Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՎԵՍՏՆԵՐԻՑ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ

Սեպտեմբեր 23,1998 00:00
haylur

«Հայլուրը», որն 91 թվականին անկախ եւ ինքնուրույն լրատվական ծրագրի բացառիկ փորձ էր եւ այդ պատճառով 92 թվականին փակվեց՝ նախորդ իշխանությունների նկատմամբ ոչ լոյալ վերաբերմունքի համար, այսօր նորից վերականգնվել է Ազգային հեռուստատեսության եթերում:

Վերականգնվելու նախօրյակին «Հայլուրի» նախկին ղեկավար, այժմ Կենտկոմի գաղափարախոսության գծով քարտուղարի պարտականությունները կատարող Ալեքսան Հարությունյանը վերջին ցուցումները տվեց «Լրաբերին» փոխարինող նոր ծրագրին, բացատրեց, թե ընդհանրապես որ մամուլն է լավը, որը՝ վատը /կարող եք կռահել, թե որն է, ըստ պրն Հարությունյանի, ամենավատ եւ «ամենադեղին» թերթը/ , ինչպես պետք է լրագրողները գրեն եւ ինչպես չգրեն, պատասխանեց որոշ հրապարակումների եւ ընդդիմության մեղադրանքներին: Ուրախալի է, իհարկե, որ նախագահի աշխատակազմի ղեկավարն ու անվտանգության խորհրդի քարտուղարը ժամանակ եւ հնարավորություն ունի զբաղվելու նաեւ նման խնդիրներով:

Ինչ խոսք, արվեստներից ամենակարեւորը /հավանաբար, նաեւ ազգային անվտանգության տեսակետից/ «Հայլուրն» է: Սակայն այդ ամենը մի կողմ թողնելով, մի քանի նախնական տպավորություն կիսեմ նոր «Հայլուրից»: Վերջին երկու ամսվա ընթացքում զգացվում էր լրատվական ծրագիրը թարմացնելու եւ աշխուժացնելու ձգտումը: Որոշ, ոչ պաշտոնական սյուժեներում արդեն սկսեց երեւալ լրագրողի եւ օպերատորի աշխատանքը, «լրաբերային» կաղապարներից դուրս գալու միտումը:

Խնդիրների խնդիրն են շարունակում մնալ պաշտոնական հաղորդագրությունները, երբ լրատվական ծառայությունների տաղտկալի տեքստն ավելի երկար է, քան նկարահանված օգտագործելի կադրերի տեւողությունը, ինչը ստիպում է 3-4 անգամ մոնտաժել միեւնույն կադրերը: Բոլոր դեպքերում, «Հայլուրը» լուրջ նախապատրաստական աշխատանք է կատարել սեպտեմբերի 21-ին եթեր դուրս գալու համար: Եթե հաշվի չառնենք նոր եթերի եւ տոնական օրվա հետ կապված անխուսափելի անհարթությունները, ապա ընդհանուր տպավորությունը հաճելի էր: Միայն մի նկատառում. հրաժարվելով ստուդիայում հաղորդումը վարողից, «Հայլուրը» սկսեց որոշ չափով նմանվել «A1+»-ի «Այբ-ֆե»-ին / մանավանդ, վերջինիս որոշ աշխատակիցների «Հայլուր» տեղափոխությամբ/: Թե «Հայլուրի» եւ թե «Այբ-ֆե»-ի նման մոտեցումն ինձ համար անվիճելի չէ:

Նախ՝ կարող է լինել հրատապ լրատվություն, որն անպայման պետք է հաղորդվի թեկուզ բանավոր, առանց նկարահանման: Եվ հետո. հիշենք, թե «հին» «Հայլուրին» ինչպիսի փայլ էր հաղորդում Արմեն Դուլյանի, Տիգրան Նաղդալյանի, Վահան Հովհաննիսյանի ներկայությունը ստուդիայում, նրանց դիպուկ մեկնաբանությունները եւ սյուժեից սյուժե հնարամիտ անցումները: Այլ հարց է, որ նոր սերնդի մեջ նման լրագրողներ առայժմ չկան:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930