Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱԿԱԴԵՄԻԿՈՍՆԵՐԸ ՉԷ, ՈՐ ԵՂԱՆԱԿ ԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ

Սեպտեմբեր 18,1998 00:00
Fadey Tachatich

Ակադեմիական բարձունքների հասած գիտնականները լինում են երկու կարգի՝ իսկական ու թղթակից։ Այդպես է աշխարհի համարյա բոլոր ակադեմիաներում։ Այդպես էր նաեւ Հայաստանի ԳԱԱ-ում իր հիմնադրման օրից մինչեւ 1996թ., երբ մեկ որոշմամբ բոլոր թղթակից անդամները դարձան իսկական։ Պատճառաբանությունը խիստ բնական էր. ակադեմիկոսները շատ էին ծերացել, նրանց միջին տարիքը 71 էր՝ չնայած թղթակից անդամներն էլ շատ ջահել չէին։

Վերջիններիս միջին տարիքն էլ 69-70 էր։ Բայց քանի որ ԳԱԱ-ի նախագահ Ֆադեյ Սարգսյանի համոզմամբ ակադեմիայի ծերացումը «ահավոր երեւույթ է եւ դրա դեմ պետք է պայքարել», որոշեցին թղթակից անդամներին ազատել մինչեւ ակադեմիայի իսկական անդամ դառնալու դժվարին ուղուց ու միանգամից շնորհել ամենաբարձր կոչումը, քանի դեռ նրանք էլ շատ չեն ծերացել։

Ժամանակին նման որոշումը միանշանակ չընդունվեց. իսկական անդամների խանդոտ վերաբերմունքն առանց հատուկ ջանքերի իրենց շարքերը համալրած թղթակիցների նկատմամբ մարդկայնորեն հասկանալի էր։ Բայց դե ինչեր չես անի հանուն հայ գիտական մտքի երիտասարդացման՝ չնայած, Ֆադեյ Տաճատիչի կարծիքով՝ «ակադեմիա ասելով միայն ակադեմիկոսներին չի կարելի հասկանալ, որովհետեւ այժմ Հայաստանում ընդամենը 105 ակադեմիկոս են, ու դա չի ստեղծում եղանակը, եղանակը ստեղծում են հսկայական կոլեկտիվները, որ կան մեր գիտության տարբեր բնագավառներում։ Բայց, դժբախտաբար, այդ կոլեկտիվները եւս ծերանում են, որովհետեւ վերջին տարիներին ակադեմիայից արտահոսք համարյա չի կատարվել, բայց չափազանց քիչ մարդ է ընդունվել ակադեմիայում աշխատելու։ Դա, իհարկե, կապված է ակադեմիայի աշխատողների ֆինանսական ծանր դրության, աշխատանքային պայմանների ցածր մակարդակի հետ եւ այլն»։

Գիտության բնագավառում առկա վիճակը նախագահի համոզմամբ չի կարելի կապել մեր գիտնականների որակի ու ընդհանուր մակարդակի հետ։ Ու իբրեւ վկայություն շեշտվում է այն հանգամանքը, որ «շատ արտասահմանյան պետություններ մեզ հետ կնքում են պայմանագրեր, գրանտներ են տալիս, եւ մեր գիտնականներն աշխատում են այդ շրջանակներում»։

Ծերացման դեմ պայքար

Ինչեւիցե, Ֆադեյ Տաճատիչի հավաստմամբ, ծերացման դեմ պայքարի մի շարք միջոցներ են ձեռնարկվել։ Քաջալերում են ասպիրանտներին, երիտասարդ մասնագետներին, համապատասխան խորհուրդներ են կազմակերպում, նրանց տարբեր տեսակի շնորհներ են տալիս։

Մի խոսքով, ամեն ինչ անում են, որպեսզի երիտասարդացնեն ակադեմիայի կազմը։ Բայց, ԳԱԱ նախագահի կարծիքով, «ըստ երեւույթին պետք է դիմել ավելի լուրջ միջոցների»։ Ու դիմեցին, բայց միջոցը ճիշտ հակառակն է այն միջոցի, որին դիմել էին երկու տարի առաջ ու դարձյալ նույն նպատակով։ Վերջերս ԳԱԱ ընդհանուր ժողովը որոշում է կայացրել, որի համաձայն վերականգնվել է ակադեմիայի երկաստիճան համակարգը։ Հիմա Ֆադեյ Տաճատիչը վստահեցնում է, որ «հենց այն ժամանակ, երբ այս որոշումն ընդունվում էր, իմիջիայլոց, մեր պատվավոր պրեզիդենտ, մեծահռչակ Վիկտոր Համազասպիչի հետ մի շարք զրույցներ եմ ունեցել, եւ նա համաձայնվեց մի պայմանով, որ սա պետք է լինի մի անգամյա որոշում եւ պետք է վերականգնվի։ Չի կարելի չունենալ ինչ-որ մի ռեզերվ, որից պետք է ընտրվեն ակադեմիկոսները»։

ԳԱԱ նախագահը համոզված է, որ նորից երկաստիճան համակարգի անցնելը կհեշտացնի երիտասարդ գիտնականների մուտքը ակադեմիա. սկզբում նրանք կաշխատեն իբրեւ թղթակից անդամ, հետո «ցույց կտան իրենց աշխատանքներով, որ արժանի են ընտրվել ակադեմիկոս»։ Տարբերակումը պատվի մեջ է Բայց ԳԱԱ նախագահի եւ «Առավոտի» թղթակցի փոխըմբռնումը վտանգվեց այն պահից, երբ վերջինս փորձեց ճշտել, թե ո՞րն է թղթակից անդամ եւ իսկական անդամ կարգավիճակների տարբերությունը, եւ ի՞նչ չափանիշներով ու սկզբունքներով է կատարվում այդ տարբերակումը։

Չնայած պարոն Սարգսյանի դրսեւորած մեծ համբերատարությանը եւ «Առավոտի» թղթակցի՝ հասկանալու ոչ պակաս մեծ ցանկությանը, այդ երկու աստիճանների տարբերությունները չորոշակիացվեցին՝ տեղիք տալով կասկածել, թե ընդհանրապես այդպիսիք կան ու հետեւաբար նման բաժանումն էլ անիմաստ եւ արհեստական է։ Ակադեմիայի ղեկավար պաշտոնները, բացառությամբ նախագահից, կարող են զբաղեցնել թե՛ իսկական, թե՛ թղթակից անդամները։ Նույնիսկ վարձատրության տեսակետից որեւէ տարբերակում չկա։ Երբ գործում էր երկաստիճան համակարգը, նրանք երկուսն էլ 20 հազար դրամ էին ստանում (չհաշված պահումները), ինչը Ֆադեյ Տաճատիչի բնորոշմամբ՝ «Էն ժամանակվա համար չափազանց քիչ էր»։ Հիմա ակադեմիկոսների պատվավճարը 50 հազար դրամ է, պահումներով՝ 35 հազար։ Կոչումների տարբերությունը մատնանշելու հերթական հարցիս պատասխանն էր. «Ես չեմ դնում մեծ տարբերություն, չէ՛, տարբերություն չկա»։

Ավելի ուշ պարոն Սարգսյանը զգուշացրեց. «Եթե դուք ցանկանում եք այդպիսի հստակ բաժանող չափանիշներ դնել, դուք չեք կարող։ Մենք էլ ենք շատ մտածել այդ մասին եւ չենք կարողացել»։ Իսկ երբ է՛լ ավելի համառեցինք, նաեւ նման պատասխան ստացանք. «Թղթի վրա կան (չափորոշիչները – Ն.Հ.), բայց կան թղթակից անդամներ, որոնք իրենց գիտական մակարդակով ես չեմ գտնում, որ զիջում են։ Դա էլ պատճառներից մեկն էր, որ մենք գնացինք այդ չթույլատրված քայլին (միաստիճան համակարգին- Ն.Հ.)։ Բոլորը դեմ էին դրան, բայց ես գիտեի թղթակից անդամների, որոնք իրենց աշխատանքով, ապրելակերպով, մոտեցումներով ավելի բարձր էին, քան որոշ ակադեմիկոսներ։ Ես դրանում լրիվ համոզված եմ»։ Մեր այն հարցին, թե տարբերությունը միայն անուննե՞րի մեջ է, եւ այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի նման բաժանումը. ԳԱԱ նախագահը պատասխանեց. «Տարբերակումը պատվի մեջ է, համենայնդեպս ինքը ակադեմիկոս է, մյուսը՝ թղթակից անդամ»։

Ի դեպ, ճշտեցինք նաեւ, որ բոլորովին պարտադիր չէ՝ մինչեւ ակադեմիկոս ճամփան ընդմիջել թղթակից անդամի կարգավիճակով։ Գիտնականը միանգամից կարող է ներկայացվել ամենաբարձր կոչումին։

Ակադեմիական ընտրություններ

Հիմա ներկայացնողների մասին. ակադեմիկոսների եւ թղթակից անդամների ընտրությունները, համաձայն կանոնադրության, կատարվում են ոչ ուշ, քան երեք տարին մեկ։ Գիտական հիմնարկների խորհուրդները թեկնածուների ցուցակը ներկայացնում են ԳԱԱ, եւ այն քննարկվում է հանձնաժողովներում, ստուգվում են ներկայացված տվյալները եւ հանձնվում բաժանմունքների քննարկմանը, նոր դրանից հետո հարցը տեղափոխվում է ակադեմիայի ընդհանուր ժողով, որն էլ կայացնում է որոշումը։ Այստեղ էլ ամեն ինչ հիանալի չէ։

Պարոն Սարգսյանի համոզմամբ՝ Հայաստանի նման փոքր պետությունում այդ ընտրությունները կրում են մասնավոր բնույթ, մանավանդ որ «բաժանմունքներում, որոնք իրավասու են ընտրել ակադեմիկոսներ, շատ քիչ ակադեմիկոսներ են մնացել»։ ԳԱԱ նախագահի կարծիքով, պետք է մեծացնել այն հանձնաժողովների կազմը, որոնք ընտրում են թեկնածուներին, եւ դրանցում ընդգրկել նաեւ թղթակից անդամներին։ Թե չէ ստացվում էր, որ չորս հոգի, ընդ որում՝ տվյալ բնագավառի մասնագետները, հավաքվում էին ու միաձայն կողմ քվեարկում, իսկ ընդհանուր ժողովը մերժում էր, քանի որ հաճախ նրանք օբյեկտիվ չեն գնահատում։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հ. Գ. Ֆադեյ Տաճատիչի հավաստմամբ, ԳԱԱ-ի ընդհանուր ժողովը երկաստիճան համակարգը վերականգնելու որոշումը ընդունել է միաձայն։ Իսկ արդեն ակադեմիկոս դարձած թղթակիցներին հանգստացնենք, որ մեր այն հարցին՝ կունենա՞ որոշումը հետադարձ ուժ, նախագահը վստահ հավատացրեց՝ «Ո՛չ, ո՛չ, ո՛չ, ո՛չ, նրանք ընտրվել են իսկական անդամ, այդպես էլ մնալու են, եւ դա կլինի ամենամեծ անարդարությունը, եթե հանկարծ այդպիսի բան լինի»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930