Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉԻՑ ՄԱՀԱՑԱՎ ՍԱՆԱՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Սեպտեմբեր 23,1998 00:00
zartonq

Բժիշկները մեզ հավատացնում են, որ խոլերայի համաճարակը տեղայնացված է։ Նոր հիվանդներ, կոնտակտավորներ եւ առողջ բացիլակիրներ չկան։

Սեպտեմբերի 18-ին Երեւանի քաղաքապետ Սուրեն Աբրահամյանը ստորագրում է որոշում «Երեւան քաղաքում հակախոլերային միջոցառումներ անցկացնելու մասին»։ Նման ուշացած որոշում ընդունելը տարօրինակ կթվար, եթե չլինեին որոշ տեղեկություններ։ Մեր համաճարակաբանները երդվում են, որ խոլերայից մահացել է 2 մարդ, որոնցից մեկը՝ ինֆարկտից։ Մինչդեռ, ինչպես պարզեցինք, սեպտեմբերի 16-ին Արմավիրի քաղաքային հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքում մահացել է Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի մեկ բնակչուհի։ Սանամ Հովհաննիսյանի (գյուղում նրան Կասյա են անվանում) հարազատները մեզ պատմեցին, որ օգոստոսի 28-ին Սանամը գնացել էր Զարթոնք գյուղ, իր եղբոր որդու տուն։

Սեպտեմբերի 4-ին Սանամը Զարթոնքի մյուս բնակիչների հետ տեղափոխվում է Արմավիրի քաղաքային հիվանդանոց։ Սկզբում տիկին Սանամի վիճակը կարծես թե բարվոք էր, սակայն հետագայում միանգամից վատանում է, իսկ մահը վրա է հասնում սեպտեմբերի 16-ին։ Թաղում են սեպտեմբերի 17-ին, փայտյա դագաղով։ Այս հանգամանքը խիստ կարեւոր է, քանի որ Զարթոնք գյուղում մահացած 2 քաղաքացիների դիակները, որոնց թաղել էին սովորական արարողակարգով, հետագայում այրել են, ինչպես նախատեսվում է խոլերայով հիվանդների դեպքում։

Խոսակցություններ կային, որ Զարթոնքում եղանակի տաքացման հետ կապված, տեղի է ունեցել համաճարակի նոր բռնկում։ Տիկին Հովակիմյանի մահվան մանրամասները ճշտելու համար դիմեցինք Արմավիրի քաղաքային հիվանդանոցի ինֆեկցիոն բաժին։ Սակայն բաժանմունքի վարիչ Լիլյա Թանանյանը հրաժարվեց, բացի իր անուն ազգանունից, որեւէ բան ասել՝ վերջում վրդովված ավելացնելով, որ իրենց մոտ որեւէ մեկը չի մահացել։ Դրա փոխարեն, հիվանդանոցի գլխավոր բժիշկ Լեւոն Դոլինյանը չափազանց բարեհամբույր էր։ Նա հաստատեց Սանամ Հովհաննիսյանի մահը, հաստատեց, որ տիկին Սանամը 12 օր իրենց հիվանդանոցում է եղել եւ, ցավոք, իրենց չի հաջողվել բուժել նրան։

«Արդյո՞ք նա մահացել է խոլերայից» հարցին, պրն Դոլինյանը տվեց շատ հետաքրքիր պատասխան, ըստ որի, ոչ ոք խոլերայից չի մահանում, մահանում են նրա հետեւանքներից։ Մարդու օրգանիզմում տեղի է ունենում ջրազրկում, որը եւ բերում է որեւէ օրգանի գործունեության խախտման, ասենք՝ սրտի ինֆարկտի կամ թոքերի կաթվածի։ Իրենց հիվանդանոց տեղափոխված 44 հիվանդներից 35-ը դուրս են գրվել, այսինքն, եզրակացրեց պրն Դոլինյանը, մնացել է 9 հիվանդ։ Քանի որ տիկին Հովհաննիսյանը եղել է 44 հիվանդների մեջ, պետք է եզրակացնել, որ պրն Դոլինյանը նրան մտցրել էր դուրս գրվածների մեջ։ Պրն Դոլինյանը բացատրեց, որ ինչպես ուժեղ երկրաշարժից հետո են տեղի ունենում թույլ ցնցումներ, այնպես էլ համաճարակի ուժեղ բռնկումից հետո լինում են թույլ երեւակումներ։

«Պետք է ենթադրել, որ այժմ այդ թույլ ցնցումներն են» հարցին, նա պատասխանեց, որ, ըստ տրամաբանության, հենց այդպես էլ պետք է լիներ, սակայն նոր հիվանդներ իրենց բաժանմունք չեն բերվել։ Մարզի առողջապահության վարչության պետ Լարիսա Մուրադյանը գտնվում էր Զարթոնքում։ Արմավիրի հիվանդանոցում կազմվում էր բժիշկների բրիգադ, որը պետք է գնար Զարթոնք։ Այդպիսի մի բրիգադ էլ պետք է գնար Մեծամորի հիվանդանոցից։ Պրն Դոլինյանն ասաց, որ նման բրիգադներ գյուղ են գնում ամեն օր, եւ որեւէ արտակարգ բան չկա։ Երեկոյան մեր խմբագրություն այցելեց Արմավիրի գլխավոր սանիտարական բժիշկը։ Պրն Եղոյանն ասաց, որ վերջին մեկ շաբաթում մարզում խոլերայի մահացության որեւէ դեպք չի գրանցվել։

«Իսկ Սանամ Հովհաննիսյա՞նը» հարցից, պրն Եղոյանն անակնկալի եկավ։ Սկզբում նա ասաց, որ նման դեպք չի եղել եւ նման մարդու չի ճանաչում։ Իր մոտ գրեց տիկին Հովհաննիսյանի տվյալները, սակայն, քիչ անց ավելացրեց, որ Սանամ Հովհաննիսյանը մահացել է ուրիշ հիվանդությունից, եւ որ նրան խոլերայի ախտորոշում չի տրվել։ «Բայց նա բերվել է Զարթոնքից եւ 12 օր պառկել է խոլերայով հիվանդների հետ» մեր պնդմանը պրն Եղոյանը չպատասխանեց:

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930