Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ» ԴԱՏԱՐԱՆԻ ԱՌԱՋ

Սեպտեմբեր 18,1998 00:00
dat

«Վերածնունդ» համաժողովրդական խորհուրդ հասարակական կազմակերպության «մութ» գործունեության մասին ամիսներ շարունակ խոսակցությունները կուտակվում եւ մեծ թափ էին ստանում։ Հատկապես խոսակցությունները կենտրոնացած էին կազմակերպության նախագահ, ժողովրդական նկարիչ Սարգիս Մուրադյանի, լուսավորության նախկին նախարար Հայկ Ղազարյանի եւ բանաստեղծ, Հայաստանի գրողների միության նախկին նախագահ Ռազմիկ Դավոյանի շուրջ։

Կազմակերպությունը ստեղծվել է երկրաշարժից հետո, զբաղեցնում է Կասյան 6 հասցեում 200 քմ պետական վարձակալական տարածքը։ Միսակ Մկրտչյանն այդ կազմակերպությանն անդամագրվել է 1991 թ., իսկ 1996-ի նոյեմբերի 29-ին հրամանագրվել է աշխատանքի։ Ժողովը Մ. Մկրտչյանին նշանակեց կազմակերպության տնօրեն եւ միաժամանակ ընտրեց կազմակերպության խորհրդի կազմի անդամ։ Խորհուրդը Մկրտչյանին նաեւ հանձնարարել էր նոր կանոնադրությունը գրանցել տալու գործը։ Կանոնադրությունը ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցվեց 1997-ի մայիսի 2-ին, թիվ 17/2-4 որոշմամբ։

1995 թվից Միսակ Մկրտչյանը «Վերածնունդ»-ին կից ստեղծել է «Էմ ընդ Էմ» («M&M») դուստր ձեռնարկությունը, որը 1997-ին վերանվանվել է «Գրաֆիկա գրուփ»։ 1997-ի նոյեմբերի 6-ից Մկրտչյանը մեկուսացվել է իր պարտականությունների կատարումից եւ կազմակերպությունից՝ «Ձեր գրասենյակը մեռավ… Կողպեքը փոխված է՝ իզուր մի չարչարվեք» (06.11.97 թ.) գրասենյակի դռան վրա փակցված գրությամբ։ Բանը հասավ դատարան…

Միսակ Մկրտչյանն ի վերջո դիմեց Արաբկիրի շրջանի ժողդատարան (պետական եւ իրավական մի քանի ատյանների դիմելուց հետո)։ Մկրտչյանի հայցադիմումն անձնական սեփականության գույքը ուրիշի ապօրինի տիրապետությունից պահանջի մասին է։ Նա պահանջում է իր հիմնադրած «M&M» դուստր ձեռնարկության գույքը (պատճենահանման եւ տպիչ մեքենաներ, համակարգիչներ, զանազան իրեր եւ գործիքներ) վերադարձնել իրեն, որոնք «բռնագրավել» են կազմակերպության անդամները։

Նախապատմություն

Որպեսզի հասկանալի լինի, թե ինչի մասին է խոսքը եւ ինչու է «Բանը հասել դատարան», ներկայացնենք այս ամենի նախապատմությունը։ Միսակ Մկրտչյանը կազմակերպության կանոնադրությամբ եւ իր հետ կնքված աշխատանքային պայմանագրով, որպես տնօրեն, տնտեսությունը կառավարելու իրավունքով, անցյալ տարի բանկից («Վերածնունդի» հաշվեհամարով) 595.000 դրամ գումար է վերցրել (քանի որ 1997 թ. Մկրտչյանն է վերագրանցել կազմակերպությունը, հետեւաբար, բանկում նրա ստորագրության նմուշն է)՝ կազմակերպության զբաղեցրած տարածքը վերանորոգելու համար։

Պատմում է Մկրտչյանը.

– Վնասվել-փտել էին շենքի սանհանգույցի խողովակները, ջրեր էին թափվում պատերով։ Գումարը բանկից հանեցի եւ մեծածավալ վերանորոգումներ արեցի։ Ես ոչինչ չեմ տարել իմ տունը սարքել, այլ տարածքն եմ նորոգել եւ իրենք էլ տեսել են։ Այլ հարց է, որ իրենց պետք է տեղյակ պահեի նորոգումները սկսելուց առաջ, բայց նրանք բոլորն ամռան ամիսներին իրենց դաչաներում հանգստանում են եւ այստեղ չեն լինում։ Վեճի պատճառը դա եղավ։ Ինձ ասացին՝ դու այլեւս տնօրեն չես, դուստր ձեռնարկությունդ փակիր ու գնա։ Այդ կազմակերպությունում ի սկզբանե հավաքված էին մշակույթի գործիչներ, որոնք իբրեւ թե զբաղվում էին բարեգործական, մշակութային գործունեությամբ։ Արտասահմանից ինքնաթիռներով օգնություններ էին ստանում, որը կոորդինացնում-բաժանում էին։

Ըստ կանոնադրության, կազմակերպության խնդիրն է՝ գիտության եւ մշակույթի զարգացման աջակցության, Արցախի եւ աղետի գոտում մշակույթի օջախների վերականգնման-նպաստման, անցյալի եւ ժամանակակից արվեստի ուսումնասիրման հարցերով զբաղվելը։ Կազմակերպությունը մինչեւ այսօր այդ խնդիրներով բնավ չի զբաղվել։ Վարձակալած ամբողջ տարածքը, առանց օրինական պայմանագրի եւ գրանցման, վարձով տրամադրում են տարբեր անհատների ու ձեռնարկությունների եւ վարձը գրպանում…

Հասարակական կազմակերպությունը, փաստորեն, չկա, սակայն նրա խորհուրդը կա եւ գործում է միայն խորհրդի անդամների օգտին։ Ստեղծվելու օրից կազմակերպությունը Արցախում կամ աղետի գոտում մշակույթի որեւէ օջախ չի վերականգնել կամ նորերը չի ստեղծել, գիտության ու մշակույթի զարգացմանը որեւէ աջակցություն չի ցուցաբերել… Միայն անկաշառ ստուգումները կպարզեն, թե արտասահմանյան ու տեղական կազմակերպություններից հանգանակված եւ նվիրաբերված նյութական ու ֆինանսական միջոցները կեղծ ձեւակերպումներով ում գրպաններն են հոսել ու շարունակում են հոսել։ …

Մեր սեփական գույքը մեզանից պահել են, չեն տալիս, ասում են՝ դու մեզ այսինչ բաները կտաս՝ կտանք։ Եթե ես այդ 595.000 դրամը բանկից հանելով սխալ եմ թույլ տվել, պետք է դիմեին դատարան։ Դատարանի ֆունկցիան վերցրել էին իրենց վրա ու ինձ մեղադրանքներ էին հասցնում։ Այսքան ամիսներ իրենց պատճառով ես անգործության եմ մատնվել։ Ստիպված դիմեցի դատարան, որ վերադարձնեն իմ գույքը, որից՝ լրակազմով համակարգիչը դիրիժոր Զավեն Վարդանյանինն է, իսկ գործող-կտրող սարքի համակարգը՝ ճարտարապետ Լեւոն Իգիթյանինը։ Դուստր ձեռնարկությանս հատկացված էր 20 քմ տարածք, բայց ես վճարում էի ամբողջ տարածքի (200 քմ) վարձավճարը, հեռախոսի, ջրի, լույսի, սանմաքրման համար։ Հավաքարարին վճարում էի եւ հոգում կազմակերպության տնտեսական-կենցաղային կարիքները։

Ծիծաղելի, իրենց ձեռնտու պայմանագիր էին սարքել, ըստ որի, իմ ձեռնարկության շահույթից 10% էլ պետք է տայի իրենց բարեգործական գործունեության համար։ Ասում են, թե ես պետք է վճարեմ նաեւ իրենց միջքաղաքային, միջազգային խոսակցությունների՝ «ԱրմենՏելի» պարտքը՝ 524263,5 դրամ։ Ի դեպ, Մկրտչյանն ասաց նաեւ, որ «Մարդու իրավունքներ-96» կազմակերպության նախագահ Ռուբեն Թորոսյանը նույնպես արդեն «Վերածնունդի» անդամ է, անգամ՝ Սարգիս Մուրադյանի տեղակալն է։

Վերադառնանք դատարան

Արաբկիրի շրջանի ժողդատարան։ Գործը քննում է դատավոր Գագիկ Սարգսյանը։ Դատարան էին եկել հայցվոր Միսակ Մկրտչյանը, իր տիկինը՝ Էմմա Սարգսյանը (որը ձեռնարկության հաշվապահն էր), եւ նրանց փաստաբանը։ Պատասխանող կողմից ներկայացել էին Հայկ Ղազարյանը եւ Ռուբեն Թորոսյանը, որը Սարգիս Մուրադյանի լիազորված անձն էր։ Դատավորի հարցին, թե ո՞ւր է Սարգիս Մուրադյանը, Ռ. Թորոսյանը պատասխանեց, թե Մուրադյանը վատառողջ է, եւ նրա փոխարեն ինքն է պատասխանելու։ Դատը, որպես այդպիսին, չկայացավ, այլ որոշվեց Մկրտչյանի հայցադիմումում թվարկված 19 անուն գույքի վրա արգելանք դնել, որպեսզի գույքը չնվիրվի, չվաճառվի ու չփչացվի։ Եվ, քանի որ Ռ. Թորոսյանը պնդում էր, թե այդ գույքն իրենց («Վերածնունդի») հաշվեկշռի վրա է նստած, դատավորը նշեց, որ վերոհիշյալ նախնական քայլից հետո կպարզեն, ում գույքն է եւ կվերադարձնեն իսկական տիրոջը։

Նախկին լուսավորության նախարարը բարդ բաներ չի հասկանում

Պարզվեց, որ դատավորը գործին ծանոթանալու համար հանդիպել էր երկու կողմերի հետ եւ հանդիպումներից մեկի ժամանակ, որին ներկա են եղել Ռուբեն Թորոսյանը եւ Սարգիս Մուրադյանը, նկարիչ Ս. Մուրադյանը դատավորին ասել է. «Թող գան իրենց գույքը տանեն… քարը գլուխը, թող տանեն…»։ Իսկ այդ զրույցից հետո, երբ Մկրտչյանը գնացել է իր գույքը վերցնելու, Թորոսյանը եւ մնացածները պահանջներ են ներկայացրել ու չեն թողել, որ տանի։ Դատավորը Թորոսյանին հիշեցրեց այդ խոսակցության մասին, սակայն Թորոսյանը լռում էր, տեղ-տեղ խոսում՝ կարծես փորձելով Հայկ Ղազարյանի մոտ արդարանալ։ Ղազարյանը, որ գլխիկոր լսում ու գլուխ չէր հանում իրավաբանական տերմիններից, այդ խոսքերից զարմացավ. «Ո՞նց տանեն…, չէ՛… բարդ բառեր մի՛ ասեք, ես ձեզ չեմ հասկանում»։

Ղազարյանը հավաքվածներից պահանջում էր բացատրել իրավաբանական տերմինները։ Դատավորը չդիմացավ. «Ես պարտավոր չեմ իրավաբանական տերմինները բացատրել, փաստաբան վարձեք, թող բացատրի…»։ Բոլորը նկատեցին, որ Ղազարյանի եւ Թորոսյանի միջեւ անհամաձայնություն կար, մեկը մեկին չէր հասկանում։ Ղազարյանն ամբողջ ընթացքում զարմանում էր Թորոսյանի ասածների վրա։ Իսկ Սարգիս Մուրադյանը տանը չէր…

Լրագրողական հետաքրքրությունս չկարողացա զսպել եւ զանգահարեցի Սարգիս Մուրադյանին՝ ճշտելու, իսկապե՞ս հիվանդ է։ Նա տանը չէր, բայց ասացին, որ արդեն լավ է զգում իրեն ու գնացել է «Վերածնունդ» (տվեցին հեռախոսահամարները)։ Մուրադյանին գտա «Վերածնունդում»։ Նա ասաց, որ հիվանդ է եղել, մեջքը ցավում էր, բայց եկել է Թորոսյանից նիստի արդյունքներն իմանալու։ Մուրադյանը հրաժարվեց հարցազրույցից. «Ես դակումենտներից բան չեմ հասկանում, թող Ռուբեն Թորոսյանը ձեզ պատասխանի»։ Թորոսյանն ինձ չէր հետաքրքրում։

Ի դեպ, պրն Մուրադյանին խիստ հուզում էր իմ գտնվելու վայրը, թե որտեղի՞ց եմ զանգահարում, եւ իմ զանգից հետո նա էլ զանգահարել էր «Առավոտ», սակայն չէր գտել։ Երկրորդ անգամ զանգահարեց, եւ ես կրկին խնդրեցի հարցազրույց տալ, որպեսզի հարցը միակողմանի չներկայացվի։ Նորից ինձ առաջարկեց խոսել Թորոսյանի հետ, էլի հրաժարվեցի…

Վերջում պայմանավորվեցինք հարցազրույցի համար, որը կներկայացվի մեր թերթի մոտակա համարներից մեկում։

«Վերածնունդում» պոկե՞ր էին խաղում»

Այդպես ասաց Միսակ Մկրտչյանը իմ հարցին, թե՝ եթե գործ չէին անում, ապա ինչո՞վ էին զբաղված։

– Այդտեղ հիմնականում գալիս էին ճանաչված պատգամավորները, դեմքերը… իրենց խաղատեղին էր, տաք տեղ էր։ Պոկերի սեղան կար դրված, դարակներում՝ չիպեր ու կարտեր։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930