«Առավոտ» հասած տեղեկությունների համաձայն, օտարերկրյա վարկերի օգտագործման արդյունավետությունը ստուգող հանձնաժողովը մի փաստաթուղթ է ստացել, ըստ որի, էկոնոմիկայի նախարարի խորհրդական Նարեկ Մարտիրոսյանը ստացել է 2579 դոլար։ Պարզ չէ, այդ գումարը ի՞նչ իրավական հիմքերով է հատկացվել եւ հատկապես ի՞նչ խորհուրդների համար։ Բացի այդ, 1094 դոլար է հատկացվել նաեւ նախարարի օգնական Արտակ Բարսեղյանին։ Իսկ թարգմանչության համար տրամադրվել է 7837 դոլար։ Տեղեկացնենք, որ այս ամենը արհեստավարժների կառավարությանը չի վերաբերում։
ԸՆՏՐԱԿԱՆ
Սեպտեմբերի 22-ին «Հայլուր»-ը հաղորդել էր, որ Ազգային ժողովում շրջանառության մեջ է գտնվում ընտրական օրենսգրքի երկու նախագիծ, որոնցից մեկը միասնաբար ներկայացրել են կուսակցությունները, իսկ մյուսը՝ «Երկրապահը»։ Այս լուրի կապակցությամբ «Առավոտ»-ին պարզաբանումներ տվեց ԻՄ գանձապետ Ռուբեն Վարդանյանը, ասելով, որ իրենց կուսակցության նախագիծը ավելի վաղ է դրվել շրջանառության մեջ, ուստի հիմա քննարկման գործընթացում է գտնվում ընտրական օրենսգրքի երեք տարբերակ։
ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹԹՎԻ ՔԱ՞Ր
Կարդացեք նաև
«Ցավոք սրտի, Հայաստանում արհմիություններ, ինչպես գիտեք, չկան։ Մնացել է մի կառույց, որը թթվի քարի դեր է խաղում,- այս պատկերավոր համեմատությունը կատարեց կոմունիստների առաջնորդ Սերգեյ Բադալյանը երեկվա ասուլիսում։- Իրենք իրենց համար են աշխատում՝ իրենց շենքը վարձով տալով։ Երեւի դա ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ե՛ւ այսօրվա իշխանությունների օրոք շատ եւ շատ ձեռնտու է, որովհետեւ ժողովրդի սոցիալական պայքար կազմակերպողը, աշխատավորության շահերը պաշտպանողը նրանք պետք է լինեին։ Իսկ նրանք զբաղված են միայն սեփական դիրքերը պահպանելով»։