Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաժարական առանց պատասխանատվության

Սեպտեմբեր 18,1998 00:00
hhh

Ազգային տուրքի գաղափարը ենթադրում էր պարբերական կամավոր մուծումներ, որոնցից առաջացած գումարը պետք է օգտագործվեր որոշակի խնդիրների լուծման համար։ Ազգային տուրքի հավաքման համար ստեղծված «Հայաստան» համահայկական հիմնադրամն այդպես էլ իրականում չդարձավ համահայկական։ Չնայած տեսականորեն գումարները պետք է հավաքվեին ամբողջ հայությունից, ներառյալ Հայաստանը, սակայն այս կազմակերպությունը եւ նրա քարոզչությունն ուղղված էր առավելապես դեպի սփյուռք։ Իսկ սփյուռքը ներկայացնել հավակնող Դաշնակցությունը, ինչպես 1988-ին «Անկախությանը կողմ ըլլալով դեմ էր անջատումին» հիմնադրամի դեպքում եւս Հայաստանի զարգացմանը կողմ լինելով դեմ էր իշխանությանը եւ պարբերաբար բոյկոտում էր հիմնադրամի աշխատանքներն, անցկացվող մարաթոնները եւ թելթոնները։

Հիմնադրամի գործունեությունը նկատի ունենալով՝ սփյուռքի ներուժը խիստ պասիվ եւ անարդյունավետ էր, քանի որ 1992-97 թթ. հինգ տարիների ընթացքում հավաքվել էր ընդամենը 50 մլն դոլար։ Իհարկե, կառուցվում էին դպրոցներ, վերականգնվում աղետի գոտու եւ Արցախի բնակավայրեր, ավարտվում էր Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու շինարարությունը, սակայն նույնիսկ հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Մանուշակ Պետրոսյանը խոստովանում էր, որ արդյունքներն այնքան էլ դրական չեն։ Իշխանափոխությունից եւ նորերի՝ Դաշնակցության հետ ջերմացումից հետո սպասվում էր, որ առավելագույնս կբարգավաճի «Հայաստան» համահայկական հիմնադրամը։

Նոր նշանակված գործադիր վարչության տնօրենի պաշտոնակատար Րաֆֆի Հովհաննիսյանը պաշտոնավարեց 4 ամիս, այդ ընթացքում կատարելով 5 պաշտոնական ուղեւորություն արտասահման։ Սեպտեմբերի 15-ին նա հրաժարական ներկայացրեց, իսկ հոգաբարձուների խորհուրդն ընդունեց այն՝ երեւի պատասխան չպահանջելով կատարված աշխատանքների համար… Հայաստանում նման պրակտիկա չկա։ Իր ծրագրերի եւ կատարած աշխատանքների մասին Րաֆֆի Հովհաննիսյանը չէր ցանկանում ներկայացնել նաեւ մամուլին։ Իր պաշտոնավարության ամբողջ ընթացքում նա հրաժարվում էր հանդիպել լրագրողների հետ։ Այժմ արդեն նրան փոխարինում է Սամվել Ենգոյանը, որի հետ էլ փորձեցինք պարզել պրն Հովհաննիսյանի պաշտոնավարության ընթացքում կատարված աշխատանքները։

Թեեւ պրն Ենգոյանը հրաժարվեց նշել կոնկրետ թվեր, սակայն ասաց, որ անցյալ տարվա համեմատ մուտքերը նվազել են մի քանի անգամ։ Դա հիմնականում պայմանավորված է հենց իշխանափոխությամբ, որն անորոշություն եւ սառնություն է առաջացրել սփյուռքում։ Պրն Ենգոյանն այդպես էլ չկոնկրետացրեց, թե ինչ նոր ծրագրեր են սկսվել այդ 4 ամիսների ընթացքում։ Սկզբում նա նշեց երկու դպրոցների անուններ, սակայն հետո ավելացրեց, որ դրանց վերանորոգման աշխատանքները նախաձեռնված են եղել դեռեւս իր կամ Մանուշակ Պետրոսյանի ժամանակ։

«Ինչո՞վ են բացատրվում նման չտեսնված թվով ուղեւորությունները» հարցին պրն Ենգոյանը պատասխանեց, որ անհրաժեշտություն կար խրախուսել եւ ակտիվացնել տեղական հանձնախմբերի աշխատանքը։ Մինչդեռ հիմնադրամն այժմ լուրջ խնդիրներ ունի զոհված ազատամարտիկների զավակների եւ առաջին կարգի հաշմանդամ ազատամարտիկների նպաստները բաժանելու հարցում։ Եթե ամեն տարի օգոստոսին այդ նպաստները, կապված նոր ուսումնական տարվա հետ, կրկնապատկվում էին, ապա այս տարի առաջին անգամ դա չի կատարվել, եւ վտանգի տակ է հետագա վճարումը։

Պրն Ենգոյանն այս առնչությամբ պարզաբանեց, որ նվազել են ընդհանուր մուտքերը, որն իրենք փորձելու են լրացնել հերթական մարաթոնի ընթացքում։ Րաֆֆի Հովհաննիսյանը հասցրել էր ստեղծել նաեւ արտաքին կապերի բաժին։ Քանի որ Սամվել Ենգոյանը չկարողացավ մեզ բացատրել հրաժարականի պատճառները, ասելով, որ դա իր համար էլ էր անսպասելի, ապա մենք որոշեցինք դիմել արտաքին կապերի բաժնի ղեկավար Ներսես Մկրտչյանին, որը Րաֆֆի Հովհաննիսյանին դիմում էր «պրն նախարար»-ով, սակայն պրն Մկրտչյանը հիմնադրամում չէր։ Փակ էր նաեւ լրատվության բաժնի դուռը, որի բոլոր աշխատակիցները նշանակվել էին Րաֆֆի Հովհաննիսյանի օրոք։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930