Նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Վարդանյանը բավական հետաձգել էր այս հարցազրույցը՝ պատճառաբանելով, թե պիտի մանրամասն ծանոթանա «Կենտրոն» համայնքի ստուգումների արդյունքներին։ Այնուամենայնիվ, ի վերջո չխուսափեց պարզաբանումներից։
– Արարատ Զուրաբյանի վկայությամբ, «Կենտրոն»-ի վերաբերյալ բողոքներ կային միայն նախագահի այս ծառայությունում, եւ ոչ՝ կառավարության, քաղաքապետարանի կամ որեւէ այլ վերահսկողական ծառայությունում։ Սա որոշակի եզրակացությունների հիմք էր տվել այս ամենի նպատակաուղղված եւ կազմակերպված բնույթի վերաբերյալ։
– Դա ճիշտ չէ։ Մեծ մասամբ, այո, դիմումներն իմ անունով էին։ Բայց ավելի շատ էին այն բողոքները, որոնք ուղղված էին մի քանի հասցեներով՝ Քոչարյանին, Դարբինյանին, Սուրեն Աբրահամյանին եւ անգամ՝ Գագիկ Հարությունյանին։ Այս ամենն իրականում «դուբլյաժ», մեծ խճողվածություն է ստեղծում։
– Առաջինը հենց այս ստուգումը նախաձեռնելով փորձում էիք այս պաշտոնում ձեր հնարավորություննե՞րը պարզել, փորձարկել, թե՞ պատճառներն այլ էին։
Կարդացեք նաև
– Երեւի այդ հանգամանքն էլ կար։ Նախ, նախագահի աշխատավայրը գտնվում է «Կենտրոն» համայնքում։ Սա ամենամեծ, հարուստ համայնքն է։ Մենք ուզում էինք պատկերացում կազմել նաեւ տեղական բյուջեների մասին. որքանո՞վ են դրանք համապատասխանում համայնքի հնարավորություններին։ Այս օրինակով ցանկանում էինք տեսնել, թե համայնքի աշխատանքները որքանով են համապատասխանում առկա պատկերացումներին։ Իմ կարծիքով, նորմալ ստուգումներ կատարվեցին։
– Ինչո՞ւ այդքան ձգձգվեցին, ստուգումների ժամկետն անընդհատ երկարացվեց։
– Բացատրեմ։ Ընդունված կարգով 10-15 օր ժամկետ է սահմանված։ Գրում են 10 օր՝ շատ լավ հասկանալով, որ հետո, միեւնույն է, պիտի երկարացնեն։ Այսինքն՝ դա հատուկ այս անգամ չի արվել՝ միշտ այդպես է։ Անկեղծ ասած, ավարտից հետո էլ շատ լավ հասկացա, որ 25 օրը քիչ է։ Հնարավոր չէ՝ համալիր ուսումնասիրությունների համար մոտավորապես 2 ամիս է հարկավոր, եթե ամբողջական պատկերացում ես ուզում ունենալ։ Օրինակ, մենք ինչ-որ բաներ ենք հիմա հայտնաբերել, բայց դրանց հետքերով գնալու իրավունք արդեն չունենք։ Նորից հատուկ հրաման պիտի լինի։ Ասենք, հնարավոր չէր ամբողջ համայնքում 25 օրում գույքագրում, հաշվառում կատարել։ Ուստի, գնահատումները մոտավորապես են կատարվել։ Իսկ ամբողջական պատկերացման համար պիտի գրանցվեին կրպակները, բենզալցման կայանները, փոքրիկ շուկաները, շուկաների չափսը պիտի վերցվեր եւ այլն։ Իսկ մենք թերություններ հայտնաբերեցինք ուսումնասիրելով մի երկու տոնավաճառ, մի քանի խանութ, քաղաքացիների բողոքները, այն եկամուտները, որ պիտի գային թաղապետարանին եւ չեն եկել՝ դրանց աղբյուրները։
– Ըստ ամենայնի, Դուք ստուգել եք ոչ միայն այն, ինչին վերաբերել են ձեր ստացած դիմում-բողոքները, այլեւ թաղապետարանի ընդհանրակա՞ն գործունեությունը։
– Այո, ամեն ինչ էլ ստուգվել է դիմում-բողոքների հիման վրա։ Համայնքի եկամտային եւ ծախսային մասերի կատարումն ուսումնասիրելու համար համալիր ստուգումներ էին անհրաժեշտ։ Նորից եմ ասում, որ մեր ստուգումներն ամբողջական չէին, քանզի ժամանակը սուղ էր։
– Եվ ի՞նչ եք հայտնաբերել, կամ ինչի՞ հետքերով եք ցանկանում գնալ։
– Մեր գնահատականներով, թաղապետարանի բյուջեի եկամտային մասն էապես փոքր է կազմված, շատ եկամուտներ դուրս են մնացել։ Մեր տպավորությամբ, թաղապետարանն ամեն ինչ արել է, որ գովազդից ստացվող եկամուտները քիչ լինեն։ Ասենք, «Նուշիկյան» ասոցիացիայի հետ եռակողմ պայմանագիր կա (երրորդը քաղաքապետարանի «Դիզայն» միավորումն է), ըստ որի կանգառները 5 տարով բարեկարգման են հանձնվել «Նուշիկյան» ասոցիացիային։ Շատ անհստակ պայմանագիր է։ «Նուշիկյան»-ը կանգառները պիտի նորոգի, բարվոք վիճակի բերի, եւ 5 տարի գովազդային մենաշնորհն իրենց է մնում, թաղապետարանին փող չի մուծելու։ Սա դեռ պիտի ուսումնասիրվի։
Նույնը եւ «Սիլ» կոնցեռնի դեպքում է։ Այստեղ էլ 7 տարով պայմանագիր է կնքված 34 կանգառների վերաբերյալ։ «Սիլ»-ը թուղթ ունի, որ ամեն կանգառի վրա ծախսել են 9900 դոլար։ Ինձ այդ թիվը հավատ չի ներշնչում։ Կանգառը բարեկարգելու համար մոտ 10 հազար դոլար կծախսե՞ն։ Պետք է դա էլ ուսումնասիրվի։ Մեզ պետք չէ, որ նման գնով նորոգված կանգառ ունենանք։ Կարելի էր ալյումինի գործարանին պատվեր տալ՝ գուցե համեստ, բայց էլի նորմալ հարմարություններով կանգառներ կունենայինք, գովազդատուների փողերն էլ թաղապետարանի կարիքների համար կծախսվեին։ Ի՞նչ պարտադիր էր, որ «Սիլ» գրուպն այդ գործն աներ թանկ գներով։
– Դուք կարծում եք, որ այստեղ դեր է խաղացել Զուրաբյան-Սիրադեղյան-Սուքիասյան մտերմությո՞ւնը։
– Ես ոչ մի բան չեմ պնդում։ Թող ուրիշները դրա մասին մտածեն։ Ես փաստերն եմ արձանագրում, որոնք մեզ մոտ կասկածներ են առաջացրել, բոլոր փաստաթղթերն արդեն կան։ Նույնպիսի մի կասկածելի փաստ էլ կա Գետառի մաքրման վերաբերյալ։ Գետառի 5 կմ-ը «Կենտրոն» համայնքով է անցնում, բայց բավական մասը ծածկված է՝ Կենդանաբանական այգուց մինչեւ Շրջանային։ Ուրեմն, մաքրման աշխատանքների համար որոշել են շուրջ 150 հազար դոլար ծախսել։ Փաստաթղթային ձեւակերպումները շատ փնթի են կատարվել, մի տեսակ՝ «ձին սայլի հետեւից են կապել»։ Սկզբում պատվերն ու փողն են տվել, հետո նախագծային կազմակերպությանը հանձնարարել նախահաշիվ կազմել՝ ժամկետները խախտված են։ Փաստաթղթերից ստացած իմ տպավորությամբ, ամեն ինչ արվել է, որ այդ 150 հազար դոլարը ծախսվի։
– Մեր ունեցած տեղեկություններով, մաքրման 3 օրում Գետառից ահռելի քանակությամբ աղբ է հանվել։
– Այո, 3 օրում 56 հազար տոննա աղբ՝ մոտ 1000 վագոն։ Այդ թվում եւ՝ 10-16 սմ հաստությամբ պատերից հանել են 9150 ծառ։
– Հետո, որքան տեղյակ ենք, այս հարցը ոչ այնքան թաղապետարանին է առնչվում, որքան քաղաքապետարանին։
– Այո, սանմաքրումը քաղաքապետարանի գործառույթն է, բայց թաղապետարանի միջոցներից է վճարումը կատարվել։ Թե ինչ լծակներ են այստեղ աշխատել, ինձ չի հետաքրքրում։ Եվ պիտի այժմ «Սանմաքրում» ձեռնարկությունն էլ ստուգենք՝ ոչ ընդհանրապես, այլ այդ գործի հետ առնչված փաստաթղթերը, որի համար մեզ ժամանակ է պետք, մարդիկ եւ այլն։ Մեր ստուգումները թե չէ շատ միակողմանի են՝ թաղապետարանի փաստաթղթերն ենք միայն ստուգել։
– Իսկ ի՞նչ հետեւանքներ են ունենալու այս ստուգումները։ Ձեր բացահայտած փաստերը ներկայացնելու եք նախագահին եւ հետո՞…
– Մենք իրավապահ կամ դատաքննչական մարմին չենք. թե մեր ձեռքի տակ եղած փաստերն ինչպես կօգտագործվեն կամ, ասենք, համաձայն կլինե՞ն մեր եզրակացությունների հետ… հնարավոր է ասեն. «Դուք սխալ եք», իրենց գործն է։ Մենք փաստաթղթերը, մեր եզրակացությունների եւ առաջարկների հետ միասին, պիտի հանրապետության նախագահին ներկայացնենք։
– Ըստ վերահսկողական ծառայության կանոնադրության, իրավազո՞ր եք, ասենք, այսօրինակ առաջարկ ներկայացնել, թե «Կենտրոն»-ի համայնքապետին հարկավոր է անվստահություն հայտնել։
– Մեր առաջարկները դեռ չենք քննարկել։ Դեռ պետք է մեր ստուգող խմբի եւ բաժնի վարիչների հետ հավաքվենք։ Կարող է այդպիսի առաջարկ էլ հնչի՝ մենք կարող ենք ցանկացած առաջարկություն անել, նախագահն էլ կարող է դրանք փոխել։ Որոշումը նա է ընդունելու։
– Այնուամենայնիվ, այս ստուգումները որոշակի քաղաքական հնչեղություն ունեն։ Ձեր ծառայությունում բողոքներ չկա՞ն այլ համայնքապետերի գործունեության վերաբերյալ, որոնք, ասենք, «Երկրապահ»-ի անդամ են։ Որ մեկի գործունեությունն էլ մանրակրկիտ ստուգեք՝ երեւի նման փաստեր անպայման կհայտնաբերեք։ Համաձա՞յն չեք։
– Նախ, ինձ համար ծիծաղելի է այս ամենի մեջ քաղաքական ենթատեքստ տեսնելը։ Վերջիվերջո, բոլորն էլ ՀՀՇ են եղել։ Ուր նայես՝ ՀՀՇ-ի պաշտոնյաներ են։ Ինչի Արարատ Գոմցյանն, ըստ էության, ՀՀՇ չի՞։ Ժամանակին ՀՀՇ-ականի եւ ոչ ՀՀՇ-ականի բաժանումը շատ պայմանական էր՝ նրանք բոլորն էլ մի համակարգի մարդիկ էին։ Եվ եթե ես որեւիցե մի տեղ ստուգում եմ՝ ինձ կասեն. «Դուք նախկին ռեժիմի մարդկանցից վրեժ եք լուծում»։ Արարատ Զուրաբյանի հետ անձամբ ծանոթ չեմ, կյանքում ոչ մի անգամ չեմ հանդիպել եւ առնչություն չեմ ունեցել։ Հասկանալի՞ է։ Այստեղ ավելի շատ «Կենտրոն» համայնքն է դեր խաղացել, քան համայնքապետի անձը։ Իհարկե, այլ համայնքներից էլ ենք բողոքներ ստանում։ Բայց դրանք ավելի քիչ են։ Իսկ ստուգումներ ծրագրել ենք անցկացնել եւ՛ մարզպետարաններում, եւ՛ տարբեր համայնքներում, եւ՛ քաղաքապետարաններում։
Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
Հ. Գ. Դավիթ Վարդանյանի հետ զրույցը ոչ միայն «Կենտրոն»-ի ստուգումների, այլեւ ընդհանրապես վերահսկողական ծառայության գործունեության, նրանից սպասելիքների, առկա դժվարությունների, քաղաքացիների հետ փոխհարաբերությունների եւ այլնի մասին էր։ Հարցազրույցի այդ մասն առանձին կներկայացնենք։