Օրերս հեռուստատեսությամբ ելույթ ունեցավ նախագահի աշխատակազմի աշխատակից Վրեժ Գասպարյանը (լուսանկարում), իսկ հեռուստատեսությամբ նրա պաշտոնը նշվեց իբրեւ պետաիրավական վարչության պետի, եւ հանդես եկավ նախագահին օգնելու կոչով։
Հորդորն ուղղված էր հատկապես այն պատգամավորներին, որոնք հետեւողական դիրքորոշում ունեն Կոնյակի գործարանի հարցը խորհրդարանում նորից քննարկելու խնդրում։
Այս առիթով զրույցի հրավիրեցինք այդ պատգամավորներից մեկին՝ Վահագն Խաչատրյանին։
Կարդացեք նաև
-Պարոն Խաչատրյան, փաստորեն, նախագահի աշխատակազմից միմյանց ձեռք մեկնելու կոչ է արվում, սակայն դուք բռնել եք առճակատումների ճանապարհը, ինչո՞ւ։
-Համաձայն չեմ այդ գնահատականին, թե մենք առճակատման ենք գնում։ Դա ճիշտ չէ եւ տեղին չէ։ Չկա նաեւ նման ցանկություն։ Մեր ցանկությունն ի սկզբանե մեկն է եղել՝ պետք է գերիշխող լինի օրենքը եւ բոլորս պետք է գործենք օրենքների շրջանակում։ Սակայն սա առաջին դեպքը չէ, երբ օրենքի խախտում է կատարվում։ Մենք էլի ենք անդրադարձել այդպիսի հարցերի, սակայն նման մեծ աղմուկ չի հետեւել։ Ես պետք է հիշեցնեմ անցյալ տարվա խորհրդարանական քննարկումները, որոնք վերաբերում էին բենզինին, ցորենին եւ օղուն։ Կառավարության նախաձեռնությամբ տեղի էր ունեցել օրենքի խախտում, ու երբ սեպտեմբերին այդ հարցը ԱԺ-ում քննության առարկա դարձավ, կառավարությունն ընդունեց իր սխալը եւ խոստովանեց, որ իրոք, խախտել է օրենքի տառը։
Հիշեցնեմ, որ խնդիրն ավելացված արժեքի հարկի եւ մաքսային սակագների կիրարկմանն էր վերաբերում, երբ կառավարությունն առանց օրենսդիր մարմնի թույլտվությունն ստանալու, ընդունել էր օրենքը շրջանցող որոշումներ։ Այս ամբողջը նշեցի, որպեսզի ցույց տամ՝ խոսք չի կարող լինել առճակատման մասին։ Հիմա գանք Վրեժ Գասպարանի հեռուստաելույթին։ Ցավում եմ, որ շեշտադրումները նման ձեւով են դրվում, թե մենք առճակատման ենք գնում եւ չենք ուզում օգնել հանրապետության նախագահին։ Այդպես չէ։ Մենք պարզապես օգտվել ենք Սահմանադրությամբ եւ օրենքներով մեզ վերապահված իրավունքներից եւ դիմել արտահերթ նստաշրջան հրավիրելու պահանջով։ Պահանջ բառը գրված է Սահմանադրության մեջ եւ դա ինքս չէ, որ հորինում եմ։
Հետեւելիք հաջորդ քայլերն արդեն իմպերատիվ են։ Այսինքն՝ հանրապետության նախագահը երկու նստաշրջանների միջակայքում պետք է հրավիրի արտահերթ նստաշրջան։ Ես առայժմ ձեռնպահ կմնամ ավելի խոր մեկնաբանություններից, որովհետեւ հարցը քննվելու է Սահմանադրական դատարանում։ Չեմ ընդունում Վրեժ Գասպարյանի մանվածապատ բացատրությունները, թե պետք է ժամ կամ օր նշված լիներ։ Նույնիսկ եթե մենք այնտեղ որեւէ ժամկետ նշեինք, հանրապետության նախագահը, մեզ հասկանալի է, կարող էր նստաշրջանը հրավիրել ԱԺ ամառային արձակուրդների ընթացքում։ Վրեժ Գասպարյանին ասեմ, որ պետք է օրենքի տառը պահպանենք, ա՜յ, դրանով մենք միմյանց օգնած կլինենք. այլ տեսակ օգնություն, տվյալ դեպքում, ես չեմ պատկերացնում։ Հիմա Ազգային ժողովի պատգամավորների փոքրամասնությունն արդեն նստաշրջանի ընթացքում իրավունք ունի արտահերթ նիստ հրավիրել ցանկացած հարցի շուրջ։ Մենք չենք ուզում մեր երկրում արմատավորվի օրենքի երկրորդական լինելու պրակտիկան։
Նպատակահարմար համարեցինք զրուցել նաեւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հեղինակ Վլադիմիր Նազարյանի հետ, նրան ուղղելով հետեւյալ հարցը.
-Ի՞նչ միտումով է Սահմանադրության մեջ արձանագրվել պատգամավորների մեկ երրորդի՝ արտահերթ նստաշրջան հրավիրել տալու իրավունքը եւ դրանից ելնելով, ասացեք խնդրեմ, արդյո՞ք նախագահը խախտել է Սահմանադրությունը՝ չհրավիրելով արտահերթ նստաշրջան։
-Սահմանադրության մեջ ամեն ինչ շատ պարզ է գրված, որ կարելի է հրավիրել ե՛ւ արտահերթ նիստ, ե՛ւ արտահերթ նստաշրջան։ Արտահերթ նիստ հրավիրվում է, երբ ընթացքի մեջ է հերթական նստաշրջանը։ Ընթացիկ նստաշրջանի դեպքում արտահերթ նստաշրջանի կարիք չկա։ Այդ դեպքում հրավիրում են արտահերթ նիստ, իսկ նստաշրջանների միջեւ ընկած ժամանակահատվածում կարող է միայն արտահերթ նստաշրջան հրավիրվել։ Սահմանադրության մեջ գրված է, որ պատգամավորների մեկ երրորդի պահանջով հրավիրվում է արտահերթ նստաշրջան, ինչի գումարումն այլեւս պրակտիկորեն հնարավոր չէ, որովհետեւ այդ ժամկետը լրացավ սեպտեմբերի 14-ին, ժամը 12.30-ին։
ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ