Վերջին օրերին մշակույթի բնագավառում մեծ իրարանցում է առաջացրել ՀՀ վարչապետի մշակույթի գծով խորհրդական Ռուբեն Անգալադյանի տեսակետը (որը, փաստորեն, նաեւ ՀՀ վարչապետի մոտեցումն է). այն է՝ ամբողջ հայ մշակույթը դարձնել առեւտրային։ Այսինքն՝ մշակութային բոլոր «օջախները» պետք է լինեն պետական փակ բաժնետիրական ընկերություններ։ Որոշ անկախ իրավաբաններ եւ օրենքների գիտակներ պնդում են, թե վերոհիշյալ մոտեցումը գալիս է դեռեւս Հրանտ Բագրատյանից ու նրա նախորդ վարչապետներից, ինչը բխում է մեր իշխանությունների անգրագիտությունից՝ մշակույթը, ստեղծագործական պրոցեսը, մշակութային գործունեությունը չպատկերացնելուց ու չհասկանալուց։
Ռ. Անգալադյանի արտահայտած «կիսամութ» տեսակետը, բնականաբար, տարածվելու էր նաեւ «Հայֆիլմ» կինոստուդիայի ու թատրոնների վրա։ Այս անգամ փորձենք խոսել միայն «Հայֆիլմի» մասին։ Ինչ է սպասվելու «Հայֆիլմին», եթե այն դառնա պետական փակ բաժնետիրական ընկերություն։ Կոմունիստական ժամանակաշրջանում «Հայֆիլմին» պետպատվեր է տրվել եւ ֆիլմեր են նկարահանվել, սակայն այսօր «Հայֆիլմ» կինոստուդիան չի կարող պետպատվերով ֆիլմեր նկարահանել, եւ այդքան գումարներ էլ չկան։ Այսօր որոշակի գումարներ են տրվում, բայց ֆիլմեր չեն նկարահանվում, որովհետեւ ֆիլմեր նկարահանելու համար մեծ գումարներ են անհրաժեշտ։ Եվ, որպեսզի կինոստուդիան եւ ընդհանրապես կազմակերպությունները գործեն, գոյություն ունենան, պետությունը պետք է դրանց հարկային եւ մաքսային արտոնություններ տա։
Կինոարտադրությունը պետությունը (այն էլ Հայաստանը) դեռեւս պետք է համարի ոչ առեւտրային, որովհետեւ, բացի այն, որ կինոն միայն արտադրություն չէ, Հայաստանն այսօր չի կարող ունենալ առեւտրային կինո (գոնե այսօր մեր պետական կինոստուդիաները չեն կարող դրան գնալ)։ Կինոստուդիան, առհասարակ (բայց ոչ մոտակա 10 տարիների ընթացքում) կարող է դառնալ պետական փակ բաժնետիրական ընկերություն, բայց փակ բաժնետիրական ընկերությունների համար կան առանձնահատկություններ, որոնք պետք է սահմանվեն օրենքով՝ ինչ կերպ դառնալ փակ բաժնետիրական։ Եթե այսօր կինոստուդիան (եւ այլն) փակ բաժնետիրական ընկերություն դառնա, ապա կինոստուդիայի հիմնական գործունեությունը կարող է չպահպանվել։
Անկախ իրավաբանները պնդում են նաեւ, որ այդ դեպքում հետագայում կինոստուդիան ի վիճակի չի լինի ինքն իրեն պահպանել եւ այդ պետական փակ բաժնետիրական ընկերությունը ստիպված 25 բաժնետերերից ավելի լինելու դեպքում, ըստ բաժնետիրական ընկերությունների մասին օրենքի, կբացվի՝ բաժանորդագրությունը բաց կլինի, ապա կսնանկանա։ Ամբողջ ազգային հարստությունը կփոշիանա, կսեփականաշնորհվի եւ ինչպես որոշ կինոթատրոններ, կինոստուդիան էլ (եւ մնացած բոլոր մշակույթի «օջախները») չի պահպանի իր գործունեության հիմնական բնույթը։ Սա իսկապես մեծ վտանգ է. քանի դեռ չկա մշակույթի, կինոյի (եւն) մասին օրենք, չի կարելի մշակութային «օջախները» բաժնետիրացնել։ Եվ, ցավալին նաեւ այն է, որ շատ հաճախ մեր պետական կառավարման մարմինները եւ պետական պաշտոնյաները չեն տարբերակում տնտեսական գործունեությունը մշակութային գործունեությունից։
Կարդացեք նաև
Մշակութային գործունեությունը տնտեսական գործունեություն չէ, այն միայն մի փոքր մասով կարող է լինել տնտեսական։ Իսկ առեւտրային գործունեությունը արտադրատնտեսական գործունեությունն է։ Չի բացառվում, որ մշակույթի ոլորտում կարող են լինել առեւտրային կամ ոչ առեւտրային կազմակերպություններ, բայց փաստ է այն, որ մշակույթն իր բնույթով, գործունեության հիմնական մասով ոչ առեւտրային է։ Եվ չի կարող մշակույթի կազմակերպությունը (կինոստուդիան, թանգարանը, թատրոնը, պատկերասրահը, գրադարանը եւն) դառնալ պետական փակ բաժնետիրական ընկերություն։ Պրն Անգալադյանի մոտեցմամբ, մշակույթը չի պահպանվի ու չի զարգանա եւ միայն ոչ առեւտրային մեխանիզմը թույլ կտա մտածել մշակույթի պահպանման, զարգացման եւ տարածման մասին։ Իսկ առեւտրային կազմակերպությունը ստացված շահույթը բաժանում է իր անդամների միջեւ եւ ոչ թե ներդնում է իր հետագա զարգացմանը։
Ահա այսպիսի մոտեցումներն են, որ տարբեր խոսակցությունների, ենթադրությունների առիթ են դարձել եւ անկեղծ իրարանցում են առաջացրել մշակույթի տարբեր բնագավառների գործիչների շրջանակներում։ Եվ զարմանալի է, որ իշխանություններին «հարող», մոտ կանգնած մշակույթի գործիչներն այս ամենը չեն գիտակցում եւ նման խոցելի ու խիստ վտանգավոր մոտեցումների համահեղինակ են դառնում։
«Հայֆիլմը»՝ բեռնատար օդանավակայան
Արդեն կինոգործիչների շրջանակներում լուրջ հիմքեր ունեցող խոսակցություններ են շրջում, թե Աշտարակից վերջին տարիներիս «չաղացած» մի մեծահարուստ մտադիր է գնել (բնականաբար, պետական փակ բաժնետիրական ընկերության վերջին ճիչը սեփականաշնորհումն է) «Հայֆիլմ» կինոստուդիան եւ այդտեղ (օդանավակայանի համար, թերեւս, «հրաշալի» տարածքում) բեռնատար օդանավակայան կառուցել։
ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ