Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԼԱՏԵՆՏ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ

Սեպտեմբեր 22,1998 00:00
Vahan Hovhannisyan

Նախագահի խորհրդական Վահան Հովհաննիսյանը նախագահական նստավայրի առաջ փախստականների կազմակերպած ոչ բազմամարդ ցույցից հետո զրույցի էր հրավիրել նախկին բաքվեցի չորս մտավորականի, որոնք ներկայացնում էին Երեւանում ապրող նախկին բաքվեցիների խնդիրները։ Զրույցի դոմինանտ նյութը բնակարանների հարցն էր։ Փախստականների բնորոշմամբ, նախագահի խորհրդականը «լատենտ ձեւով» բացատրել էր, թե Երեւանում մշտական բնակությունը քննարկման ենթակա տարբերակ չէ եւ պետք է մտածել շրջանները, Լաչինի միջանցքը փախստականներով բնակեցնելու մասին։

Հանդիպման հրավիրվածներն իրենց անհամաձայնությունն են հայտնել նախագահի խորհրդականի առաջարկած տարբերակների վերաբերյալ, հիմնավորելով, որ փիլիսոփայական գիտությունների թեկնածուն Լաչինում անելիք չունի։ Ի պատասխան, Վահան Հովհաննիսյանը հիշեցրել է, թե ինքը եւս գիտությունների թեկնածու է եւ հարցրել՝ արդյո՞ք դա հիմա որեւէ նշանակություն ունի (բնականաբար, զրույցի ձայնագրություն չկա, ունենք միայն զրույցը վերապատմող փախստականների ձայնագրությունը -Լ.Հ.)։

Հիշեցնենք, որ գիտությունների թեկնածու Վահան Հովհաննիսյանն, այնուամենայնիվ, հանրապետության նախագահի խորհրդական է, ինչը կտրուկ տարբերվում է Լաչինում հողամշակման աշխատանքներից։ Թեեւ փախստականներն անընդհատ նշում են, որ Վահան Հովհաննիսյանը փախստականներին Լաչին, շրջաներ եւ, ի վերջո, լավագույն դեպքում՝ Ստեփանակերտ տեղափոխելու մասին խոսում էր զգուշորեն, «լատենտ» եղանակով՝ խուսափելով կտրուկ երանգներից։

Զրույցի հրավիրված նախկին բաքվեցիները անհասկանալի տարակուսանքով բազմիցս նշում էին, թե նախագահի խորհրդականը խոսում էր շատ բարեկիրթ եւ զգուշորեն։ Փախստականների այս զարմանքը կարող է մի բացատրություն ունենալ՝ նրանց հետ քիչ պաշտոնյաներ են խոսում եւ վերաբերվում բարեկիրթ եւ քչերն են աշխատում չվիրավորել նրանց արժանապատվությունը։ Քննարկելով Երեւանում տեղավորված փախստականների հարցը եւ չհանգելով էական եզրակացության, նախագահի խորհրդականը հրաժեշտ է տվել հրավիրված փախստականներին։

Հանդիպումից մեկ շաբաթ անց Վահան Հովհաննիսյանը «Լուրեր» ծրագրով Ավանի հանրակացարանի փախստականների հետ հանդիպման ժամանակ հայտարարում է, թե փախստականների բռնի տեղահանման մասին որեւէ խոսք չկա, ոչ ոք իրավունք չունի որեւէ փախստականի բռնի տեղահանել բնակության ներկա վայրից եւ ուղարկել Լաչին, Ղարաբաղ կամ այլուր (նշեմ, որ խորհրդականի հետ հանդիպած նախկին բաքվեցիներից ոչ մեկը ծագումով ղարաբաղցի չէ)։ Վահան Հովհաննիսյանի այս հեռուստաելույթից հետո իրենց տարակուսանքն են հայտնում հանդիպման հրավիրված չորս փախստականները խորհրդականի բեւեռայնորեն հակադիր խոսքի վերաբերյալ։

Կարինե Ասատուրովա՝ բանասեր – Մեզ հետ զրուցելիս Վահան Հովհաննիսյանն առաջարկում էր Լաչին, Ստեփանակերտ տեղափոխվել, թեեւ դա ասում էր հարցական տոնով՝ Ո տՏփպՎց ոօ վպ Չ հՑպտՈվՈՍպՐՑ? եւ այստեղից միանգամայն պարզ էր, որ նոր իշխանությունները որեւէ հստակ ծրագիր չունեն եւ անգամ իրենք չգիտեն ի՞նչ են անելու մեզ հետ։ Ինչ վերաբերում է նրա հեռուստաելույթին՝ զարմացած եմ բեւեռայնորեն հակադիր խոսքից։

Վաղարշակ Թավաքալյան – Վահան Հովհաննիսյանին, անկեղծ ասած, մինչեւ վերջին հեռուստաելույթը հարգում էի, բայց հիմա հասկացա, որ նրա հետ եւս հույսեր կապել չի կարելի, նա ժխտում էր իր իսկ ասած մտքերը եւ զարմանում, թե ո՞վ է այդպիսի բաներ տարածում, այնինչ մեզ հետ զրուցելիս ասում էր, թե մեղավորն այն պաշտոնյաներն են, որոնք փախստականներին հույսեր են տալիս, հանրակացարանները սեփականաշնորհելու լուրեր են տարածում եւ առաջացնում ավելորդ մոլորություն։

Ժաննա Հարությունովա՝ ինժեներ – Վահան Հովհաննիսյանի հետ զրույցից պարզ էր, որ, ըստ էության, ոչինչ չի փոխվելու։ Նա խոսեց մեզ Լաչին, Ստեփանակերտ տեղափոխելու մասին, ասաց, թե լավ ծանոթ չէ փախստականների խնդիրներին, նախագահը կվերադառնա եւ իրենք կսկսեն ուսումնասիրել փախստականների խնդիրը։ Այսինքն՝ 10 տարի անց նոր պիտի սկսեն ուսումնասիրել։ Հեռուստաելույթի ժամանակ նա հրաժարվեց իր բառերից, ինչն իրեն պատիվ չէր բերում։ Նաեւ շատ անհասկանալի էր, թե ինչու էր Վահան Հովհաննիսյանը փախստականների հարցով իրեն ուղեկից ընտրել նախկին փախստական, փախստականների վարչությունում միգրացիայի հարցերով զբաղվող Էդիկ Փոլադովին, որն իր աշխատանքի ընթացքում հասցրել է ե՛ւ Երեւանում բնակարան ստանալ, ե՛ւ հիմա էլ պայքարում է փախստականների դեմ, թե «ինչու եք հրաժարվում Ղարաբաղից, այնտեղ կարելի է լավ հողատարածքներ ստանալ ամառանոցի համար»։ Այսինքն՝ Երեւանում բնակարան եւ աշխատանք ունենալուց հետո, մեզ՝ ոչինչ չունեցողներիս ուզում է օգտագործել ամառանոց ունենալու համար։ Զարմանալի է, որ հենց նա պիտի ցուցումներ տա նախագահի խորհրդականին եւ ոչ որեւէ մեկը, որ շատ լավ գիտի փախստականների իրական վիճակը եւ ոչնչի չի հասել, եւ ոչինչ չունի Երեւանում։

Ռաֆիկ Սեյրանյան՝ փիլիսոփա – Ցավոք, Վահան Հովհաննիսյանի հեռուստաելույթը չեմ լսել, բայց ընկերներիս պատմածով հակասել է ինքն իրեն։ Ճիշտ է, նա շատ զգուշորեն էր խոսում եւ մյուսների նման կոպիտ ու կտրուկ չէր ասում գնացեք Լաչին, բայց Լաչինի մասին խոսք եղել է եւ ես համաձայն չեղա, ասելով, թե գիտությունների թեկնածուն ի՞նչ անի Լաչինում, նա շարունակեց, թե իսկ ինչու ոչ Ստեփանակերտ։ Իսկ հետո, ասում են, հեռուստաելույթի ժամանակ զարմացել է՝ ո՞վ է տարածում այդպիսի լուրեր։ Բայց ամենաէականն այն էր, որ պարզվում է՝ որեւէ ծրագիր չունեն փախստականների հարցը լուծելու, որեւէ կոնկրետ առաջարկ նոր իշխանությունները չունեն, սա է անհանգստացնում։

ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930