Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԻՆՈՇՈԿ» ԵՎ ԿԻՆՈ-ՇՈԿ

Սեպտեմբեր 22,1998 00:00
Kinoshok

Կինոյի տան երեկվա ասուլիսը ի սկզբանե հրավիրված էր Անապայում օրերս կայացած «Կինոշոկ» կինոփառատոնում հայ ռեժիսորների մասնակցությունը ներկայացնելու նպատակով, բայց ասուլիսում ամենաքիչը խոսվեց հենց կինոփառատոնի եւ մեր ռեժիսորների հաջողությունների մասին։

«Կինոշոկ»-ում (որը կայացել է սեպտեմբերի 5-15-ը) մրցույթին մասնակցում էին երիտասարդ ռեժիսորներ Տիգրան Խզմալյանը (որը նաեւ «Երեւան» ստուդիայի տնօրենն է), իր «Սեւ եւ սպիտակ» կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմով, եւ Վահե Գեւորգյանցը՝ «Թույն գնեք» ֆիլմով։ Փառատոնի ամբողջ ընթացքում ներկայացվում էին Ռուբեն Գեւորգյանցի «Փարաջանով. վերջին կոլաժը», Դմիտրի Քեոսայանի «Անծվածները», Վիգեն Չալդրանյանի KYRIE ELEISON «Տէր ողորմեա», Հենրիկ Մալյանի «Եռանկյունի», Արման Մանարյանի «Ընկեր Փանջունի», Հարություն Խաչատրյանի «Վերադարձ ավետյաց երկիր» ֆիլմերը։

Ամենաուրախալին ու ոգեւորիչն այն էր, որ Տիգրան Խզմալյանի ֆիլմը արժանացել էր կարճամետրաժ ֆիլմերի համար նախատեսված գլխավոր մրցանակին։ Մասնակիցների խոսակցություններն այնքան էին շեղվում փառատոնից եւ մեր հաղթանակից, որ կարելի էր կարծել, թե ոգեւորություն եւ ասելիք նրանք չունեին։ Փառատոնին այս անգամ Հայաստանից բավական մեծ պատվիրակություն էր մասնակցել։ Պարզվեց, որ մասնակիցների հետ այնտեղ են եղել նաեւ Սոս Սարգսյանը, Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Սերգեյ Իսրայելյանը։

Հայ կինոյի ճակատագիրը

«Հայֆիլմ» կինոստուդիայի եւ առհասարակ հայ կինոյի հանդեպ մեր իշխանությունների վերջերս ցուցաբերած տխուր մոտեցումները կինոգործիչներին, ինչ խոսք, անհանգստացնող են։ ՀՀ վարչապետի մշակույթի հարցերով խորհրդական Անգալադյանի եւ մշակույթի նախարարության կինոյի գծով փոխնախարար Չալդրանյանի միջեւ տեղի ունեցած խոսակցությանը ծանոթ էին ասուլիսին ներկա (եւ բացակա) բոլոր կինոգործիչները։ Սերգեյ Իսրայելյանը առաջինը սկսեց այդ ուղղությամբ տանել խոսակցությունը։ Շատ կարճ խոսեց փառատոնի մասին, եւ ապա. «… շատ տխուր ապագա է սպասվում… մանավանդ կինոստուդիայի կապակցությամբ, ուզում են ակցիոներական դարձնեն, խլեն մեզնից…»։

Սոս Սարգսյանը շարունակեց Իսրայելյանի սկսած թեման՝ մշակույթի հարցերով, այն խորհրդականների մասին (հետո ասաց, որ նկատի ունի Ռ. Անգալադյանին, եւ զարմացավ՝ «չեմ հասկանում, էդ մարդու մեջ էդ ի՞նչ մետամորֆոզներ կատարվեցին, որ հիմա նա ազգային մշակույթին դեմ է»), որոնք հայտարարություններ են անում, թե ազգային արվեստ չկա։ «…Այդ բոլոր ցանկությունները՝ պատմությունը շուռ տալ, պատմությունը նորից գրել, զրկել այս ազգին իր մշակույթից, իր անցյալից»,- նշեց Ս. Սարգսյանը եւ ավելացրեց, որ դրանք ընդամենը ապարդյուն ճիգեր են. «…որովհետեւ այս ազգը ունի բացառիկ որդիներ, որոնց աշխատանքը փառատոնում ոգեւորեց ոչ միայն ինձ, այլեւ բոլոր մասնակիցներին»։

Ըստ պրն Սարգսյանի, հայ ռեժիսորները շատ բարձր մակարդակ ունեն. «այնպես որ, նստած տեղդ հպարտանում ես, որ հայ ես» եւ. – Հիմա չգիտեմ՝ ինչեր են անում, ստուդիայի հերն են ուզում անիծել եւ այլն, մոռանալով մի բան. ամեն մի մարդ, որ գալիս է ղեկավար, կարծում է, մեր պատմությունն իրենից է սկսվում։

Կառավարության մոտեցումը մշակույթին

Վիգեն Չալդրանյանը մի քանի բառով շնորհավորեց Տիգրան Խզմալյանին ու իրենց բոլորին, ապա վերադարձավ հայ կինոյի վրա կուտակված ամպերին։ Անապայից նա մի քանի օր շուտ էր վերադարձել՝ պետական գործերի պատճառով։ – …Պիտի կարողանայի կասեցնել, ըստ մեզ, շատ սխալ մի որոշում, եւ այդ առիթով ես հանդիպեցի վարչապետի մշակույթի գծով խորհրդական պրն Անգալադյանի հետ։ Անկեղծ պիտի խոստովանեմ՝ զարհուրեցի, որովհետեւ հասկացա, որ դա որոշակի արդեն պայմանավորված գաղափարախոսություն է, իդեոլոգիա, որը գնալով արմատանում է մեզանում,- ասաց պրն Չալդրանյանը։ Եվ, մեկժամանոց իրենց զրույցի մասին «չտարածվելու» համար շատ խորհրդանշական մի «ֆրազա» նշեց, որն ասել էր Ռ. Անգալադյանը։ – Երբ բացատրում էի, որ այսօր «Հայֆիլմ» կինոստուդիան փակ բաժնետիրական ընկերություն դարձնելը նշանակում է, որ շատ մոտ ապագայում ստուդիան կվերածվի կամ կազինոյի կամ մեկ ուրիշ առեւտրային հիմնարկի, Անգալադյանի պատասխանը հետեւյալն էր. «Այո՛, եթե այսօր շուկայական հարաբերությունները պահանջում են, ուրեմն ստուդիան պետք է վերածվի կազինոյի»։

Եվ զրույցից պարզվեց, որ չկան արժեքներ, այլ կա միայն ապրանք, կա գին։ Ուզում եմ հիշել հայտնի ֆրազան Օսկար Ուայլդի՝ «Ցինիկը նա է, որը գիտի ամեն ինչի գինը, բայց տեղյակ չէ արժեքներից»։ Այո՛, մի բանում մենք համաձայն ենք, որ մշակույթը նաեւ բիզնես է, բայց անտեսել արժեքը եւ խոսել միայն առեւտրային բնույթի մասին… այդ դեպքում ի՞նչ կհրամայեք անեն մեր թանգարաններն ու գրադարանները, որոնք նույնպես հերթի են կանգնած փակ բաժնետիրական ընկերություն դարձնելու։ Լավագույն դեպքում մենք պիտի դեն նետենք Թումանյանի հատորները, եւ բնակեցնենք այդ դարակները «Փլեյբոյ»-ի կամ «Փենթհաուզ»-ի ժուռնալներով…

…Կառավարությունը իր վրայից այդ հոգսը ուզում է դեն նետել եւ ոչինչ չպահել՝ մշակութային ոչ մի օջախ, եւ ապրել միայն հարկերով։ Չեմ կարծում, որ աշխարհում նման կառավարություն գոյություն ունի։ «Առավոտ»-ը իր նախորդ համարներում արդեն անդրադարձել է «Հայֆիլմ»-ի խնդրին, եւ պետք է նշենք, որ այսօր արդեն կինոստուդիայի նկատմամբ կառավարության մոտեցումը սառեցված վիճակում է, եւ այդ հարցում իր դերն ունի պրն Չալդրանյանը։

Ինչպես «ՍՌվՏՔվՌՍ»-ը շնացավ

Վ. Չալդրանյանին կինոյի հարցն անկեղծորեն շատ էր հուզել, բայց այնքան, որ վերջում որոշեց շատ տխուր մի փաստ էլ արձանագրել։ Նա ներողություն խնդրեց բոլոր լրագրողներից, բացի «Առավոտ»-ի թղթակցից։

– Ներող կլինեք, սիրելի ժուռնալիստներ, բոլորիդ գուցե չի վերաբերում, բայց իմ առաջին մամլո ասուլիսին ես միամտաբար կարծում էի, որ մեր հոգսերը, մտահոգությունները եւ ցավը նույնն են։ Պարզվեց, որ շատերինը՝ ոչ…

Ասուլիսի անմիջապես մյուս օրը դուրս է գալիս նույնիսկ նման մի բան, որ պրն Չալդրանյանը փորձեց կաշառել ժուռնալիստներին, մինչդեռ ես առաջարկում էի, իրոք ազնվորեն, որ դուք մեզ հետ համագործակցեք, գաղափարներ բերեք… Եվ, ի պատասխան այդ ամեն ինչի, կամաց-կամաց սկսվեցին, իսկ այդ միտումը արդեն կա։ Շատ դեպքերում մենք ասել ենք՝ լա՛վ, էկեք բանի տեղ չդնենք, դե հիմա գրում է իրա համար… երբ կինոմատոգրաֆիստներին սկսեցին անվանել կինոշնիկներ, հետո՝ կինոշչնիկներ, եւ այսօր՝ իմպոտենտներ։ Ես կուզեի էստեղ գտնվող Սաթիկ Սեյրանյանին ուղղակի հարցնել՝ ձեր անձնական փորձի՞ց եք համոզվել, որ մենք իմպոտենտներ ենք, թե՞ ուղղակի ինչ-որ տեղեկություններ ունեք։

Բարդույթ

Չալդրանյանի խոսքերը ներկայացնում ենք բառացի։ Ասուլիսին ներկաները լուռ էին, լսում էին փոխնախարարի հուզումնախառն տեքստը, իսկ ես (եւ շատերը, ինչպես հետո խոստովանեցին) զարմացած էի Չալդրանյանի անընկալունակությունից՝ թե ինչո՞ւ է հենց եւ միայն ինքը խորապես վիրավորվել այդ բնորոշումից։ Ինչպիսի երեւակայություն պետք է ունենա ռեժիսորը, որ «կինոշնիկ» («ՍՌվՏՔվՌՍ») տերմինը մեկնաբանի կինոշնիկ (կինոյի շնիկ) իմաստով։

«Առավոտ»-ը կենդանություն է պարգեւում բոլորին։ Արդեն որերորդ ասուլիսն է, որ բուն նյութից վերածվում է «Առավոտ»-ի թղթակցի բենեֆիսի։ Այդ ասուլիսն էլ աշխուժացավ, բոլորս ուշադիր նայում էինք Չալդրանյանին, իսկ նրա ձեռքին՝ «Առավոտ»-ի այն համարն էր, ուր տնտեսական գործիչ Խաչատուր Սուքիասյանը զուտ որպես գործարար խոսում էր մշակույթին հովանավորելու մեխանիզմներ ստեղծելու մասին։ Թերթի էջը ցուցադրում էր ու գրեթե բացականչում.

– …այս թերթը՝ Հայաստանի գլխավոր մտավորականի նկարով, շատ խորիմաստ հայացքով, պարզվում է միայն Խաչիկ Սուքիասյանն է այսօր, որի հետ կարելի է զրուցել մշակույթից… (Այս «ցինիկ» իրավիճակը պայթեց Տիգրան Խզմալյանի ծափերով… – Ս.Ս.)։

Մնացածը, ինչպես ասում է «Առավոտ»-ը, այսօր մեր մշակույթի գործիչներին կարելի է բաժանել երկու մասի, դրանցից առաջինը՝ իմպոտենտներն են, իսկ երկրորդը՝ չի ասում՝ ովքեր։ Պետք է կռահել, որ երկրորդ մասը դրանք են, ովքեր արել են «Մեր բակը», «Ջերմուկը» եւ այլն։ …Այսօր ամենանվազ, ամբողջ երկրագնդի վրա վեցհազարամյա մշակութային պատմություն ունեցող հայ ազգն է, որ ամենաքիչ գումարն է ստանում մշակույթի աջակցության համար… Մենք այդպես էլ աշխարհին չենք ներկայանա որպես ամենահին, ամենաքաղաքակիրթ, դարավոր մշակույթ ունեցող մի ազգ։ Մինչդեռ ժուռնալիստներն անընդհատ հորդորում եւ փնովում են այն իմպոտենտ մտավորականներին, ովքեր դեռ հույսը դնում են կառավարության վրա։ Իսկ ո՞ւմ վրա հույսը դնեն։

… Ես ինտերվյու էի տալիս, որ պրոդյուսեր ունեմ՝ «Պարադիզ» ընկերությունը։ Սցենարը կարդալուց հետո «Պարադիզ» ընկերությունն ասաց՝ սա բարձրարվեստ գործ է, մենք չենք ֆինանսավորի։ Վ. Չալդրանյանը, որպես անկախ ստուդիաներ թվեց «Շարմին», «Նոր հայերին», «Շարքին» եւ «Պարադիզին», որոնց չէր մեղադրում այդպիսի գործունեության համար, բայց ասաց.

-Անձնական գումարներ են դնում, եւ շուկայական պահանջներին համապատասխան նրանք պիտի նկարեն, եթե պետք է՝ քամակն էլ կբացեն, ամենացածրորակ էսթետիկայի մակարդակի ամեն ինչ կանեն, միայն թե վաճառեն։ … Ո՞ւմ վրա հույս դնեն իմպոտենտները, ովքեր որ այսօր, իմ խորին համոզմամբ, արժեքներն են պահպանում։

Չալդրանյանի կարծիքով, ոչ թե «Արամ Ասատրյանը, Թաթուլիկն ու Թաթան են» ազգային երգարվեստը պահում, այլ Ռոբերտ Ամիրխանյանն ու Արթուր Գրիգորյանը։ Անվանի ռեժիսորը նշեց, որ մի խումբ կինոգործիչներով ուզում են հանդիպել ՀՀ նախագահի հետ. «… լուրջ կզրուցենք, ընդհանրապես ո՞նց պիտի ապրենք սրանից հետո, որովհետեւ ինչքան հասկացա, վերեւի ապարատներում գտնվում են մարդիկ, ովքեր արդեն որոշակի կարծրացած իրենց իդեոլոգիան ունեն, որը, ըստ մեզ, կործանարար է»։

Վ. Չալդրանյանի ծավալուն եւ իշխանությանն ուղղված չոր ու կտրուկ խոսքից կարելի էր կարծել, թե սպասվում է փոխնախարարի պաշտոնից իր հրաժարականը։ Ռուբեն Գեւորգյանցը, որը խոսեց հաջորդը, վերջերս հասկացել է, որ «ապուշության դեմ պետք է պայքարել»։

-Որովհետեւ յուրաքանչյուր նոր ղեկավարի ստիպված սկսում ես առաջին տառերից բացատրել՝ ինչ է մշակույթը, արվեստը։ Արդեն հոգնել եմ, բայց գիտակցում եմ, որ պայքարել պետք է ոչ թե մեզ համար, այլ ապագա սերունդների։ Մենք մերը տեսել ենք, մերը ապրել ենք, փառք Աստծու՝ կոչումներ, շքանշաններ, ֆեստիվալներ, կանայք եւ այլն, եւ այլն։

Ռ. Գեւորգյանցը «կանայք» բառից հետո ավելացրեց. «Էդ հատուկ եմ նշում, որ էդ իմպոտենցիայից դուրս գանք…»։

Ինչեւէ, պրն Գեւորգյանցը հիշեցրեց ասուլիսի նպատակը, խոսեց փառատոնի մասին եւ Անապայի հայ գաղութի, որի հովանավորությամբ իրենք մասնակցել էին փառատոնին։ Ընդդեմ խուժանական հոդվածների Ռ. Գեւորգյանցը այն լրագրողներին, որոնք, ըստ նրա, «հոդվածներով եւ պախարակելով մեր արվեստի գործիչներին», զգուշացրեց. «Իհարկե, մենք արվեստագետներ ենք, մշակույթի մարդիկ ենք, ինչ-որ մի տեղ, ոչ թե ինչ-որ մի տեղ, այլ ինտելեկտուալ մարդիկ ենք եւ այլն, բայց մենք ունենք եւ ուրիշ մեթոդներ էլ այդ վատ, խուժանական հոդվածները կանխելու համար… ես ուզում եմ դա զգուշացնել»։ Նշենք, որ թեեւ տեղի ունեցածը վերածվեց փոխնախարարի ասուլիսի, բայց ի վերջո նաեւ խոսեց մրցանակակիրը՝ Տիգրան Խզմալյանը։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Հ. Գ. Այլ ենթադրություններ եւ մեկնաբանություններ չտանք ներկայացված պոռթկումներին։ Վ. Չալդրանյանի՝ ինձ ուղղված հարցին ասուլիսում արձագանքեցի. «Թույլ տվեք այս պահին ձեզ չպատասխանել»։ Պրն Չալդրանյանին, ի պատասխան իր հարցի, գրավոր հայտնեմ, որ եթե ինչ-որ մեկը ստեղծագործական իմպոտենցիան ըմբռնում է զուտ ֆիզիոլոգիական իմաստով՝ դա բացառապես իր անձնական դժբախտությունն է: Այս պարագայում լրագրողներին դիմելն անիմաստ է, հարկավոր է դիմել բժիշկներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930