Լրահոս
Օրվա լրահոսը

«Էդ ամերիկացիներին ասեիք՝ ջուր տան»

Սեպտեմբեր 18,1998 00:00
tnak

Գյումրիի արտաքին խեղանդամությունն իր հերթին՝ մարդկանց հոգեկան անդորրը եւս չի վերականգնվում: Աղետյալի հոգեբանությունը չափազանց խորացել է։ Տարիներ շարունակ խաբվող այս ժողովուրդն այլեւս հուսահատ է։ Գյումրիի Գարեգին Առաջինի անունը կրող փողոցը «ժաժքից հետո» անջուր է մնացել։ Փողոցը գտնվում է քաղաքի ծայրամասում՝ «գծերից այն կողմ»։ Հիմա այդ ծայրամասայինի կարգավիճակն ավելի քան անտանելի է։

Հենց որ ամերիկացիները հեռացան՝ ժողովրդի շունչը տեղն ընկավ։ Մի խիստ դյուրագրգիռ գյումրեցի այլեւս չդիմացավ. «Տո, ինձի լայե՞ղ է «կաչկայով» ջուր բերելը»։ Մի տարիքով կին էլ պոռթկաց. «Ինչի՞, ինձ վայել է, քեզ՝ չէ, չես ուզում՝ թող կնիկդ բերի»։ Ու Վազգեն Առաջինի անունը կրող դպրոցի մուտքի մոտ, երեխաների աչքի առաջ սկսվեց մի լվացքային-բաղնիքային խառնաշփոթ։ Ինչո՞ւ էր ժողովուրդն իրար անցել։

Ախր, էդ ամերիկացիները գալիս են ու գնում, նրանց հետ էլ գալիս են մարզպետն ու մարզպանները, սակայն նրանք էլ են գնում եւ փողոցը (ոչ միայն այս, այլ բազմաթիվ այլ փողոցներ՝ աղետի գոտում) մնում է իր հոգսերի մեջ։ Հիմա էլ մի տարիքով կին չափազանց դժգոհ էր. «Ամերիկացիները եկան-գնացին, բայց երեխեքը էլի գիրք չունեն, ժողովուրդը ջուր չունի, աշխատանք չունի»։

Մի օրում նույնիսկ Աստված չկարողացավ աշխարհը ստեղծել, ուր մնաց, ինչ-որ մարդիկ, թեկուզեւ ի պաշտոնե այդ գործին կցված, ինչ-որ հարցեր լուծեն, աղետի գոտին դարձնեն մեկ այլ գոտի… Եվ հետո, այս եւ այլ հարցեր ոչ թե ամերիկացիները, այլ պետությունը պետք է լուծի։ «Լագանը կդնենք ավտոբուսը ու կգնանք ջուր բերելու»,- դժգոհում էին մեծից փոքր։

Նրանք, իհարկե, չհամարձակվեցին այդ մասին ասել մարզպետին։ Իսկ աշակերտներն ասացին այն, ինչ մեծավարի թաքցնում էին ավագները, սակայն ասացին ոչ թե մարզպետին (ով կթողներ մոտենային), այլ մի լրագրողի։ Իրար հերթ չտալով եւ ծլվլալով, երեխաներն անընդհատ կրկնում էին, թե դասագրքեր չունեն։

Մարզի կրթության բաժնի պետ Սահակ Մինասյանը ավելի ուշ պատասխանելով իմ հարցերին, մասնավորապես ասաց. «Ասեմ, որ մենք չենք ապավինում միայն պետական հատկացումներին։ Կա այսպիսի մի մոդել, որն արդեն աշխատում է։ Եթե մեկ դպրոցում շինարարությունը դեռեւս ընթացքի մեջ է եւ կա օգտագործումից դուրս մնացած գույք, դա իր հերթին կտեղափոխվի։ Ավելի հստակ ասելու համար, ես ձեզ հրավիրում եմ դպրոց, առավելագույնը մեկուկես ամիս հետո, նույն սպորտային դահլիճ՝ արդեն կահավորված»։

Այստեղ ընդհատեմ զրուցակցիս եւ հիշեցնեմ, որ Գյումրին ավանդական մարզական քաղաք է եւ աշխարհի բազմաթիվ չեմպիոններ ունի, մեկը նրանցից՝ Երվանդ Գրիգորյանը վերոհիշյալ դպրոցի սան է եւ 1997-ին դարձել է աշխարհի չեմպիոն։ Դասագրքերի մասին ասվեց, որ 1998-ը շատ ավելի ապահովված են սկսել, իսկ առաջին դասարանցիները՝ 7000 երեխա, այբբենարանները ստացել են անվճար։ Մարզի կրթության պատասխանատուն չհասցրեց ոչինչ ասել այլ դասագրքերի մասին, քանի որ մարզպետը նրան իր մոտ կանչեց։ Եկան հյուրերն ու գնացին, իսկ գյումրեցին մնաց փոշոտ եւ անջրդի փողոցում։ Դհոլ-զուռնան, որով պատվեցին հյուրերին, այլեւս չհնչեց, իսկ դպրոցի բակում մի չորացած կին եւ մի քիչ խենթ մի տղա դեռ ջրի կռիվն էին անում եւ ոչ մի կերպ չէին կողմնորոշվում, թե ով ում սպիտակեղենը պետք է լվանա։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930