Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՕՐՈՐՈՑԱՅԻՆ ԲԼԵՅԱՆԻ ՀԱՄԱՐ

Սեպտեմբեր 22,1998 00:00
Shekoyan

Մեր ու մեր կովկասյան հարեւանների միջեւ եղած տարբերությունները (մշակույթ, կենցաղ, կրոն, լեզու եւ այլն) այնքան անհուսալիորեն են շատ, որ երբեմն թվում է՝ կա՛մ նրանք են Կովկասում եկվոր, կամ՝ մենք։ Եվ այդ շոշափելի տարբերություններն են երեւի պատճառը, որ մենք հաճախ մեր իսկ տարածաշրջանում հայտնվում ենք գերյալի վիճակում՝ մեր իսկ հարեւանների աքցանի մեջ։

Մենք, իհարկե, Կովկասից ու Անդրկովկասից հարավ էլ հարեւաններ ունենք, որոնցից մեկի հետ հիմնավորապես թշնամի ենք, իսկ մյուսի հետ, ճիշտ է, թշնամի չենք, բայցեւ՝ երկու ու ավելի հազարամյակների ընթացքում չենք հասցրել կարգին բարեկամանալ։ Իսկ եթե ավելի անկեղծանանք՝ մենք մեզ լիիրավ կովկասցի կամ անդրկովկասցի զգացել ենք ընդամենը խորհրդային տարիներին եւ այն էլ՝ ստիպված, քանզի սովետական ռուսներն ու հրեաները հաճախ պարզապես ալարում էին իմանալ, որ Անդրկովկասում տարբեր ազգեր գոյություն ունեն։ Իսկ եթե շարունակենք անկեղծանալ՝ Կովկասն ու Անդրկովկասը (եթե նույնիսկ Այսրկովկաս ասենք) երբեւէ մեր սրտին կպած հայրենի տեղանուններ չեն եղել հիմնականում այն պատճառով, որ մենք շարունակաբար ու հիմնականում հայրենիք ունեցել ենք (եւ մեր հոգու ոչ շատ խորքերում այսօր էլ ունենք) նաեւ այս Այսրկովկասից հարավ, ուր ունեինք եւ ունենք առավել սրտամոտ բյուր տեղանուններ, որոնք առ այսօր կան ու գուրգուրվում են գուրգուրանքի կարոտ մեր հոգիներում։

Կորցրածը չկորցրածից ավելի գերադասելը զուտ դաշնակցական մտածելակերպ չէ, եւ ոչ էլ՝ զուտ հայկական հոգեբանություն, եւ, հավանաբար, այլ ազգերին եւս բնութագրական է, եւ դա, ինչ-որ տեղ, նաեւ բնական է։ Բայց նմանապես բնական կլինի, եթե մենք, որպես կորցրածի կորուստը ողջ խորությամբ զգացող ու սգացող ազգ, ողջ խորությամբ զգայինք ու ապրեինք նաեւ մեր ողջ ուժերով գրավվածի բերկրանքը։ Եթե մեզ չհաջողվի ողջ հոգով սիրել ու մերը համարել, ասենք, Աղդամը (ճիշտ այնպես, ինչպես ռուսն ու ուկրաինացին են Կուրիլյան կղզիներն ու Ղրիմը սիրում ու իրենցը համարում), արդյո՞ք կկարողանանք Աղդամը պահել։ Եթե մեզ չհաջողվի Աղդամը սիրել նույն ուժգնությամբ, ինչպես Շուշին ենք սիրում, կկարողանա՞նք Աղդամը մեզնով բնակեցնել եւ իսկապես հայկական դարձնել։

Երբ մեր թերթերն աջուձախ գրեցին Քելբաջարի (Քարվաճառ) հայկական ծագման մասին, այդ հանգամանքը շատերի սրտին դուր եկավ եւ շատերը ճանապարհվեցին՝ ընդմիշտ այնտեղ ապրելու։ Եթե այդ հանգամանքը մերոնց համար այդաստիճան կարեւոր է, ինչո՞ւ Աղդամի մասին էլ նույնը չենք գրում, թե՞ էս նեղ «մաջալին» էլ ենք ջանում պատմությունը չաղարտել։ Վերջապես՝ եթե մենք վստահորեն գրում ենք, որ Ուրարտուն Հայաստան է, ինչո՞ւ չենք կարող նույն տարածքի վրա գտնվող ավելի մանր բնակավայրերին տեր կանգնել, եթե, իհարկե, մեր քրիստոնեական սիրո համար այդքան կարեւոր են պատմական նրբացուցիչ հանգամանքներն ու մանրամասները։

Մի՞թե արդեն բոլորիս համար պարզից էլ պարզ չէ, որ եթե չբնակեցնենք գրավյալ մեր ողջ տարածքները, ապա դատարկ քաղաքներն ու գյուղերը մշտապես զենքով ու զորքով պահելը պարզապես մի օր անհնար է դառնալու։ Իսկ ձեռք բերածդ սիրելու ու գնահատելու համար նախեւառաջ հաղթանակդ պիտի գնահատես ու սիրես։ Մենք մեր երկու եւ ավելի հազարամյակներում արդյո՞ք ավելի շատ հաղթանակներ ենք ունեցել, քան՝ այս վերջին մի քանի տարում ունեցանք։ Եվ մենք՝ երկու եւ ավելի հազարամյա ընթացքի զարմանազան պարտությունների ամենահարուստ հավաքածուի տերերս, երբեւէ ավելի պարտվածի կեցվածք ունեցե՞լ ենք, քան՝ այս վերջին տարիների մեր թեւաթափ կեցվածքն է։ Մեր լացուկոծն ու ճվճվոցն արդյո՞ք այսքան լսելի են եղել երբեւէ՝ որեւէ դարում։

Միգուցե մեր վերջին հաղթանակներին մեզանից շատերի անմասն ու անհաղորդ լինե՞լն է պատճառը, որ մեր հանգրվանային, բայց հիմնավոր հաղթանակները մասսայականորեն չեն գիտակցվում։ Բայց մի՞թե այս պատերազմի հիմնական ծանրությունը մեր ողջ ժողովուրդը իր ուսերի վրա չի տարել։ Թե՞ այնքան թեթեւ տարանք, որ հեշտ էլ մոռանում ենք։ Եթե մենք անվերջ Հայ դատից խոսենք՝ անվերջ անտեսելով հենց Հայ դատի գծով մեր վերջին տարիների աննախադեպ ձեռքբերումները, արդյո՞ք կարժանանանք վերջնական հաղթանակի երջանկությանն ու բերկրանքին։ Եվ արդյո՞ք կարժանանանք այդ վերջնականապես գեղեցիկ օրվան, եթե, այս էլ քանի տարի է, մեր երեւելի, բայց դեռեւս ոչ վերջնական հաղթանակի կարեւորությունը չկարեւորելով հանդերձ, հույժ ու առավել կարեւորում ենք այդ հաղթանակի դափնիները։

Դաշնակցությա՞ն դերն էր ավելի մեծ, թե՞ ՀՀՇ-ինը, թե՞, այնուամենայնիվ, Վազգեն Սարգսյանինը, թե՞ իսկապես Վազգեն Մանուկյանինը, թե՞ Ռոբերտ Քոչարյանինը կամ Սամվել Բաբայանինը։ Միգուցե այս հարցերի պատասխանները կարեւոր են վերոհիշյալ կազմակերպությունների ու անձերի համար, բայց արժե՞ արդյոք, որ դափնիների այս սկսված ու չվերջացող խլխլոցի մեջ մեր հասարակական կիրքն էլ ներդնենք։ Սույն ռազմահայրենասիրական ռազբիրատների անվերջությունն արդյո՞ք ճակատագրականորեն չի դառնա մեր վերջնական հաղթանակի խափանման միջոցը։ Երբ անցած տարեվերջին լույսաշխարհ հանվեց «Պատերազմ, թե խաղաղություն» նորավեպը, սույն աշխատասիրության մեջ ու շուրջ արծարծված խնդիրները քաղաքական շրջանակներին հստակորեն բաժանեցին երկու հիմնական խմբերի։

Մի խմբի ասածը մոտավորապես հետեւյալն էր. եթե Ղարաբաղի հարցում որոշակի զիջումների գնանք, ապա Հայաստանը հաստատապես կբարգավաճի։ Մյուս խումբն ասում էր, որ, ընդհակառակը, եթե Ղարաբաղի հարցում զիջենք՝ Հայաստանն էլ համարեք կործանված. այսինքն՝ ե՛ւ Ղարաբաղը, ե՛ւ Հայաստանը կարող են զուգահեռաբար եւ հավասարապես բարգավաճել։ Երրորդ կարծիք չգոյացավ, որովհետեւ դրա հասարակական պատվերը չկար։ Իսկ հասարակական պատվեր չկար, որովհետեւ հասարակությունը սովորաբար ուրախ նվագներ է նախընտրում պատվիրել։ Իսկ երրորդ կարծիքն, այնուամենայնիվ, կարող էր շատ դաժան լինել. ասենք, այսպիսին. իսկ հնարավո՞ր է, որ մենք թե՛ Ղարաբաղի հարցում տուժենք եւ թե՛ Հայաստանի (մեղա՜-մեղա՜)։

Բայց չէ՞ որ մենք Բլեյանին այնպես հիմնավոր ենք սպանել, որ դժվար թե որեւէ մեկն այլեւս հանդգնի նմանատիպ հոռետեսական հարցադրումներ անել։ Եթե պետք լինի, մենք Բլեյանին ֆիզիկապես էլ կսպանենք, բայց այլեւս չենք հանդուրժի պարտվողականության այդօրինակ հնչողություն՝ թեկուզեւ այդ հնչողությունը մեր երկուհազարամյա տհաճությունների բնական արձագանքը հանդիսանա։ Բայց մենք լավագույն դեպքում կարող ենք սպանել մեր տեսած ու մեր իմացած Բլեյանին, իսկ մեր ներսի Բլեյանի՞ն ով պիտի սպանի։ Ի՞նչ հավերժական ու ամենօրյա օրորոցային պիտի դնդնանք, որ մեր ներսի Բլեյանն օրվա մեջ ոչ մի անգամ չարթնանա։

Ո՞նց մշտապես մեր ներսում քնած պահենք նրան, եթե նա արթնանում է տարբեր եւ անսպասելի պահերի, զորօրինակ, ասենք, Պրիմակովի նշանակման պահին, եւ նմանապես արթնանում է հյուսիսային, հարավային, արեւելյան ու արեւմտյան ուժեղ քամիներից եւ նմանապես արթնանում է զանազան աղմուկներից եւ, արթնանանով, ինքը նմանապես սկսում է աղմկել՝ հավասարապես անհանգստացնելով ու ճնշելով կուսակցականներին ու անկուսակցականներին։ Եվ, այնուամենայնիվ, եթե հանկարծ հետաքննությունը պարզի, որ վերջին ամիսների մեր ինքնասպաններից թեկուզ մեկը ինքնասպանության ակտով պարզապես կամեցել է սպանել իր ներսի Բլեյանին, երբեք չհավատաք, որովհետեւ մենք բոլորս միմյանց հետ ներքին ու մշտական պայմանավորվածություն ունենք՝ ճանաչել եւ խարազանել միմիայն դրսի Բլեյանին։

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930