողության մեխանիզմները։ Խոսվեց նաեւ, որ նոր ընտրական օրենսգրքում անպայմանորեն սահմանվի պատասխանատվություն ընտրությունների արդյունքների կեղծման համար։
Պետք է միարժեքորեն արձանագրել, որ բոլոր նախագծերի հեղինակներն էլ ունեն նմանատիպ ձգտումներ, որոնք պարզապես պետք է ընդհանուր հայտարարի բերել։ Հարկ եմ համարում նշել, որ, նկատի առնելով խնդրի կարեւորությունը, ինչպես նաեւ Ազգային ժողովում խնդրի քննարկման մոտակա հեռանկարը, մենք պետք է ձգտենք հարցի վերաբերյալ արդեն 20 օր հետո ունենալ վերջնական եզրակացություն։ Իսկ ընտրական օրենսգրքի նախագծերը համադրելու գործում մանրակրկիտ աշխատանք պետք է ծավալի մեր համապատասխան հանձնախումբը, որպեսզի հնարավորության դեպքում օրինագիծն ԱԺ ներկայացվի մեկ միասնական փաստաթղթի տեսքով։ Այսինքն՝ խնդիր է դրված մաքրել բոլոր կոնյունկտուրային մոտեցումները, ինչը բոլոր կողմերին վստահություն կներշնչի, թե նախագիծ ներկայացնողը որեւէ շահադիտական նպատակ չի հետապնդում ընտրական օրենսգրքի իր տարբերակում։
– Բայց արդյո՞ք ձեր բոլոր քննարկումներն ամփոփվեցին բացառապես ընտրական օրենսգրքի շուրջ տեղի ունեցած խոսակցություններով։
– Ոչ իհարկե։ Նախնական պայմանավորվածությունները հանձնախմբերի կազմավորման հարցի շուրջ ձեռք էին բերվել ավելի վաղ։ Սկզբունքային որոշում եղավ մեկ շաբաթվա ընթացքում ձեւավորել մի քանի հանձնախումբ։ Դրանցից առավելապես կարեւորում ենք ներքին քաղաքական խնդիրների, Արցախի եւ արտաքին քաղաքականության, ազգային անվտանգության եւ ազգային գաղափարախոսության հայեցակարգերի մշակման եւ քարոզչության հանձնախմբերը։ Կարեւոր եմ դիտում նաեւ սոցիալ-տնտեսական քաղաքականության հանձնախմբի գոյությունը, որի ներսում պետք է ձեւավորվի երկու ինքնուրույն ենթահանձնախումբ՝ սոցիալական եւ տնտեսական քաղաքականության հարցերով զբաղվող։ Կստեղծվի նաեւ հանձնախումբ, որը կզբաղվի հոգեւոր մշակութային քաղաքականության հարցերով, իսկ վերջին հանձնաժողովը խնդիր կունենա մշակել ծրագրեր, որոնք կվերաբերեն կրթության եւ երիտասարդության ոլորտներին։ Այս շաբաթվա ընթացքում մենք կկազմակերպենք այդ բոլոր հանձնաժողովների առաջին կազմակերպչական նիստերը, որոնցում կուսակցությունները ներկայացված կլինեն մեկական ներկայացուցչով։
ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ