Արզնիի առողջարանի տնօրինությունը զբաղված է վտարմամբ
Արդեն մի քանի օր է, ինչ խմբագրություն են այցելում Արզնիի N 2 Լազարեւի անվան բազային առողջարանի բնակիչներ Անահիտ Տոնոյանն ու Ռիմա Մուսայելյանը։ Նրանք երկրաշարժից հետո բնակվում են այդտեղ, Անահիտը իր մոր՝ Ամալյա Տոնոյանի հետ (հայրը՝ Հարություն Տոնոյանը մահացել է 1993 թ., առողջարանում), իսկ Ռիման՝ ընտանիքի 4 անդամներով, «բախտի քմահաճույքին մատնված» (վերջինիս ընտանիքը փրկվելով ազերիների ջարդերից, որպես փախստական դեկտեմբերի 6-ին հայտնվեց Սպիտակում, ուր հաջորդ օրը մահացավ եղբայրը, իսկ ինքն էլ դարձավ 3-րդ խմբի հաշմանդամ – Ռ. Մ.)։
Եվ արդեն 10 տարի նրանք սեփական բնակարան չունեն։ Ու հնարավորություն էլ հավանաբար չունենան, մանավանդ, երբ ծանոթանում ես Գյումրու քաղաքապետարանից տրված տեղեկանքին, ուր ասված է. «Գյումրու քաղաքապետարանը հնարավորություն չունի մինչեւ 2000 թվականը քաղաքացի Տոնոյանի բնակարանի հարցը լուծելու» (բնակբաժնի պետ Ա. Ստեփանյանի ստորագրությունն առկա է – Ռ. Մ.)։
Միեւնույն ժամանակ նշվում է, որ Տոնոյանների բնակարանը երկրաշարժի ժամանակ քանդվել է, եւ նրանք «օգտվում» են բնակարանների բաշխման 29-րդ կետի արտոնություններից (մինչեւ օրս օգտվել են 7-8-րդ կետի «արտոնյալները» – Ռ. Մ.)։ Ասել է թե՝ մարդը ժամանակավորապես պիտի շարունակի մնալ այդտեղ, մանավանդ, նրանց որեւէ բնակարան կամ կացարան չի առաջարկվում։ Այս օգոստոսին Տոնոյան ընտանիքին կանչում են Աբովյանի ժողդատարան։ Եվ որովհետեւ ժողդատարան «Առողջարանից վտարման պահանջի մասին» հայցադիմում է ներկայացրել աշխարհի ամենամարդասիրական հիմնարկներից մեկի՝ առողջարանի գլխավոր բժիշկ Նեդա Պետրոսյանը։
Կարդացեք նաև
Հայցադիմումում նշված է, որ «նշված անձանց մենք ժամանակավորապես (թե որքան ժամանակով – Ռ. Մ.) տեղավորել ենք առողջարանում, հատկացրել համապատասխան սենյակներ… սակայն պատասխանողները (մայր եւ աղջիկ Տոնոյանները – Ռ. Մ.) մինչեւ այժմ չեն ազատում առողջարանի իրենց տրամադրված սենյակները», հետեւաբար գլխավոր բժիշկն առաջարկում է ոչ ավել, ոչ պակաս՝ «պատասխանողներին վտարել առողջարանից»։ Ո՞ւր… կարծես ոչ մեկին չի հուզում այս հարցը. ոչ ժողդատարանին, որ վճիռ է կայացրել, ոչ գլխավոր բժշկին, ոչ, առավել, աղետի գոտին չարչրկած պետական այրերին։
Ընդհակառակը, ժողդատարանը «չհանգստանալով» իր դատավճռով, առաջարկում է «Ձեզ համաձայն ժողդատարանի 2-244 վճռի մինչեւ 21.09.98 թ. հոժարակամ ազատել 2-րդ մասնաճյուղի համապատասխան սենյակը։ Հակառակ դեպքում, դուք կվտարվեք վարչական կարգով»։ Հետաքրքիր է, այս սպառնալիքի հեղինակները ժամկետ տալիս պատահաբա՞ր էին ընտրել անկախության հանրաքվեի օրը՝ սեպտեմբերի 21-ը։ Ահա թե ինչու, վճռաբեկ դատարան եւ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողով ուղղված դիմումում Ա. Տոնոյանը պիտի ցավով գրեր. «օտար ափերում դեգերող մեր հայրենակիցներին դեռ ոչ մի երկրում այդքան չեն հետեւել, այդքան չեն ցանկացել զրկել քաղաքացու իրենց իրավունքներից, որքան այստեղ…»։
Ռիմա Մուսայելյանն էլ, իբրեւ կրկնակի տուժած, իր հերթին պահանջում է. «Արցունքներ եւ կամայականություն թույլ տվող բժիշկը պետք է ինքը պատժվի եւ վտարվի առողջարանից»։ Ի դեպ, նրանք ապրել են «չափազանց անմարդկային պայմաններում», օրերով ջուր չեն ունեցել, եւ 1 տարի էլ՝ էլեկտրականություն։ Սակայն տողերիս հեղինակին մտահոգում է այլ հարց. մինչեւ ե՞րբ պետք է ոտնահարվեն աղետի գոտու, փախստականների, մեր հայրենակիցների տարրական մարդկային իրավունքները, ո՞վ պետք է պատասխան տա. նրա՞նք՝ ում ժամանակավորապես վստահվել է դա, ցմահ իրավապաշտպան հորջորջված Կարմիրշալյա՞նը, թե՞… հայցադիմումի ճակատին գրված «Արհմիությունների կուրորտների ղեկավարման հայկական հանրապետական խորհուրդը»…
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ