Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ ջազ, ինչ բան… Ալաբինա յալլա՜…

Սեպտեմբեր 23,1998 00:00
aragast

Երեւանցիներն իրենց սփյուռքահայ եւ արտասահմանցի հյուրերին Գառնի-Գեղարդ ու Սեւան տանելուց հետո արդեն պարտադիր բերում են նաեւ «պապլավոկի» Նուշիկյան հարկաբաժին։ Այնպես որ, եթե մի քանի սեղաններ են միացված այդ սրճարանում եւ տասից ավելի մարդիկ են տեղավորված այդ սեղանների շուրջ, ուրեմն՝ կամ սփյուռքահայեր են, կամ արտասահմանցիներ։ Սեղաններն այդպես են դասավորվում նաեւ ՀՀ նախագահի եւ նախարարների («ուժային») այցելության ժամանակ։

Շաբաթ գիշերը, բավականին ուշ ժամի, «պապլավոկում» շատ արագ լուր տարածվեց, թե՝ «ասում են՝ հեսա «Ալաբինան» ա գալու»։ Դե, եթե գալիս է, ուրեմն կերգի էլ»,- շարունակվեցին լուրերը։ Սեղաններն արդեն պատվիրված ու պատրաստ սպասում էին «Ալաբինային»։ Եկան։ Թիկնապահների հետ եկավ «Ալաբինան» ամբողջ խմբով, եւ նրանց հրավիրող կողմը՝ Երգի պետական թատրոնը՝ ի դեմս Արթուր Գրիգորյանի։

Սովորականի պես այդ օրն էլ էին ջազ նվագում։ «Ալաբինայից» մեկը մոտեցավ ու հայ ջազմենների, ինչպես իրենք են իրենց անվանում՝ «կատուների» հետ կոնգայի վրա սկսեց նվագել։ Նա իսկապես շատ լավ էր հարվածում, բայց ինչպես մեր հայտնի ջազմեններից մեկն ասաց. «Իհարկե, լավ պետք է նվագեն, որովհետեւ նրանք իրենց ժողովրդականը, իրենց պապերի պապերից եկածն են նվագում»։ Մեկ ուրիշն էլ նկատեց. «Հայ մի դհոլչի կսազեր ստեղ…»։

«Պապլավոկում» մթնոլորտն աշխուժանում էր, իսկ իրանահայերը եւ մյուս սփյուռքահայերը, որ մինչ այդ շատ ուշադիր եւ ամենայն հանգստությամբ՝ ջազի սիրահարի դեմքերով ջազ էին լսում, ոտքի էին կանգնել ու երեք մատով ճտճտացնելով «Ալաբինային»՝ խմբի շիկահեր երգչուհուն (որին Ալաբինա էին կոչո՞ւմ) էին կանչում՝ «Ալաբի՜նա՜…»։ Սրճարան նոր եկողներին հին եկածները հարցնում էին՝ «աչքիդ ալաբինա չի՞ էրեւում…» (ալաբուլա իմաստով)։ Օդում «Ալաբինա յալլա»-ներ ու «հաբիբիներ» էին թեւածում։ Ի վերջո, շիկահեր Ալաբինան, առանց ավելորդ ձեւեր թափելու, մոտեցավ երաժիշտներին, ու գնա՜ց արաբական ծլվլոցը։ Սփյուռքահայերը ոտքի վրա պարում էին ու ճտճտացնում, երգում նրանց հետ, Ալաբինային հասկանալի լեզվով բառեր բացականչում։ Եվ «ջազի սիրահար» մասսան, որ «պապլավոկի» մշտական հաճախորդն է, սկսեց «տաշի-տուշիներ» անել, պարել…

«Ուր գնում ես՝ Ալաբինայից պրծում չկա, մենք չգնացինք նրա համերգին, ինքը էկավ»,- ասում էին ջազի իսկական սիրահարներն ու եռացող՝ տաշիտուշիոտ մասսայի վրա անեկդոտներ պատմում ու հորինում, իսկ «պապլավոկի» բադերը վախից թաքնվել էին պատերի տակ. իրենց համար երեւի շատ դժվար էր իրավիճակն ու «ճ կլասի» «Ալաբինայի» երգերն ընկալել։ «Ալաբինայի» մարզահամերգային համալիրում ունեցած 2 համերգների կազմակերպիչներից մեկը պատմում էր, որ հայ հանդիսատեսը համալիրի դռները «ջարդում» էր՝ ներս սողոսկելու համար։

Սրճարանից մեկն էլ պատմեց, թե «Դվին» հյուրանոցի տնօրենը՝ Թորոսյան Վանիկը («Դվինում» էին հանգրվանել հյուրերը) հրաժեշտի ճաշկերույթից հետո պահանջել է, որ «Ալաբինան» (ամբողջ խմբով) ափսեներ ջարդի ոտքերով, բացատրելով, թե «Դվինում» նման դեպքերում ափսեներ ջարդելն ավանդույթ է դարձել։ Չգիտեմ, որքանով է ճիշտ, բայց սրճարանում խոսում էին, որ «Ալաբինան», որ լավ չէր հասկացել ավանդույթի ու հենց ափսեներ ջարդելու իմաստը, սկսել էր ամբողջ սպասքը ջարդել… Հայ երաժիշտները խոսում էին, թե Լորիս Ճգնավորյանն անձամբ տեսել եւ ծանոթացել է Ալաբինայի հետ։

Ճիշտն ասած, ուզում էի շիկահեր Ալաբինային հարցնել՝ ճանաչո՞ւմ է արդյոք Ալաբինան մեր Լորիս Ճգնավորյանին, բայց, ցավոք, Ալաբինան երկար չմնաց ու երկու-երեք երգ կատարելուց հետո լքեց «պապլավոկը»։ Բայց հայերը Ալաբինայի կատարումից հետո պատասխան ելույթով փակեցին «համերգը»։ Լեւոն Մալխասյանը (թեեւ այդ օրը նվագում էր ջազմեն, դաշնակահար Վահագն Հայրապետյանը) մասսայի բուռն պահանջով մոտեցավ դաշնամուրին ու մի լավ «պատասխանեց» «Ալաբինային»։ «Էս էլ մեր Ալաբինան»,- մի քանիսը կանչեցին տեղերից։

«Ալաբինան» գնաց, սփյուռքահայերը եւ տեղացի՝ իրականում տաշի-տուշիի, բայց «ջազի» սիրահար իրեն մատուցող մասսան հանգստացավ, նստեցին իրենց տեղերում եւ էլի՝ շատ լուրջ ու «փախած», «ջազի տարած» հայացքներով սկսեցին ջազ լսել ու երաժշտության լավ-լավ, բարձր տեղերում ծափահարել այնպես, կարծես մի քիչ առաջ իրենք չէին, որ…

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930