Լրահոս
Օրվա լրահոսը

Դիսոլն ու խլոսոլը

Սեպտեմբեր 22,1998 00:00
dex

ՁցՑ ՍՈՍ ՑցՑ

Խոլերայի՝ մի թեթեւ բարձրացրած գլխին խփելու միջոցառումների շարքում, որքան էլ տարօրինակ է, անգամ առողջապահության նախարար Գագիկ Ստամբոլցյանը չնշեց մի կարեւորի մասին։ Պարզապես հայտնվեց, որ նախարարությունն ամեն ինչով պատրաստ է եղել համաճարակի կանխմանը եւ իր այդ ամեն ինչը ուղղել է հենց այդ նպատակին։ Տեղեկացանք, որ խոլերայի համաճարակի շուտափույթ կանխմանը (հուսանք, որ այդպես է) մեծապես նպաստել են Հայաստանում արտադրված ինչ-որ դեղեր։

Պարզվեց, որ խոսքը «Ֆարմատեկ» դեղագործական գործարանի արտադրած լուծույթների մասին է։ Հիշեցնենք, որ այն Վաչե Մանուկյանի 13 մլն ամերիկյան դոլար ներդրումով վերապրոֆիլավորված նախկին «ռոբոտների» գործարանն է։ «Ֆարմատեկ»-ի տնօրեն Վլադիմիր Գալարյանը հայտնեց, որ սեպտեմբերի 4-ին առողջապահության նախարարությունը ինֆուզիոն չորս լուծույթների պատվեր է տվել իրենց։ Գործարանում նախկինում չարտադրվող այդ դեղամիջոցների արտադրությունը կազմակերպելու համար նույն օրը ազատվել է հոսքագիծը եւ արդեն գիշերը պատրաստ է եղել 2400 սրվակ դիսոլ հեղուկ։ Հաջորդ օրերին «Ֆարմատեկ»-ը արտադրել է հետեւյալ ինֆուզիոն հեղուկները 500-ական սրվակներով՝ ացեսոլ, խլոսոլ, ռինգեռ։ Արդեն սեպտեմբերի 7-ին դեղերի ամբողջ խմբաքանակը առաքվել է Մեծամոր։

Պրն Գալարյանն ասաց, որ Ռուսաստանին այս դեղերը պատվիրելու, փող փոխանցելու, պատվերը կատարելու եւ տեղ հասցնելու համար առնվազն 5-7 օր էր անհրաժեշտ, ինչը խոլերան հաստատ չէր հասկանա։ Մեր այն հարցին, թե առողջապահության նախարարությունը վճարե՞լ է իր տված պատվերի դիմաց, «Ֆարմատեկ»-ի տնօրենն ասաց, որ գումարի մասին խոսելու ժամանակը չէր, իրենք այն հիմնարկը չեն, որ այդ պահին փող պահանջեին, եւ որ գումարները հետագայում հաստատ կփոխանցվեն։ Պրն Գալարյանը ներկայացրեց նաեւ իրենց գործարանի հնարավոր հզորությունը. մեկ հերթափոխում կարող են արտադրել մինչեւ 5000 սրվակ հեղուկ։

Ի դեպ, իրենց աշխատելու չորս ամիսների ընթացքում արտադրել են երեք տեսակի ինֆուզիոն հեղուկներ՝ նատրի քլոր 0,9 %, 5 եւ 10 տոկոսանոց գլյուկոզա։ Իսկ մինչեւ տարեվերջ պատրաստվում են այդ թիվը հասցնել 18-ի։ Ի դեպ, վերոհիշյալ չորս լուծույթների արտադրության թույլտվություն «Ֆարմատեկ»-ը չի ունեցել, սակայն արտակարգ իրավիճակը պարտադրել է դրանց արտադրությունը։ Ինչպես Վլադիմիր Գալարյանն ասաց, այս դեպքում ստացվել է «չկա չարիք, առանց բարիքի» ժողովրդական ասացվածքի պես։

Դեղերի արտադրության թույլտվություն սովորաբար ստանում են հետեւյալ կերպ. արտադրվում է փոքր խմբաքանակ, «Հայդեղագործություն» լաբորատորիայում այն ստուգվում է, բավարար դեպքում ընդունվում են համապատասխան փաստաթղթեր եւ դեղորայքն, այսպես ասած, «գրանցվում է»։ Խոլերայի վերոհիշյալ չորս «դուշմանների» փորձաքննությունն ինքնըստինքյան է ստացվել, եւ «Ֆարմատեկ»-ը այժմ բոլոր հիմքերն ունի այն արագ գրանցելու։ Վլադիմիր Գալարյանը հատուկ շեշտեց, որ բնության կողմից հաստատվել է Վաչե Մանուկյանի պնդումը՝ այս գործարանի ստրատեգիական նշանակության մասին։

Իսկ մենք մեր կողմից մեկ անգամ էլ շեշտում ենք այն, որ առնվազն տարօրինակ է, որ նման ստրատեգիապես կարեւոր գործարանի արած ոչ պակաս կարեւոր գործի մասին իմանալու եւ հասարակությանը տեղեկացնելու համար անհրաժեշտ է «հետաքննություն» սկսել։

ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930