Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՈՏԱՑԻԱ+ՀԱՄԱՅՆՔ<ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Սեպտեմբեր 18,1998 00:00
dotacia

Տեղական ինքնակառավարման ընդլայնման, համայնքների ինքնուրույնության բարձրացման հույժ կարեւորության մասին հայտարարությունները շատ մոդայիկ են։ Փորձենք գնահատել, թե ինչպես են բարձր գաղափարները իրագործվում իրականում։ Իսկ ավելի կոնկրետ, թե ինչպես են պետական դոտացիաները բաշխվում համայնքների միջեւ։ Համեմատության համար հիշենք, որ 1996թ. համայնքներին տրվել է ընդամենը 1,2 մլրդ դրամ դոտացիա, 1997թ.՝ 3,77 մլրդ դրամ։ 1998թ. պետական բյուջեի մասին օրենքով նախատեսվել է 3 մլրդ 736 մլն դրամ կամ ծախսերի 1,8 տոկոսը։

Ինչպես տեսնում եք, համայնքներ պահելը թանկ հաճույք չի կարելի համարել։ Նախատեսված գումարների բաշխումը առանձին համայնքների միջեւ վերը նշված օրենքով հանձնարարվել է ՀՀ կառավարությանը, ժառանգելով վերջինիս նաեւ հաշվարկների կատարման անհասկանալի մի կարգ։ Պետք է կարծել, որ կարգն անհասկանալի է եղել նաեւ կառավարության համար, քանի որ վերջինիս 8 ամիս է պետք եղել հանձնարարականը կատարելու համար՝ համապատասխան որոշումն ընդունվել է միայն 1998թ. հուլիսի 30-ին (թիվ 473)։ Որոշման մեջ, չգիտես ինչու, օրենքով սահմանված գումարը կլորացվել է՝ դառնալով 3 մլրդ 700 մլն դրամ։ Թե ինչ է պատահել 36 մլն դրամի հետ, մեզ հայտնի չէ, միայն նշենք, որ այն հերիք է միջին մեծության մեկ քաղաքի կարիքները լիովին բավարարելու համար։ Որոշումն այլ խմբագրումներ էլ ունի։

Ինչպես հայտնի է, ՀՀ-ում համայնքների ճշգրիտ թիվը 931-ն է։ Հիմք՝ ՀՀ օրենքը «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին»։ Սակայն կառավարությունը որոշել է վերաբերմունք ցույց տալ միայն 926 համայնքի նկատմամբ։ Արհամարհվածների թվում հայտնվել են 1 համայնք Արագածոտնի մարզից՝ Երրորդ սովխոզ հնաոճ անվանմամբ (հնարավոր է, այս պարագայում դեր են ունեցել գաղափարական շարժառիթները), ինչպես նաեւ 4 համայնք Սյունիքի մարզում՝ Ղարատղա, Վերին Գիրաթաղ, Փիրլու, Քյուրուտ, նույնքան հնաոճ անվանումներով։ Պետք է ենթադրել, որ վերջին դեպքում գործել են արդեն քաղաքական շարժառիթները։ Սակայն առայժմ հիմքեր չկան մտածելու, որ այդ գյուղերը նվիրվել են հարեւան Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը։

Ընդհանուր առմամբ, 1998թ. դոտացիա կստանան 376 համայնքներ կամ համայնքների մոտ 40 տոկոսը։ Հետաքրքիր բաշխում է իրականացվել Գեղարքունիքի մարզում։ Նրա 92 համայնքներից միայն 15-ի համար է նախատեսվել դոտացիա։ Ընդ որում, այդ մարզի 5 քաղաքները կստանան ընդհանուր գումարի 92 տոկոսը։ Այս առումով ռեկորդը պատկանում է Սյունիքի մարզին՝ դոտացիոն են նրա 113 համայնքներից 76-ը։ Գումարային արտահայտությամբ բոլորից շատ դոտացիա (չհաշված Երեւան քաղաքը) ուղղվել է Շիրակի մարզ՝ 582,6 մլն դրամ։ Սակայն դրա 74 տոկոսը նախատեսված է Գյումրի քաղաքի համար։ Մնացածն էլ հիմնականում ուղղվելու է նախկին շրջկենտրոններին։ Ամենաքիչ դոտացիա կստանա Արագածոտնի մարզը՝ 71,3 մլն դրամ, «գերազանցելով» անգամ Վայոց ձորին (79,5 մլն դրամ)։

Երեւանի համար նախատեսվել է 1,3 մլրդ դրամ կամ դոտացիաների ընդհանուր գումարի 36,5 տոկոսը։ Առաջնությունն այստեղ պատկանում է Նոր Նորք (228,3 մլն դրամ) եւ Աջափնյակ (210,1 մլն դրամ) թաղերին։ Հետնապահ դիրքերում են Նուբարաշենի (14,4 մլն դրամ) եւ Նորք-Մարաշի (17,2 մլն դրամ) թաղերը։ Ընդհանրապես պետք է նշել, որ դոտացիայի ընդհանուր գումարի 91,1 տոկոսը տրամադրվել է քաղաքներին եւ Երեւանի թաղերին։

Փաստորեն, բացի Եղվարդ (Կոտայքի մարզ) եւ Քաջարան (Սյունիքի մարզ) քաղաքներից, մնացած բոլոր քաղաքները եւ Երեւանի 12 թաղերը դոտացիոն են։ Ինչպես չհիշել անհայտ կորած այն 36 մլն դրամը, դա թերեւս այդ երկու քաղաքների բաժինն է եղել։ Որքան մեծ է քաղաքը, այնքան դոտացիայի գումարը մեծ է։ Այսպես, Գյումրի քաղաքին հատկացված է 428,9 մլն դրամ, իսկ Վանաձորին՝ 284,9 մլն դրամ։ Ոմանց կարող է թվալ, որ Հայաստանում գոյությունի ունի բարգավաճող գյուղերի եւ ողբացող քաղաքների հակադրության պրոբլեմ։ Սակայն կարիք չկա գործուղվել գյուղերը դրանում համոզվելու համար։

Հայաստանում միջին գյուղը, որն, ասենք, ունի 1000 բնակիչ, մանկապարտեզ, վաղուց չվերանորոգված մշակույթի տուն, գրադարան, խարխուլ մի վարչական շենք, 1-2 կմ կիսաասֆալտապատ ճանապարհ, ջրամատակարարման տեղային կարկատված համակարգ, կարիք ունի, ըստ ֆինանսների նախարարության հաշվարկած նորմատիվների, տարեկան միջին հաշվով 5-6 մլն դրամի։ Այդ գումարի լրացման հիմնական աղբյուրը գյուղերում հողից հարկն է։ Պարզ հնարագիտություն է, քանի որ այս տարի բերքը հաջող է, թերեւս կառավարությունում ենթադրել են, որ վերջապես չարաբաստիկ այդ հողահարկը գյուղացիներից կհավաքեն։ Ուստի եւ դոտացիաների կարիքն այնքան էլ մեծ չէ։ Կան նաեւ ավելի լուրջ պատճառներ։ Քաղաքները եւ հատկապես նախկին շրջկենտրոնները իրենց մեջ ներառում են տվյալ շրջանի սոցիալական ենթակառուցվածքի հիմնական մասը, որը նախկինում սպասարկվում եւ ֆինանսավորվում էր ամբողջ շրջանի կողմից։

Շրջանների լուծարումից հետո ֆինանսական վերաբաշխումը տվյալ շրջանի համայնքների միջեւ վերացավ կամ ինչպես հայտնի հեքիաթում՝ «յուրաքանչյուրն իր համար»։ Այստեղից էլ ծագեցին քաղաքների պրոբլեմը՝ ինքնուրույն պահել ժառանգած բյուջետային կոնտինգենտը կամ հրաժարվել դրանից։ Պրոբլեմի լուծումը տարվեց այնպես, որ այն հիմնովին կախված լինի կառավարության ֆինանսավորումից՝ քաղաքների սեփական եկամուտների բազան նեղացնելու միջոցով։

Ով ուզում է, թող սրանում քաղաքական աստառ փնտրի։ «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքը հուշում է, որ համայնքներին դոտացիաների հատկացման կարգը պետք է իրականացվի ֆինանսական համահարթեցման մասին մեկ այլ օրենքով։ Ըստ մեր տեղեկությունների, այդ օրենքի նախագիծը կառավարության կողմից արդեն իսկ ներկայացվել է Ազգային ժողով՝ 1999թ. հաշվարկները կատարելու համար։ Արժե՞ սակայն շատ բան սպասել։

ՍԱՄՎԵԼ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930