Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔՑԵԼՈՒ» ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՁԵՎԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Սեպտեմբեր 22,1998 00:00
Pararvesti usumnaran

Ասում են, օրինակը վարակիչ է։ Չքննարկենք՝ վա՞տը, թե՞ լավը։ Պարզապես վերջերս մեր պետական այրերը սկսել են խիստ ընդգծված հետաքրքրություն ցուցաբերել ոչ թե ինչ-որ բնագավառի, այլ առանձին վերցրած մի օջախի նկատմամբ։

ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանը (հետո բավական ուշացումով նրան միացավ Երեւանի քաղաքապետ Սուրեն Աբրահամյանը) երեկ այցելեց Պարարվեստի ուսումնարան։ Թե ինչ հետաքրքրություն կարող էր ունենալ ԱԺ նախագահը երիտասարդ պարողների նկատմամբ, շտապեցինք պարզել տեղում։ ԱԺ նախագահից այցելության նպատակը պարզելուց առաջ, ԱԺ պատգամավոր, մշակույթի փոխնախարար Արամ Մանուկյանին հարցրինք, ասաց. «Ասել են, եկել եմ»։

Մինչեւ Հովհաննես Դիվանյանի սաների ելույթ-դասի սկիզբը ուսումնարանի տնօրեն Թերեզա Գրիգորյանը իրենց դարդ ու ցավն էր ներկայացնում, մասնավորապես ձմռանը հանրակրթարանի դասարանների չջեռուցվելու մասին։ «Չորս դահլիճ ենք միայն տաքացնում։ Դասին նստում են շուբաներով, մի կերպ»։ Հետո սաները ելույթ ունեցան թե չէ, ամբողջ պատվիրակությունն ուղղվեց տնօրենի առանձնասենյակ, որի ընդունարանում լրագրողների մուտքը փակեցին։ Տեղեկանալով, որ ներսում «մի թեթեւ սեղան» է գցված, խնդրեցինք, որ ԱԺ նախագահն ու քաղաքապետը պատասխանեն մեր հարցերին, հետո էլի թող գնան իրենց սեղանին։ Շքախմբով հանդերձ դուրս եկավ Խոսրով Հարությունյանը եւ պատասխանեց «Առավոտ»-ի հարցերին։

– Ո՞րն էր այցելության նպատակը։

– Մեր այցելության հիմնական նպատակը հետեւյալն էր. իմ խոր համոզմամբ (իսկ ինձ այցելության ընթացքում ուղեկցում էին Երեւանի քաղաքապետը, մեր Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի հարցերի հանձնաժողովի նախագահ պրն Մկրտչյանը, ինձ հետ էր նաեւ մշակույթի փոխնախարար Արամ Մանուկյանը եւ ֆինանսների փոխնախարար պրն Ասլիկյանը եւ իհարկե մեր մնացած գործընկերները): Այս դպրոցը ունիկալ դպրոց է։ Այսպիսի ուսումնարան մենք հանրապետությունում չունենք, սա միակ կրթօջախն է, որտեղ ոչ միայն կրթվում, ձեւավորվում են, այլեւ ըստ էության կայանում են մեր ապագա բալետի մասնագետները, մեր պարարվեստի մասնագետները։ Լինելով բավականին ծանր վիճակում՝ այսուհանդերձ, այս ուսումնական կոլեկտիվը շատ ազգանվեր գործ է կատարում,- կարծես լոբբինգ էր կատարում ԱԺ նախագահը։

– Այսօր դպրոցը,- «փափուկ, մեղմ» ասաց պրն Հարությունյանը,- ոչ լավ պայմաններում է գտնվում։ Առավելապես մեզ մտահոգում է ձմռան ընթացքում մեր երեխաների ուսուցման անընդհատությունը, երբ ոչ միայն դասարաններում, այլեւ պարասրահներում ցուրտ է լինում։ Նրանց սպեցիֆիկան, առանձնահատկությունն այնպիսին է, որ նրանք անընդհատ պետք է մարզվեն, պարեն։ Այդ իսկ պատճառով մենք այսօր փորձում ենք նախեւառաջ փորձարկել՝ հնարավո՞ր է արդյոք նորմատիվների կարգավորման, բյուջետային հատկացումների ծավալը առանձնահատուկ ուսումնասիրելու ճանապարհով դպրոցի իրավիճակը կարգավորել։

ԱԺ նախագահն ասաց, որ իր ուղեկիցների (այդ շարքում առաջինը քաղաքապետին նշեց) հետ պայմանավորվել է «հնարավոր ֆինանսական աջակցության ալտերնատիվ այլ աղբյուրների մասին»։

Մասնավորապես ԱԺ նախագահը հրատարակեց իր ֆոնդի պարունակությունը՝ ընդամենը 720 հազար դրամ եւ այդ գումարը այսօր արդեն կտրամադրվի (այդ փաստաթուղթը կա – Խ.Հ.) դպրոցի փոքր հատվածի շինարարությունը կատարելու։ (Դուք նկատեք, որ հա՛մ բյուջեից, հա՛մ ալտերնատիվ, հա՛մ էլ ԱԺ նախագահի ֆոնդը։ Բախտի տերը… – Ա.Գ.)։

«Առավոտ»-ին հետաքրքրում էր, թե պետության ուշադրությունը պարարվեստի ուսումնարանի նկատմամբ նշանակո՞ւմ է պետության ուշադրություն ընդհանրապես պարարվեստի նկատմամբ, քանի որ պարարվեստը կարծես այնքան էլ ուշադրության կենտրոնում չէ։ ԱԺ նախագահը չէր ասի, որ «պարարվեստը ուշադրության կենտրոնում չէ»։ Ճիշտ է, նա գտնում է, որ պարի հայ վարպետները տեղ ունեն բողոքելու (ենթադրում ենք, որ պրն Հարությունյանը նկատի ուներ՝ իրավո՛ւնք ունեն եւ ոչ թե՝ բողոքելու համար հատկացված տեղ), բայց նա չէր կարծում, որ «պետությունը պարարվեստը ուղղակիորեն թողել է ուշադրության կենտրոնից եւ կենտրոնացրել ուշադրությունը արվեստի մնացած բնագավառների վրա» (վերջին պնդման հետ ո՛նց ենք համաձայն, ո՛նց ենք համաձայն – Ա.Գ.)։

Ուսման անընդհատության հետ կապված մի հարց էլ ծնվեց՝ կապված պարելու անընդհատության հետ։ Մեզ հետաքրքրում էր՝ պետությանը հետաքրքրո՞ւմ է, որ պարողները երկու տարի զինվորական ծառայություն անցնելուց հետո այլեւս պարող չեն լինում։

– Վերջերս ընդունված «Զինապարտության մասին» օրենքում մի նորմ ունենք ամրագրված, որ առանձին քաղաքացիներ, նաեւ կառավարության որոշմամբ, կարող են ազատվել զինծառայությունից։ Իսկ ընդհանրապես պարարվեստի ուսումնարանի շրջանավարտներին ազատել զինծառայությունից, մենք այս պահին դրան դեռ պատրաստ չենք,- եզրափակեց պրն Հարությունյանը։

Ինչքան էլ ԱԺ նախագահը «պետության ուշադրությունը» այս ուսումնարանի նկատմամբ վերջինիս «ունիկալությամբ» էր պայմանավորում, մեզ հաջողվեց պարզել, որ այնտեղ է աշխատում ԱԺ նախագահի տիկինը։ Մենք բնավ էլ ենթադրություններ չենք անում, չէ՜, ուղղակի դիմում ենք տիկնոջը՝ Բելա Հարությունյանին։

– Հնարավո՞ր է, որ պետական այս ուշադրությունը պայմանավորված է նաեւ նրանով, որ դուք այստեղ եք աշխատում։

– Ինձ թվում է, ոչ, որովհետեւ ինքը իմիջիայլոց, շատ է սիրում պարարվեստը, հատկապես բալետը։ Ինչքան գնում էր Մոսկվա, միշտ Մեծ թատրոն էր գնում։

– Իսկ նրա անձնական ընտրությունն է՞լ է պարարվեստի նկատմամբ հատուկ վերաբերմունքով պայմանավորված։

– Այո,- համեստորեն չհերքեց տկն Բելան։

Այնուհետեւ ներսում սկսվեց «ուտուշ-խմուշ»-ը։ Քաղաքապետի հետ զրուցելու համար ստիպված էինք սպասել, մինչեւ նա «կշտանա» (ինչպես ընդունարանում էին խոսում)։ Ասեմ, որ այնքան էլ կարճ չտեւեց այդ գործընթացը։ Իսկ հարց տալու մեր ցանկությունը իրեն կարոտելուն վերագրելուց հետո Սուրեն Աբրահամյանը կանգ առավ եւ պատասխանեց՝ ի՞նչ նպատակով եք եկել հարցին։

– Գլխի չեմ։ Նման պարագաներում քաղաքապետին ինչո՞ւ են կանչում,- իր հերթին հարցրեց քաղաքապետը։

– Ինչո՞ւ են կանչում։

– Որովհետեւ ռեալ բան անողը քաղաքապետն է։ Ինչ կարգի վերաբերմունք էլ ունենամ այս՝ իր ձեւի մեջ առաջնակարգ մշակութային օբյեկտի նկատմամբ, գերատեսչական պատկանելության խնդիր կա։ Որովհետեւ քաղաքապետարանն էլ սուղ միջոցներ ունի, եւ քաղաքապետարանն էլ իր ենթակայության տակ մշակույթի օբյեկտներ ունի։

Այդ պահին ուսումնարանի աշխատակիցներից հայտնեցին, որ պրն Աբրահամյանը իրենց տարեկան 2 մլն դրամ է խոստացել «պուանտների» համար։ Իսկ ուսումնարանի տնօրեն Թերեզա Գրիգորյանը խիստ հուզվել էր՝ տեսնելով, թե ինչպես է հովանավորել քաղաքապետարանը դրամատիկ թատրոնին։ Քաղաքապետը հուզմունքի ավելի մեծ դոզա խոստացավ, եթե տնօրենն Էրեբունու թանգարան այցելի։ Տնօրենն ասաց, որ Էրեբունի չի գնա մեքենա չունենալու պատճառով, սակայն նրա աշխատակիցներն ասացին դժգոհության բուն պատճառը.

– Ոչ պրոֆեսիոնալ բալետմեյստերի ներկայությունը Էրեբունի-Երեւան տոնակատարությունների ժամանակ։

– Դուք որտեղի՞ց եք։

– Ուսումնարանից, բայց թույլ տվեք չներկայանալ։

ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930