Սեպտեմբերի 18-ին Ստրասբուրգ մեկնեց Հայաստանի խորհրդարանականների պատվիրակությունը, որն այնտեղ մասնակցելու է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընթացիկ տարվա վերջին լիագումար նիստին։ Մեր պատվիրակությունը գլխավորում է «Բարեփոխումներ» խմբի նախագահ, պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը։
Վերջերս ««Առավոտ»-ին տված իր հարցազրույցում ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Իգիթյանը վերապահ դիրքորոշում էր արտահայտել, թե կկարողանա՞, արդյոք, Արմեն Մարտիրոսյանը երկու-երեք ամսում ձեռք բերել այն փորձն ու ծանոթությունների շրջանակը, որն իրեն հասու է դարձել երկու-երեք տարվա տքնաջան աշխատանքի արդյունքում։ Հենց այս հարցադրումով էլ սկսեցինք խոսակցությունը Արմեն Մարտիրոսյանի հետ։
– Գիտեք ինչ, ես պետք է շնորհակալություն հայտնեմ Հովհաննես Իգիթյանին, որ իմ ունակությունները 10 անգամ ավելի բարձր է գնահատել։ Դա ինձ կհաջողվի երեք օրում, երեք տարում, թե երեք ամսում, այսօր չեմ կարող ասել, եւ չեմ էլ ուզում քննարկել այս հարցը։ Այնուամենայնիվ, կարող եմ մեկ բան հստակ պնդել՝ Ստրասբուրգ մեկնող պատվիրակության մեջ, կատարվող աշխատանքի նկատմամբ մոտեցումները չափազանց լուրջ են։ Դրա մասին կարող են պատվիրակության անդամները վկայել։ Ես չեմ ուզում ասել, թե նախկինում աշխատանք չի կատարվել, բայց հստակորեն կարող եմ պնդել, որ, իբրեւ պատվիրակության ղեկավար, ես ինքս հնարավորինս շատ նյութեր եմ հավաքել, այդ թվում եւ արտգործնախարարությունից։
Ես որեւէ խնդիր չունեմ հայերեն, ռուսերեն կամ անգլերեն տեքստերի հետ աշխատելու հարցում, օտար լեզուներին եւս տիրապետում եմ, ուստի դրանից հետո որեւէ դժվարություն չեմ ունենում վերլուծություն անելիս։ Վերջիվերջո ես ունեմ 8 տարվա պատգամավորական ստաժ եւ չեմ կարծում, թե ամբողջապես դուրս եմ եղել այս կամ այն քաղաքական գործընթացից ու զրկված տեղեկատվությունից։ Կարծում եմ, որ այն հիմքը, որը ձեւավորվել է 8 տարվա ընթացքում եւ հարստացվել մամուլի հրապարակումների ու զանազան քննարկումների ազդեցությամբ, բավարար է։ Նույն Հովհաննես Իգիթյանի համար ասեմ եւ թող նա իմանա, որ ես արտաքին հարաբերությունների ոլորտում եւս պատվիրակության անդամ եղել եմ եւ ունեմ որոշակի փորձ։ Բրյուսելում եմ եղել։
Կարդացեք նաև
Չէի ցանկանա, որ համարվի անհամեստություն, բայց, այնուամենայնիվ, ասեմ, որ 1991 թվականին, երբ Հայաստանում շատ քիչ մարդիկ գիտեին, թե ինչ է «Թեկնիկալ ասիսթենս»-ը, եւ դա խառնում էին հաստոցների ներմուծման հետ, ես, իբրեւ երիտասարդ պատգամավոր, ստեղծել էի մի նախաձեռնող խումբ, որը կոչվում էր «ՀՀ տնտեսական ռեֆորմների նախաձեռնող խումբ» եւ ակտիվորեն աշխատում էր։ Հայաստանից եվրոպական կառույցներին ներկայացված եւ հաստատված առաջին տնտեսական նախագիծը գրվել է Մարտիրոսյան Արմենի համահեղինակությամբ։ Այդ հիմքով է ստեղծվել այն հաստատությունը, որն այսօր կոչվում է «Հայաստանի փոխօգնության բանկ»։ Այդ նախագիծը մենք ներկայացրել ենք 1991-ին՝ կամավոր սկզբունքով, իբրեւ երիտասարդ էնտուզիաստներ, իբրեւ ՀՀ քաղաքացիներ, որոնք ուզում են տեսնել իրենց երկրի վաղվա օրը եւ բարեփոխումների վերաբերյալ ունեին որոշակի կոնցեպտուալ գաղափարներ։ 1992 թվականին այն ճանաչվեց Եվրոպական միության լավագույն նախագիծը։
Ասեմ նաեւ, որ իբրեւ վարչապետի խորհրդական, ինքս եմ մշակել Տասիսի առաջին ինդիկատիվ ծրագիրը։ Ինձ պատիվ էր տրված ոչ միայն մշակել, այլեւ Հայաստանի Հանրապետության անունից ստորագրել այդ փաստաթուղթը։ Ուզում եմ ասել, որ Եվրոպայի ինստիտուտների հետ համագործակցելու փորձ ես ունեմ։ Թեպետ Հրազդանում եմ պատգամավոր ընտրվել, սակայն որոշ մարդկանց չթվա, թե սարից եմ իջել Երեւան։
– Այդ ամենը շատ լավ է, պարոն Մարտիրոսյան, սակայն ինձ կոնկրետ, ձեր բացատրությունը չի կարող գոհացնել, որովհետեւ «Հայք» թերթի վերջին համարներից մեկում կարդացի, որ ֆինանսական մեքենայություններ եք թույլ տվել եւ յուրացրել 300 հազար դոլար «Հայէկոնոմբանկ»-ի ղեկավար աշխատելիս։ Այս ամենը ստրասբուրգյան ֆոնի վրա, կարծես, այնքան էլ համադրելի չէ։
– Պետք է ասեմ, որ ինքս էլ զարմացա, երբ ինձ տեղյակ պահեցին, թե այդ բովանդակությամբ հրապարակում է եղել։ Ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ «Հայէկոնոմբանկ»-ում իմ աշխատած ժամանակ, մասնավորապես Աշտարակի մասնաճյուղում, որը մատնանշված է «Հայք» թերթում, 300 հազար դոլարի կեղծ ավիզոյով գումարի յուրացման փորձ բացարձակապես չի եղել։ Հավաստիացնում եմ, որ ՆԳՆ 6-րդ վարչությունը, հակառակ «Հայք» թերթի պնդման, իմ գործունեությամբ չի հետաքրքրվել։ Ես այդ վարչության հետ այլ առնչություններ եմ ունեցել եւ բանկում կատարված դեպքերի վերաբերյալ ինքս եմ նյութեր տրամադրել ՆԳՆ 6-րդ վարչությանը, որպեսզի նրանք այդ գործերով զբաղվեն։
Զրույցը վարեց ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ