Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ ԿԻՐԱՌԵԼ «ՀԱՄԲԱԳԸ» ՊԿՊ-ԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ

Սեպտեմբեր 23,1998 00:00
finans

Բոլոր կառավարություններն ունեն քննադատվելու իրենց չսիրված թեմաները։ Զարմանալի զուգադիպությամբ ամենուրեք դրանք այն թեմաներն են, երբ պարզվում է, որ նախարարներն այնքան էլ խելացի չեն, եւ որ պետական շահերը ստորադասվում են այլ շահերի։

Ի՞նչ է համբագը «Համբագը» (humbug) անգլիական դիվանագիտության կողմից հորինված տերմին է, որը չի թարգմանված աշխարհի ոչ մի այլ լեզվում։ Անգլիական բառարանները այդ բառը բացատրում են «սուտ՝ քողարկված պատշաճ պատրվակով», կամ «սուտ՝ ճարպկորեն քողարկված ճշմարտությամբ»։ Հնարավոր է հայկական տնտեսագիտությունը եւս կհայտնագործի համապատասխան մի տերմին տնտեսական քաղաքականությունում համբագը բնորոշելու համար, հաշվի առնելով մեր կառավարությունների անսպառ հնարագիտությունը եւ նախանձելի շնորհքը՝ տնտեսական քաղաքականության ակնհայտ ձախողումները եւ ավանտյուրաները քողարկելու եւ ժողովրդից թաքցնելու։

Այն, որ ՊԿՊ-ով գործառնությունները ֆինանսական բուրգ են կառուցում, անվիճելի է։ Այն, որ դրա համար բյուջեն շատ թանկ է վճարում (բարձր տոկոսներ)՝ ժխտել հնարավոր չէ։ Այն, որ այդպիսի բուրգի անհրաժեշտությունը չկար, արդեն ապացուցված է։ Այն, որ վաղ թե ուշ այն փլվելու է՝ վկա է Ռուսաստանի օրինակը։ Սակայն հետեւենք, թե ինչպես է կիրառվում «համբագը» ակնհայտ այս ավանտյուրիզմը քողարկելու համար։ Ավելի հարմար է դիմել «սկզբնաղբյուրին»՝ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարին։

Պրն Սանդոյանն իր վերջին ասուլիսներից մեկում (հնարավոր է ամենավերջինում՝ 4.09.1998թ.) մի շարք հետաքրքրական հայտարարություններ կատարեց։ Օրինակ՝ պարզվում է, մեր բյուջեն ՊԿՊ-երի վրա հույս չի դնում։ Դրանք թանկ փողեր են, իսկ կառավարությունը գիտե, թե ինչպես եւ որտեղ էժանը ճարել (ակնհայտորեն նկատի առնվեց գործարարներից գանձվող հարկերը)։ Այնուհետեւ ավելացվեց, որ կառավարության համար կարեւոր է արժեթղթերի շուկայի կայացումը, այլ ոչ թե պարտքը. «Խաղում ենք, հենց ձանձրացանք՝ չենք խաղա»,- հայտարարեց պրն Սանդոյանը (ընդամենը մի քանի րոպե հետո Ռուսաստանի կառավարությունը մեղադրվեց անլուրջ քաղաքականություն վարելու մեջ)։

Համբագ թիվ 1

Իհարկե, ուրախալի է, որ կառավարությունում վերջապես ընդունում են, որ ՊԿՊ-երի գծով ձեւավորված տոկոսադրույքն իսկապես էլ բարձր է («թանկ փող է»)։ Բայց ավելի հարմար է դիմել օրենքին։ «ՀՀ 1998 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում 50,9 մլրդ դրամ կազմող դեֆիցիտի ֆինանսավորման համար 6 մլրդ 700 մլն-ը (կամ 13,2%-ը) նախատեսվել է ՊԿՊ-երից։

ֆինԿասկածելի է, որ ժողովրդի կողմից ուղղակիորեն ընտրված օրենսդիր մարմինը այսպիսի ծավալներով կառավարությանը խաղալու արտոնություն է տվել։ Առավել եւս, որ այդ խաղը այդ նույն օրենքով բյուջեում գնահատվել է 5,9 մլրդ դրամ միայն տոկոսները վճարելու համար։ Առողջ տրամաբանությունը խաղալու կրքից գերադասող անձինք կարող են ցանկության դեպքում հաշվարկել, թե այդ գումարով քանի ծառ կարելի է տնկել, քանի դպրոց կարելի է վերանորոգել, եւ ընդհանրապես քանի մարդու համար կարելի է աշխատանք ապահովել։ Այն փաստարկը, որ դեֆիցիտի ֆինանսավորման համար ՊԿՊ-երից մուտքերի թերստացումը կփոխհատուցվի հարկերով եւ այլ եկամուտներով («էժան փողերով»)՝ լուրջ չէ։

Համբագ թիվ 2

Ռուսաստանն իր բուրգը կառուցեց 5 տարվա ընթացքում։ Հայաստանը դեռեւս գտնվում է 3-րդ տարում։ Ամեն ինչ գնում էր նրան, որ նախատեսված ծավալների իրացման դեպքում ճգնաժամը մեզ մոտ կպայթի արդեն հաջորդ տարի։ Առաջին կիսամյակի արդյունքները եւ սեպտեմբերյան աճուրդներում առկա սառնությունը կասկածի տակ են դնում ֆինանսների նախարարության հնարավորությունները բյուջեում նախատեսված ծավալներն ապահովելու առումով։ Այսպես, առաջին կիսամյակում դեֆիցիտի ֆինանսավորման համար ՊԿՊ-երից (մնացորդի սկզբունքով) հնարավոր է եղել ուղղել միայն 500 հազար դրամ (հիմք՝ ֆինանսների նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակը 1998 թ.» փաստաթուղթը)։

Վերջին ամիսներին դրությունը էապես չի փոխվել։ Սակայն, եթե բուրգի կառուցման տրամաբանական ընթացքը խախտվի էլ, արդեն իսկ ստեղծվածը բավարար է բյուջեում երկար ժամանակ լարվածությունը պահպանելու համար։ Ըստ վերը նշված փաստաթղթի, օրինակ, 1998 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին բյուջեի ամսական 13 մլրդ դրամ մուտքերի պայմաններում ՊԿՊ-երի գծով մարվել է ամսական 4 մլրդ դրամ, նոյեմբեր-դեկտեմբերին այն կկազմի 3 մլրդ դրամ, իսկ 1999 թ. որոշ ամիսներին կարող է հասնել 5 մլրդ դրամի։ Ընդհանրապես բացառված չէ, որ, ի տարբերություն 1996 եւ 1997 թթ. ՊԿՊ-երի զուտ մուտքը 1998 թ. ոչ թե դրական մնացորդ կազմի, այլ՝ բացասական։

Այսպիսով, հնարավոր է երկու ճանապարհ։ Առաջին՝ ֆինանսների նախարարությունը եթե փորձի դուրս գալ օրենքով սահմանված ցուցանիշների վրա, էապես կընդլայնի ՊԿՊ-երի թողարկումը հատկապես առաջիկա ամիսներին, անխուսափելիորեն մոտեցնելով պայթյունի ժամկետը։ Երկրորդ, բուրգի կորը կարելի է թեքել ներքեւ, այն հաշվով, որպեսզի ինչ-որ ժամանակահատվածում մարվի արդեն իսկ ստեղծված պարտքը։ Խնդրի ծանրությունը այդ դեպքում տեղափոխվում է բյուջեի (հարկատուների) ուսերին, սակայն խուսափում են ֆինանսական լուրջ ցնցումից։

Ամենամեծ համբագը

Բուրգի կառուցման ընթացքում Հայաստանում մի քանի կառավարություն եւ ֆինանսների նախարար է փոխվել, իսկ ռուսաստանյան եւ հայկական բուրգերի կառուցման բացառիկ նույնությունը թերեւս կարելի է տրադիցիա համարել։ Այնուամենայնիվ, օտարերկրացիները կարծես թե սկսել են զգուշանալ։ Դրա մասին վկայում է այն տեղեկատվությունը, ըստ որի ոչ ռեզիդենտների կողմից կատարվող ներդրումների տեսակարար կշիռը վերջին երկու ամսում առնվազն երկու անգամ ընկել է։ Իհարկե, դա թույլ մխիթարություն է, քանի որ Հայաստանի ֆինանսական շուկայում գերակշռում է արտասահմանյան կապիտալը, անկախ նրանից, դրանք ռեզիդենտներն են տնօրինում, թե ոչ ռեզիդենտները։

Վերջին համբագը

«Համբագի» հաջող կիրառման համար Հայաստանում շրջանառվում են երկու օժանդակ տերմիններ՝ «վերահսկվում է» եւ «կայուն է»։ Այս տերմինները պետք է համարել հետխորհրդային շրջանի հայկական տնտեսագիտական մտքի ամենախոշոր նվաճումները, որովհետեւ հատկապես ներկայիս կառավարության անդամների կողմից բոլոր պատեհ եւ անպատեհ առիթներով օգտագործվում է ցանկացած հարց ըստ էության ներկայացնելուց խուսափելու համար։ Սակայն հարկավոր է հաշվի առնել երկու հանգամանք։ Կայնությունը առաջադիմության հետ զուգակցվում է միայն բարձր զարգացած համակարգերում։ Մնացյալ բոլոր դեպքերում այն լճացման արտահայտություն է։ Վերահսկելիությունը դա հենց կլանայնությունը բնորոշող հատկությունն է։ Իսկ Հայաստանին հարկավոր է ոչ թե վերահսկելի, այլ՝ աշխատող տնտեսություն։

ՍԱՄՎԵԼ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930