Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ՀԱՅԵՐՆ ԱՆԿԱԽԱՆՈՒՄ

Սեպտեմբեր 23,1998 00:00
Ankaxutyun

7 տարի առաջ, 1991թ. սեպտեմբերին հայերը անկախություն էին ուզում։ Նրանք անկախություն էին ուզում բուռն եւ ինքնամոռաց։ Մամուլը ողողված էր «ԱՅՈ ասենք մեր երեխաների ապագային» եւ այլ, գրեթե նույն բովանդակությունն ունեցող կարգախոսներով։ Անկախությամբ վարակված մտավորականները խելագարված վազվզում էին փողոցներով, եւ անկանոն հարաբերությունների մեջ մտնելով ազգաբնակչության հետ՝ վարակում պատահական անցորդների։

Զգացմունքների քաղաքակիրթ ժայթքումը ապահովելու համար, 1991թ. սեպտեմբերի 19-ին տեղի ունեցող գործընթացներից խիստ հուզված, Լորիս Ճգնավորյանը «Արամ Խաչատրյան» համերգասրահում կազմակերպեց գիշերային հեռուստամարաթոն։ Այն սկսվեց երեկոյան ժամը 23.00-ին։ Համերգն իր գագաթնակետին հասավ 2-ն անց 12 րոպեին, երբ բեմահարթակ բարձրացավ Գերագույն խորհրդի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը դիմելով ժողովրդին ասաց.

– Սիրելի հայրենակիցներ, ես տանը հեռուստատեսությամբ դիտում էի ձեր ուրախությունը։ Ես չէի կարող անմասն մնալ այդ ուրախությունից…

Իսկ դահլիճը մոլեգնում էր՝ Լեւո՜ն, Լեւո՜ն… Համերգի վերջում բոլորը տեսան երջանիկ Ճգնավորյանին։ Նա կանգնած էր՝ ձեռքին մի մեծ հաց։ Հացի վրա գրված էր՝ ԱՅՈ։ Իսկ այդ ժամանակ դասական երաժշտություն չսիրող ուժերը փորձում էին գտնել զվարճանալու այլընտրանքային ճանապարհներ։

Այսպես՝ ԱԻՄ-ի մամուլի կենտրոնի տարածած հայտարարությունում ասվում էր. «Ազատության հրապարակում սեպտեմբերի 20-ին եռօրյա հանրահավաք մարաթոնի ժամանակ, որը նվիրված էր Հայաստանի անկախության հարցին, ՀՀՇ-ի կողմնակիցների կողմից ծեծի է ենթարկվել նախկին քաղբանտարկյալ, ՀՀ ԳԽ պատգամավոր, ՔԴՄ նախագահ, Հայաստանի վիցե-պրեզիդենտության թեկնածու Ազատ Արշակյանը։ Բախման առիթ դարձավ հանրաքվեի կազմակերպիչների, այդ թվում ՀՀՇ-ի նախագահ Վանո Սիրադեղյանի, ԳԽ պատգամավոր Աշոտ Բլեյանի ու Ալբերտ Բաղդասարյանի կողմից ընդդիմադիր կուսակցությունների եւ կազմակերպությունների ներկայացուցիչներին խոսափող չտրամադրելը»։

Այդ հայտարարությունը հերքել փորձող «Հայք»-ը տպագրում է իր թղթակցի չափազանց ամփոփ եւ հուզիչ հարցազրույցը Ազատ Արշակյանի հետ.

Թղթակից – Ազատ Արշակյան, Ազատության հրապարակում քեզ ծեծե՞լ են։

Ա. Արշակյան – Ոչ, չեն ծեծել։

Սեպտեմբերի 21։ Հայերը քվեարկում են։ Քվեարկում է նաեւ ԳԽ նախագահ Տեր-Պետրոսյանը։ Նա հրաժարվում է ասել ինչի օգտին է քվեարկել՝ պատճառաբանելով, որ դա կլինի քարոզչություն։ Փոխարենը նա ասում է, որ հայ ժողովրդի վերաբերմունքը դեպի հանրաքվե քաղաքական գիտակցված քայլ է, եւ որ վերջին երեք տարիների ընթացքում հայ ժողովուրդը հասել է այնպիսի քաղաքական գիտակցության, որ կարող է անել ճիշտ պատմական, քաղաքական հետեւություն։ Այդ օրը նախագահը չէր կարող իմանալ, որ կանցնի մի քանի տարի, եւ այդ գիտակցությունը գրեթե կանհայտանա։

Նույն օրը, սեպտեմբերի 21-ին տեղեկություն է գալիս, որ Ղարաբաղի հիմնահարցի հետ կապված միջնորդական առաքելությամբ Բաքու են ժամանել ՌԽՖՍՀ նախագահ Բորիս Ելցինը եւ Նուրսուլթան Նազարբաեւը։ Հաջորդ օրը պատվիրակությունը գալիս է Ղարաբաղ։ Նրանց դիմավորում են ցուցապաստառներով զինված ղարաբաղցիները։ Ցուցապաստառներից հետաքրքիր էր հետեւյալը՝ «Կիրարկել 1813թ. պայմանագիրը» (խոսքը գնում էր Գյուլիստանի պայմանագրի մասին)։ Լեւոն Տեր-Պետրոսյանը դրական է գնահատում Ելցինի նախաձեռնությունը՝ այն համարելով հեռանկարային։ Նույն օրը Ելցինն ու Նազարբաեւը ժամանում են Երեւան։ Նրանց դիմավորող Լեւոն Տեր- Պետրոսյանը օդանավակայանում տված իր հարցազրույցում խոսելով ղարաբաղյան խնդրի մասին ասում է.

– Առաջին կետը, առաջին պայմանը՝ բանակցություններից առաջ պետք է ունենալ ԼՂԻՄ-ի ստատուս քվոն՝ վերականգնել Արցախի սահմանադրական իշխանությունները, եւ միայն դրանից հետո սկսել բանակցությունները։

Իսկ աշխատանքները՝ կապված քվեարկության հետ, շարունակվում էին։ Արդեն սկսել էին ամփոփել արդյունքները։ Իսկ թե ինչպիսի՞ն էին դրանք, կարելի է հեշտությամբ հասկանալ՝ կարդալով «Հայք» թերթում տպագրված «Աչքներս լույս» վերտառությամբ Աշոտ Բլեյանի հոդվածը։ Հոդվածը սկսվում էր այսպես. «…Այս իրողությունն ինձ խենթացնում է»։ Մինչ Աշոտ Բլեյանը խենթանում էր, քվեարկության արդյունքները հաշվողները քվեաթերթիկների վրա հայտնաբերում էին հետաքրքրաշարժ գրություններ։

Այսպես՝ ընտրողներից մեկը գրել էր. «Միասնության բացակայության պայմաններում անկախությունը սարսափելի է»։ Ուշադրություն չդարձնելով այս նախազգուշացումներին, «Հայքի»՝ ուրախությունից վերջնականապես աբսուրդացած խմբագրակազմը, թերթի վերջին էջում տպագրում է հետեւյալ գլուխգործոցը.

– Չորս օր մենք ասպատակեցինք Հայաստանը։ Սարերը մեզ ասում էին՝ այո, թռչունները ծլվլում էին՝ այո, «Ախ նանար, նանար» երգի նանարը մեր շինիչ հարցադրմանն ասում էր՝ այո՜։ Շուտով հայտնի դարձավ, որ «ԱՅՈ» է ասել քվեարկելու իրավունք ունեցողների 94,39 %-ը։ Լրագրողները հարց էին տալիս երկրի հերոսներին՝ ի՞նչ զգացողություններ ունեցաք անկախության հռչակման առաջին պահին։ Պատասխանները սրտաճմլիկ էին ու զգացմունքային։ Առանձնանում էր միայն Արա Սահակյանի պատասխանը…

Բաբկեն Արարքցյան – Չեմ կարող բառերով ասել։

Վանո Սիրադեղյան – Ամեն ինչ լավ է։ Թվերից լավ ի՞նչ ասել։

Տեր-Հուսիկ – Էս հրաշք էր, ի՞նչ ասեմ։

Աղասի Արշակյան – Այո՜…

Արա Սահակյան – Մեզ սպասում է ծանր, լարված աշխատանք իրավական երկրում։

ՎԱՀԱԳ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հրապարակումը պատրաստելիս օգտագործվել են «Հայաստանի Հանրապետություն», «Հայք», «Երեկոյան Երեւան», «Ուրբաթ» պարբերականների 1991թ. սեպտեմբերի համարները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930