Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԴԱՍԱՏՈՒՆ

Սեպտեմբեր 18,1998 00:00
Azgayin joxov

Ներկա-բացակա

Եռօրյաներին հետեւող հինգշաբթին ԱԺ խմբերի ու խմբակցությունների համար հաշվետվության օր է։ Հերթով գալիս-կանգնում են գրատախտակի առջեւ, ներեցեք, ամբիոնի մոտ, ու խոսում իրենց արածից ու ցանկություններից։ Իբրեւ չարաճճի աշակերտներ այս անգամ չէին ներկայացել «Շամիրամ», ԱԺՄ եւ «Հայրենիք» խմբակցություններին մաս կազմող պատգամավորներ։

Ծույլ աշակերտը

Ներեցեք, բայց այդ դերը սեպտեմբերի 17-ին ամենից շատ սազում էր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործոց հանձնաժողովի նախագահ Ռազմիկ Մարտիրոսյանին։ Վստահաբար, նրա ուսուցչական փորձն իր կնիքը թողել է. գյուղական դպրոցի նախկին տնօրենը վարժ աշակերտի պես փորձում էր պատասխանել նույնիսկ չիմացած հարցերին։ Տարրական մաթեմատիկայի գիտելիքներից չես դժգոհի։ Գիտեր, որ 60% մեծամասնական եւ 40% համամասնական տեղերով կունենանք 100%-անոց պառլամենտ։

Սակայն նրա գիտելիքները տեղի տվեցին, երբ բանը հասավ հանրահաշվական հաշվարկների։ Ռազմիկ Մարտիրոսյանն այդպես էլ չկարողացավ հաշվարկել, թե խորհրդարանի 130 տեղերի 40% թվային արտապատկերն ինչ նիշերով է արտահայտվում։ Հանձնաժողովի նախագահի գիտելիքները թերի էին նաեւ հայոց լեզվից։ Ըստ երեւույթին, պրն Մարտիրոսյանը փորձեց նոր աստիճանակարգում սահմանել ածականների համար, օգտագործելով «ամենալավագույն» բառը։ Ռազմիկ Մարտիրոսյանի պատվին լեզվաբանները, հավանաբար, ժողով կանեն շուտով, որպեսզի օրենքով սահմանեն ածականի սուպերգերադրական աստիճանը։

Մեկ ուրիշ հանգամանք էլ պարզվեց. բացահայտվեց, որ Ռազմիկ Մարտիրոսյանը դժվարություններ է ունենում «Առավոտի» թղթակիցների հարցերը հասկանալու գործում։ Այս դեպքում, բնական կլիներ պատճառը մեզնից դուրս որոնել, սակայն, պրն Մարտիրոսյանը նախընտրեց գրավոր հաղորդակցությունը «Առավոտի» հետ։ Պայմանը խախտողն էլի «Երկրապահի» ներկայացուցիչը եղավ, որը ոչ գրավոր եւ ոչ էլ բանավոր մեր հարցին չպատասխանեց։

Մյուսներն էլ գիտեն, որ Ռազմիկը վատ է սովորում

Իսկ, ա՜յ, մյուս աշակերտները բավականին ուշիմ էին եւ աշխատասեր։ Բաբկեն Արարքցյանն, օրինակ, հստակ հայտարարեց, որ Ռազմիկ Մարտիրոսյանի գլխավորած խորհրդարանական հանձնաժողովը գործում է պաշտպանության փոխնախարար Վահան Շիրխանյանին կից։ Այս հարցին անդրադառնալիս էր, որ հանձնաժողովի նախագահն արտաբերեց իր ամենածանրակշիռ գաղափարը. «Ես համաձայն չեմ այդ տեսակետին»։ Ու վերջ։ Բավականին սոլիդ կեցվածքով անցկացրին բրիֆինգը Գագիկ Թադեւոսյանը (Հայկոմկուս) եւ Արմեն Մարտիրոսյանը («Բարեփոխումներ»)։

Վերջինս, ի մասնավորի, անդրադարձավ ԱԺ պատվիրակության Եվրոպայի խորհուրդ կատարելիք այցին, նշեց, թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել ԵԽ-ի քաղաքական խորհրդի Լյուբլյանայում կայացած նիստում։ Իսկ Գագիկ Թադեւոսյանը Եվրոպայի խորհուրդը թողնելով մի կողմ, Եվրամիությանը ատոմային նշանառության տակ առավ։ Այդ կազմակերպությունը պահանջում է մինչեւ 2004 թվականը փակել ատոմակայանը, փաստարկելով, թե այն բավականին հին է։ Մինչդեռ չի առաջարկվում որեւէ այլընտրանք, ինչը հնարավորություն կտա էներգետիկ բնագավառում վստահ լինել, որ վիճակը չի վատթարանալու։

Ինչպես միշտ, պարտաճանաչ աշակերտի պես, դասը լավ էր սովորել նաեւ ԻՄ փոխնախագահ Ներսես Զեյնալվանդյանը։ Նա մեկ կարեւոր առաջարկ արեց ընտրական օրենսգրքի վերաբերյալ, բացատրելով, թե ինչ սկզբունքով պետք է իրականացվի ընտրողների ցուցակների կազմումը։ Տեսակետ կա, թե ընտրողների 30%-ը հանրապետությունում չէ, ուստի «մեռած հոգիների» հայտնությունը ցուցակներում պետք է բացառել նախնական հաշվառման մեխանիզմով։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930