Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ

Սեպտեմբեր 18,1998 00:00
dat

Քարին խաչվեց բողոք, խունկե արցունք կաթեց ծաղիկների թախծից

ԿԱՄԻԼԱ ՄԻ՛ ԴԱՏՎԻՐ, ՈՐ ՉԴԱՏՎԵՍ

Քաղաքացին հայցով դիմել է դատարան։ Հայցը բավարարվել է։ Գերագույն դատարանը վճիռը բեկանել է՝ «օրինական չէ»։ Արտառոց ոչինչ չկա, դատական առօրյայի համայնապատկերից է։ Իմաստ չէր ունենա հանդես գալ այս գործով, եթե… Ցավոք, «եթե»-ները շա՜տ են, անթույլատրելի։ Միայն մեղքերի թողություն հայցելը կփրկեր այս ապօրինաբար ստեղծված, անհատական կրքերի վրա եփած գործի հեղինակներին, որոնք հեռու գնացող չար նպատակներ են ունեցել։

Բայց ի՞նչ երեսով մտնեն եկեղեցի, երբ անթաքույց գործել են… եկեղեցու դեմ։ Աշտարակի ժողդատավոր Գոհար Խաչատրյանի ձայնը դեռեւս երկա՜ր, շա՜տ երկար կհնչի շատերի ականջներում՝ «Ժողդատարանը վճռեց՝ Արագածոտնի մարզի թեմից բռնագանձել 500 հազար դրամ՝ որպես Արշալույս Ղուկասյանի կողմից կատարված աշխատանքների փոխհատուցում»։ Աշխարհի բոլոր մեղքերը մտովի հասցեագրեցի Արագածոտնի թեմին՝ ինչե՜ր են արել, որ դատավորը, հանուն եկեղեցու, շատ բաների վրա աչքը փակելով՝ այսքանը չի կարողացել շրջանցել։

Հրապարակավ ներողություն եմ խնդրում Արագածոտնի հոգեւոր թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Նավասարդ եպիսկոպոս Կճոյանից՝ հոգուս մեջ մխրճված այդ ծանր մտքի համար։ Կայացվել էր «անզուգական» վճիռ, որով կարելի էր իրավաբանների մի քանի սերնդի ուսուցանել, թե ինչպես չի կարելի արատավորել իրավաբանի համբավը, դատավորի կոչումը։

Կյանքի իններորդ տասնամյակ ոտք դրած հայցվորն ունեցել է խորհրդականներ, օգնականներ, որոնք օգնելու փոխարեն խանգարել են նրան ճիշտ կողմնորոշվելու հայցի հետ կապված հարցերում։ Արժե նշել նախկին դարձած Գերագույն դատարանի անդամ Հովհաննես Վարդանյանի բարեխիղճ աշխատանքը՝ նրա շնորհիվ կանխվեց, մեղմ ասած, ոչ հիմնավոր, ոչ օրինական վճռի սադրիչ ընթացքը։

Հայցվորը դիմել է Աշտարակի տարածքի դատարան՝ «1970-ին աշխատանքի եմ անցել Մուղնու սբ. Գեւորգ եկեղեցու «Էրեբունի» թանգարանի մասնաճյուղում՝ որպես տնօրեն։ Մինչեւ 1996 թ. նոյեմբերը… քարերից ու աղբից մաքրել եմ եկեղեցուն կից շուրջ 4 հազար քմ հողատարածքը եւ իմ անձնական խնայողություններով գնել, տնկել ու աճեցրել շուրջ 50 տեսակի ծառեր» (50 տեսակի ծառ կա՞ Աշտարակում -Պ.Ս.)։ Մեծահոգաբար շրջանցելով վճռի մեջ տեղ գտած մեծաքանակ ոճաբանական, տրամաբանական «վրիպակները», հոդվածում քննարկվում են միայն իրավական ու փաստական «կնճիռների»՝ ապօրինի վճռի հենասյուների, մի մասը։ Քրեստոմատիկ ճշմարտություն է՝ հայցադիմումներ ընդունելիս բոլոր դատավորները նախ պարզում են՝ հայցային վաղեմության ժամկետները պահպանվե՞լ են։

Դատավոր Խաչատրյանը մեծահոգաբար, մի տարվա ընթացքում կարողացել է ՉՊԱՐԶԵԼ, թե հայցային վաղեմության ժամկետները 26 տարվա ընթացքում բաց չե՞ն թողնվել։ Դատավորը մեծահոգի է եղել ու զիջել է պետտուրքը, իհարկե, իրեն նախապես ապահովագրելով. հայցադիմումը ներկայացվելուց երեք ամիս անց, չգիտես ինչպես, գործի մեջ հայտնվել է Աշտարակի քաղաքապետարանի ֆինբաժնի պետ Ն. Գեւորգյանի անունից մի նամակ՝ «միջնորդում ենք հայցը վարույթ ընդունել՝ առանց պետտուրքի նախնական վճարման»։ Գործը «հարստացված» է բազմաթիվ անկապ թղթերով։ Օրինակ, գործին կցված է հոգեւոր թեմի առաջնորդին հասցեագրված նամակը՝ «Մուղնի գյուղի ժողովուրդը՝ քանակով 120 հոգի…» նախաբանով։ Այն վերաբերում է հայցվորին աշխատանքում թողնելու խնդրանքին։ Իսկ հայցի առարկան բոլորովին այլ է։ Անհայտ ճանապարհներով գործի մեջ են հայտնվել հայցը «հիմնավորող» ցնցողագույն ապացույցներ։

Ահա, գործին կցված է մի բնութագիր՝ մեքենագրված, կլոր կնիքով եւ «Հայկ. ՍՍՀ Աշտարակի քաղխորհրդի կուլտուրայի բաժնի վարիչի» ստորագրությամբ հաստատված՝ «Արշալույս Ղուկասյանն իր ճոխ լեզվով ընկալում է բոլոր այցելուների ուշադրությունը»։ Բնութագիրն ընդամենը 19 տարվա վաղեմություն ունի։ Մեկ ուրիշ բնութագիր (նախորդից «ծեր» է ընդամենը երկու տարով) հավաստիացնում է, որ հայցվորը «աշխատանքի վետերան է, 1977 թ. սոցիալիստական մրցույթում հաղթանակ է վաստակել»։ Նման «հզոր» ապացույցների առաջ ո՞ր դատավորը կկարողանար ծնկի չգալ եւ աչքերը փակ չօրինականացնել հայցը։ Հայցի առարկայի ուղղությամբ բացարձակապես որեւէ քննություն չի կատարվել. վճռում միայն գրված է՝ «շուրջ 4 հազար քմ տարածք է մաքրել աղբից ու քարերից»։ Իսկ թե այդ «շուրջ 4 հազարի» վրա ով, երբ եւ կոնկրետ ինչ ծավալի աշխատանք է կատարել 26 տարվա ընթացքում, այդ աշխատանքի դիմաց հայցվորը վարձատրվել է, թե ոչ, դատավորը մեկ տարվա ընթացքում կարողացել է ՉՊԱՐԶԵԼ։

Դժվար է զսպել վճռի հետեւյալ մտքերը ընթերցողին ներկայացնելու ցանկությունը՝ «պատասխանող կազմակերպությունում պահպանված հայցվորի անձնական իրերը վերադարձնել բնեղենով՝ ջրի 2 դույլ, պետությունից ստացած 15 կրծքանշան եւ մեդալ՝ զգեստով (պամպերսն էլ հետը՞ -Պ.Ս.) ամսագրեր՝ 50 կգ»։ Վերջին արժեքի, եւ այն էլ՝ բնեղենով (եւ ոչ թե, ասենք՝ Աշտարակի պոպոքի համարժեքով) վերադարձնելուց առաջ փաստենք, որ դատավորը սահմանել է ամսագրի նոր չափման միավոր՝ կիլոգրամ։ Բնորոշ է եւս մի «մանրուք». քաղաքացին ներկայացրել է եւս երկու լրացուցիչ հայցադիմում՝ նույն վանքից նորանոր արժեքների պահանջով։ Բայց դատավորը լրացուցիչ հայցադիմումների պատճենները չի հանձնել պատասխանողին, հայցի լրացուցիչ առարկաները նույնպես գրեթե դատաքննության չեն արժանացել։

Տպավորությունը միակն է՝ ինչ փաստաթուղթ էլ ներկայացվեր եկեղեցու դեմ՝ կընդունվեր։ Դեռեւս մարտի 26-ին, նախքան վճիռ կայացնելը, պատասխանողը գրավոր դիմել է ժողդատարանին՝ հայցվորը բազմիցս նախազգուշացվել է իր «անձնական իրերը վանքից տանելու մասին», խնդրելով ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆԵԼ նրան դրանք տեղափոխել։ Պատասխանողի խնդրանքը անտարբերության է արժանացել, որպեսզի երկու ամիս անց կայացրած վճռի մեջ հատկապես ընդգծվի՝ քանի որ պատասխանողը… հրաժարվում է վերադարձնել «զավթած» գույքը, դատարանն է պարտավորեցրել վերադարձնել՝ բնեղենով։ Ուշագրավ է նաեւ հետեւյալ փաստը։ Հայցվորը առաջին հայցադիմումում նշել է՝ «գնել եւ տնկել ու աճեցրել եմ շուրջ 50 տարբեր տեսակի ծառ»։ Դժվար է ասել, թե ինչու: Դատավորի անմնացորդ հոգատարությո՞ւնն է զգացել, թե՞ «ախորժակը ուտելիս է բացվում», հաջորդ՝ լրացուցիչ հայցադիմումի մեջ այդ «շուրջ 50-ը» անխռով դարձել է շուրջ 100 մրգատու ծառ»։

Հայցվորը թիվ 1 եւ թիվ 2 լրացուցիչ հայցադիմումների մեջ նշել է, որ լրացուցիչ ներկայացվող 336 հազար 700 եւ 77 հազար 500 դրամի պահանջները պետք է միացվեն արդեն ներկայացրած 500 հազար դրամի պահանջին։ Այսինքն՝ 336700 + 77500 + 500000 = 914200։ Մինչդեռ վճռի մեջ դատավորը նշել է, որ հայցվորը «ընդամենը» 500 հազար դրամի պահանջ է ներկայացրել (չնայած վճռի մեջ «բնակեցվել» են նաեւ լրացուցիչ հայցի առարկաները)։ Հայցվորը որպես պատասխանող է մատնանշել Մուղնու վանքի սարկավագ Գեւորգ Կոշեցյանին։ Մինչդեռ, վճռի մեջ, պատասխանող է ճանաչված «Արագածոտնի մարզի թեմը»։

Պետական ռեգիստրում, հարկային տեսչությունում երկար պեղումները ապարդյուն անցան. մարզում նման կազմակերպություն չկար… Ճիշտ է, կային մարզի մշակույթի, կրթության եւ այլ ստորաբաժանումներ, բայց «Արագածոտնի մարզի թեմ» չկար։ Ումի՞ց է դատարանը… բռնագանձել։ Քանի որ վճռաբեկ գանգատը բերել էր Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմը, կարելի է կռահել, որ դատարանը այնքան է շահագրգռված եղել հայցը երկու լրացուցիչների հետ միասին բավարարել, որ շտապելուց շփոթել է անվանումները։ Բայց դատարանն իր անվանումն է՞լ չգիտի՝ «Աշտարակի շրջանի ժողդատարան» գոյություն ունի՞… Եթե նման վարչական միավոր՝ Աշտարակի շրջան, չկա, չեղած միավորը կարո՞ղ է ինչ-որ կառույց՝ դատարան ունենալ…

Եվս մեկ դատաքննչական գոհար. 1997 թ. դեկտեմբերի 18-ին դատավորը դիմել է Աշտարակի քաղաքապետարանի գյուղբաժնի պետին՝ «Խնդրում եմ տալ Ա. Ղուկասյանի աճեցված թվով 50 ծառերի արժեքը՝ նշելով հնարավորության դեպքում նաեւ դրանց տարիքը»։ Վճռի ներածական մասում գրված է, որ հայցը վերաբերում է «աշխատանքների փոխհատուցման պահանջին»։ 15 տող ներքեւ նույն ձեռքը գրել է. «…աճեցրած ծառերի արժեքը կազմում է 500 հազար դրամ, այլ (?) աշխատանքների համար փոխհատուցում չի պահանջում»։ Մի քանի տող ներքեւ՝ «Դատարանը… գտնում է, որ… հայցապահանջը կատարված աշխատանքների փոխհատուցման պահանջի մասին հիմնավոր է»։ Նկարագրական մասն ավարտվում է՝ «Հայցապահանջը կազմում է աճեցված ծառերի մեկ տարվա բերքի արժեքը»։ Եվ, ի վերջո՝ երկու տող անց, մտքի թելը կտրվելու, թե այլ պատճառով, կտրուկ շրջադարձ է կատարվում՝ «Հայցը բավարարել, բռնագանձել 500 հազար դրամ՝ որպես… կատարված աշխատանքների փոխհատուցում»։

Ո՞ր դատավորին հավատաս՝ վճռի առաջի՞ն, մեջտեղի՞, թե՞ վերջին տողերը գրող դատավորին։ Աշտարակի քաղաքապետարանի գյուղբաժնի պետ Ս. Հեպոյանի փորձագիտական վարժանքներից. նա հայցվորի աճեցրած մի հատ ընկույզը գնահատել է… 800 դրամ։ Ճիշտ է, Աշտարակի ընկույզը, այսինքն՝ պոպոքը, աշխարհահռչակ է, այն եղել է պոեզիայի, վոկալի զարդը՝ «Աշտարակի պոպոքը, Համայակի սապոգը…»։ Բայց մեկ հատ ընկույզը ութ հարյո՞ւր դրամ։ Եթե միայն ընկույզը նման մեծարանքի արժանանար, էլի ոչինչ։ Ձեռքի հետ առասպելական գին է ստացել նաեւ խնձորը, կեռասը (մեկ հատը՝ 150 դրամ)։ Սալորի բախտը չի բերել, մեկ հատը գնահատվել է ընդամենը 100 դրամ (երեւի նկատի է ունեցվել նրա իմիջը՝ շլոր է)։ Եվ Ս. Հեպոյանը դատավորին հավաստիացրել է, որ «շուրջ 4 հազար քմ-ի վրայից ամեն տարի հավաքվում է … 508500 դրամի բերք»։ Իսկ դատավորին էլ պետք էր, որ իրեն հավատացնեն։ Ու անմիջապես հավատացել է։

Ենթադրվում է, որ հողագործության բնագավառում ծագած վեճերը հաճախակի քննող դատավորին պետք է որ հայտնի լիներ հետեւյալ նորմատիվը՝ տնամերձ հողամասի համար Աշտարակում մեկ հեկտարից (եւ ոչ թե 4 հազար քմ-ից) որպես եկամուտ է սահմանված 112 հազար 420 դրամ։ Ի դեպ, իրականում եկեղեցու շրջակայքում մշակված է միայն 1500 քմ։ Երեւի ծառայողական քննությունը պարզի ապօրինի վճիռ կայացնելու դրդապատճառները, իսկ մենք սահմանափակվենք դատաքննության առարկա չդարձած, բայց պարզաբանման ենթակա հետեւյալ հարցերի թվարկումով՝ հայցվորի կողմից կատարած ենթադրվող աշխատանքները չե՞ն մտել նրա աշխատանքային պարտականությունների մեջ, ծառատնկումը կատարվել է ինքնագլո՞ւխ (հայցվորը խոստովանել է), հողօգտագործման համար երբեւէ վարձ վճարե՞լ է, մրգերը՝ «աշխարհի տարբեր ծեգերից եկած, տարբեր ազգության եւ տարբեր պրոֆեսիայի բազմահազար զբոսաշրջիկներին (մեջբերված է հայցադիմումից) բաժանելուց հետո», մնացած բերքի վաճառքից ստացած գումարները ի՞նչ է արել։

Նշենք, որ բերքը պետք է տնօրիներ ոչ թե անհատը, այլ տվյալ հողակտորի սեփականատերը, այսինքն՝ եկեղեցին։ Դատավորին չի անհանգստացրել պատասխանողի գրավոր միջնորդությունը՝ «հայցվորի ապօրինի ծառատնկման պատճառով եկեղեցու ամրությանը զգալի վնաս է հասցվել, որի մասին նա բազմիցս զգուշացվել է հուշարձանների պահպանության եւ վերականգնման վարչության կողմից»։ Վճռի մեջ նշված է՝ «ծառերի եւ թփերի ընդհանուր արժեքը կազմում է 497000030 դրամ (ոսկերչական կշեռքով է գինը որոշվել՝ նաեւ՝ … 030 դրամ),… ծառերի մեկ տարվա բերքը հաշվվում է 508 հազար 500 դրամ»։ Այլեւս այլ թիվ չկա. ի՞նչ ապացույցի հիման վրա է դատավորը կանգ առել զուլալ «500 հազար» թվի վրա։ Աչքաչափո՞վ։ Դատարանը հարցաքննել է միայն մեկ վկայի։ Բայց դա չի խանգարել, որ վճռում «հավելագրում» կատարվի՝ «Մուղնու համայնքի 120 անդամների վկայությամբ…»։

Հազարավոր մեղադրական եզրակացություններ եւ դատավճիռներ «պեղած» մտքիս, հոգուս վրա, երեւի այդքան հստակ, արդարության, արդարադատության, շիտակության նժարների վրա մանրադիտակային ճշգրտության որեւէ պատիժ չի տպավորվել, ինչպես Թեմական հոգեւոր խորհրդի որոշումը՝ «Ոչ քրիստոնյայի վայել արարքների եւ թեմի դեմ դավեր կազմակերպելու համար Թեմական հոգեւոր խորհուրդը՝ ընդլայնված կազմով, միաձայն քվեարկությամբ, Կարեն Գեւորգյանին (Աշտարակի քաղաքապետ) եւ Սամվել Ղազարյանին (Աշտարակի դատախազ) զրկեց անդամակցությունից»։

Քաղաքացին այսուհետ կարո՞ղ է իր իրավունքների պաշտպանության հարցով դիմել այն դատավորին, դատախազին, որոնք անվախ ոտնահարել են իրենց կոչումը, մասնագիտությունը, դավ են նյութել Ազգային եկեղեցու դեմ…

ՊՈՒՇԿԻՆ ՍԵՐՈԲՅԱՆ

Պրոֆեսոր

«Օգոստոսի 23, Ազգային Դաշինք» իրավապաշտպան միության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930