Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՈՒՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «ԵՐԵՎԱՆԻՆ ՊԻՏԻ ՏՈՆ ՊԱՐԳԵՎԵՆՔ»

Սեպտեմբեր 18,1998 00:00
Suren Abrahamyan

Հոկտեմբերին, ինչպես որ խոստացել է Երեւանի քաղաքապետը, տոնվելու է մայրաքաղաքի 2780-ամյակը: Ու թեեւ Սուրեն Աբրահամյանի հետ այս մասին Երեւանում էլ կարելի էր խոսել, Մոսկվայում զրուցեցինք: Բնականաբար, ոչ միայն Էրեբունի-Երեւան տոնակատարության մասին:

«Տեսնում ես, ի՞նչ ռազմախ ունեն, մինչդեռ կլոր հոբելյան էլ չէ՝ 851ամյակ է: Իսկ ես… Երեւան-Էրեբունի տոնակատարության մասին դեռ չհայտարարած, բոլորը հարցնում են՝ քեզ փող որտեղի՞ց»: Մոսկվայի տարեդարձին մասնակցելը, ինչպես որ հասկացա զրույցից, նաեւ առիթ էր ԱՊՀ երկրների քաղաքապետների հանդիպման: Մի երկու ամիս առաջ Բիշքեկի քաղաքապետը հանդես էր եկել Քաղաքապետների ասոցիացիա ստեղծելու առաջարկությամբ, եւ երբ Երեւանում միջին եւ փոքր բիզնեսի ֆորումին էին հավաքվել ԱՊՀ գործարարները՝ Խակամադայի գլխավորությամբ, կրկին խոսք գնաց ասոցիացիա ստեղծելու մասին:

«Հրաշալի նախաձեռնություն է, վերջին հաշվով բոլորն էլ զգում են նախկին կապերի վերականգնման անհրաժեշտությունը, մինչդեռ վերեւներում ստեղծված կառույցները, փաստորեն, չեն աշխատում: : Հորիզոնական կապեր է պետք ստեղծել, վերականգնել նախկին հարաբերությունները, որ գոյություն ունեին սովետի ժամանակ»: Մեր տարակուսանքին ի պատասխան, թե արդյո՞ք սա էլ մյուսների նման արհեստական մի կառույց չի լինի, Սուրեն Աբրահամյանը Վոլգոգրադի օրինակը բերեց: Ռուսաստանի այս խոշոր քաղաքի հետ Երեւանի քաղաքապետարանը արդեն իսկ պայմանագիր է կնքել՝ համագործակցության եւ փոխադարձ օգնության: Վոլգոգրադի քաղաքապետ պարոն Չեխովը շահագրգռված է մեր մայրաքաղաքի հետ սերտ կապեր ունենալ: Նախ, որովհետեւ իր ղեկավարած քաղաքում ամուր եւ կազմակերպված հայկական համայնք կա, երկրորդ՝ հայ գործարարների վոլգոգրադյան ստվար զանգվածն է, որի հետ նախընտրելի է բարեկամական կապեր ունենալ: Վոլգոգրադի հետ համագործակցության հեռանկարներն, անշուշտ, հետաքրքիր էին, բայց մեր զրույցը Մոսկվայում էր, նրա տոնակատարության օրերին:

Հայկական թեման շոշափեցինք, չգիտես ինչու, Երեւանի գերեզմանոցների անմխիթար վիճակին անդրադարձավ, այս «բնագավառում» արված եւ արվելիք բաներին: Քաղաքապետը առաջինը, ինչ արեց Մոսկվայում, ՌԴ-ում Հայաստանի դեսպանի հետ միասին այցելեց նկարչուհի Մարիամ Ասլամազյանին. հիացմունքով էր խոսում թե՛ նրա արվեստի, թե՛ նկարչուհու զարմանալի կերպարի մասին:

Քաղաքը, չնայած ճգնաժամին, տոնական էր, ամեն օր հեռուստատեսային եւ ռադիոծրագրերը հաղորդում էին սպասվելիք միջոցառումների մասին: Միեւնույն ժամանակ, այսպես կոչված կենտրոնական հեռուստաալիքները սեւեռվել էին տնտեսական ճգնաժամի վրա:

«Պատկերացնո՞ւմ ես, եթե Լուժկովն այս տոնակատարանությունը չնախաձեռներ, մոսկվացիները ո՞նց կտանեին այս վիճակը»: Յուրի Լուժկովին մեր քաղաքապետը դեռ պիտի հանդիպեր Պոկլոննայա լեռան հուշարձանի մոտ կայանալիք միջոցառմանը, բայց նախորդ օրվա պաշտոնական ընդունելությունից Սուրեն Աբրահամյանն արդեն տպավորված էր. «Շատ կառուցողական, շատ գործնական մարդ է Լուժկովը, ես ընդհանրապես շատ եմ կարեւորում Ռուսաստանի դերը ինտեգրացիոն պրոցեսներում»,- խոստովանեց նա: Մոսկվայում Լուժկովի օրոք տեղի ունեցած փոփոխությունները, իսկապես, տպավորիչ եւ աչքի ընկնող են: Մոսկվայի տոնակատարություններին ժամանած քաղաքապետներին կցված էին քաղաքապետարանի պաշտոնյաները: Մեր քաղաքապետին ուղեկցում էր Լուժկովի տեղակալը՝ պարոն Օրջոնիկիձեն: «Հրաշալի մարդ է, աշխատում է բավականին շատ ինֆորմացիա տալ Մոսկվայի մասին: Տեսել եմ քաղաքի վերջին տարիների բոլոր խոշոր կառույցները, ապշելու շինարարություն է գնում: Ուրախ եմ Մոսկվայի եւ տխուր մեզ համար… մի կարեւոր պահ կարծես կորցրել ենք: Երեւանի կերպարը նորովի ներկայացնելու համար որոշակի քայլեր պիտի անեինք, որ չենք արել»:

Մոսկվայի ծավալներն ու հզորությունը, իրոք, անհամեմատելի են Երեւանի հետ: Ոչ միայն ես, որ երկար տարիներ Մոսկվայում չեմ եղել, այլեւ այս քաղաքի բնակիչներն էլ են խոստովանում, որ Մոսկվայում շատ բան է փոխվել: Հատկապես տպավորիչ են Մանեժնայա հրապարակի ստորգետնյա կառույցները՝ ստորգետնյա շքեղ քաղաք է կառուցվել: Լուժկովի մասին մոսկվացիները միայն ակնածանքով էին արտահայտվում։ Մոսկովյան պատկերները համեմատելով մեր հայկական իրականության եւ մեր «հզորությունների» հետ, հասկանալի էր դառնում Սուրեն Աբրահամյանի տրամադրությունը. «Մի բան, համենայնդեպս, ակնհայտ է՝ Մոսկվայի համար ոչինչ երկրորդական չէ, թե՛ շինարարությունը, թե՛ կոմունիկացիաները, թե՛ հոգեւոր ոլորտը: Բոլորը՝ սկսած տաքսու վարորդից ու վարսավիրից, վերջացրած Մոսկվայի ղեկավարությունով, էս տոնով են շնչում: Մենք էլ Երեւանին պիտի տոն պարգեւենք»:

ԱԼՎԱՐԴ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930