Երեւանի կոնյակի գործարանի վաճառքը անսպասելի ընթացք է ստանում։ Հայտնի է, որ Ազգային ժողովի որոշ պատգամավորներ հուսահատ փորձում են գործարքը չեղյալ հայտարարել խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրելով։ Մյուս կողմից, իր «նոր» պահանջներն է սկսել ներկայացնել գործարանը գնած «Պեռնո Ռիկար» կազմակերպությունը։ Գործարքից հետո ֆրանսիական այս կազմակերպությունը գույքագրում հիշեցնող աուդիտային հաշվեքննություն է անցկացրել։ Ըստ ֆրանսիացի գործարարներին մոտ կանգնած աղբյուրների, գույքագրման արդյունքները ոչ մի կերպ չեն համապատասխանում գործարանի վաճառքից առաջ հրապարակված ազդագրին։
«Պեռնո Ռիկարի» հետ կնքված վաճառքի պայմանագրում հայկական կողմը խիստ մեծացրել է կոնյակի գործարանում առկա հնեցված սպիրտի պաշարները։ Պակասորդը գնահատվում է 3-5 մլն ամերիկյան դոլար։ Ըստ մեր աղբյուրի, հնեցված սպիրտի այդ քանակությունը տարեսկզբին առկա էր, այն «անհայտացել» է պայմանագրի կնքումից անմիջապես առաջ՝ մարտ ամսի սկզբներին։
«Առավոտին» հաջողվեց պարզել, որ կոնյակի գործարանի վաճառքին դեմ էր մի բարձրաստիճան եւ ազդեցիկ պաշտոնյա։ Վաճառքի համար նրա համաձայնությունը կորզելու նպատակով հենց նրան են զիջել հնեցված սպիրտի պաշարների մի մասը։ Հայկական տեսակավոր կոնյակի հնեցված հումքի խմբաքանակը մարտ ամսին ռուսական ավիաուղիներից մեկից վարձակալված երեք ինքնաթիռով առաքվել է Դաղստան։ Ինքնաթիռները մի քանի չվերթ են կատարել։
Երեւանի կոնյակի գործարանը գնած ֆրանսիացի գործարարներն այսօր հրաժարվում են մուծել պայմանագրով ամրագրված գումարն ամբողջությամբ։ Չնայած նրանց «կորուստը» կազմում է առավելագույնը 5 մլն դոլար՝ ֆրանսիացիները գործարքի գինը ուզում են պակասեցնել առնվազն 8 մլն դոլարով։ Եթե բանակցությունների այս նոր, անսպասելի փուլում նորից ֆրանսիացիները հաղթեն, ապա, պարզ թվաբանություն է՝ կոնյակի գործարանի վաճառքի գինը կկազմի 22 մլն դոլար։
Կարդացեք նաև
ԱԶԱՏ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ