Մի քանի տարի առաջ նրանք համարվում էին անբաժան ընկերներ
Տարիքով ավելի ավագը՝ Բագրատ Ասատրյանը ավելի հայտնի էր քաղաքական, տնտեսական շրջանակներում։ Նա Գերագույն խորհրդի նախագահության անդամ էր, կառավարող կուսակցության վարչության անդամ։ Հետո նշանակվեց Կենտրոնական բանկի նախագահ։
Նշանակումից անմիջապես հետո, իր տեղակալ առաջարկեց տարիքով կրտսեր ընկերոջը՝ Արմեն Դարբինյանին։ Նշանակումը որեւէ մեկին չզարմացրեց։ Դարբինյանի կիրթ խոսելաոճը, մոսկովյան կրթությունը, ապահովված ընտանիքի ժառանգ լինելու փաստը միանգամից դրական վերաբերմունք ապահովեցին։ Պաշտոնական եւ ոչ պաշտոնական բոլոր ընդունելություններին ընկերները միասին էին մասնակցում։ Կենտրոնական բանկում նրանց համագործակցությունը եւս ստացվում էր։ Հարաբերությունների սրման, առավել եւս՝ թշնամանքի որեւէ նախանշան կարծես թե չկար։
Կարդացեք նաև
Կենտրոնական բանկում պաշտոնավարելուց առաջ էլ հայտնի էր, որ Արմեն Դարբինյանը զբաղվում է բիզնեսով։ Ենթադրվում էր, որ նա ունի իր կայուն եւ սպիտակ բիզնեսը։ Առանձին կասկածելի պատմություններում նրա մասնակցության մասին լուրերն արժանահավատ չէին թվում։ Բանկիր ընկերների հարաբերություններում անբացատրելի երանգներ հայտնվեցին 1997թ. սկզբից։ Պաշտոնական ու ոչ պաշտոնական հավաքներին նրանք այլեւս միասին չէին։ Նրանք այլեւս միասին չէին անցկացնում ազատ ժամանակը։
Տրոհվել էր նաեւ նրանց ընկերական ու աշխատանքային միասնական շրջապատը։ Կենտրոնական բանկում շրջանառության մեջ էր դրվել «արմենականներ» տերմինը։ Այդպես անվանում էին Դարբինյանի կողմնակիցներին։ Կատարվածն, իհարկե, իր զուտ նյութական հիմնավորումն ուներ։ Փոխնախագահը իր ընկեր-ղեկավարից թաքուն բիզնես էր «դրել» ֆինանսական համակարգում։ Այդ շրջանում կենսաթոշակային ֆոնդի ղեկավարը Խաչիկ Շիրինյանն էր։ Համագործակցելով իրար հետ Արմեն Դարբինյանը եւ Խ. Շիրինյանը ուշացնում էին ֆոնդի գումարների մուտքագրումները։ Խոսքը գնում է լուրջ գումարների մասին։ 200-300 մլն դրամ գումարները մի քանի օր «պտտվում» էին բանկային ու բիզնեսի մասնավոր համակարգում՝ լուրջ եկամուտներ ապահովելով այս գործարարներին։
Այս ընթացքում շահույթի «իր» չափաբաժինը չստանալով՝ Ասատրյանը փորձում է պատժել իր «խաբեբա» ընկերոջը։ Սակայն քաղաքական իրավիճակն արդեն փոխվել էր։ Վարչապետ Ռ. Քոչարյանն իր հովանավորության տակ էր վերցնում «հին» ուժերի հետ տարաձայնություն ունեցող պաշտոնյաներին։ ՀՀՇ-ական համարվող Բագրատ Ասատրյանն արդեն վտանգ չէր ներկայացնում իր նախկին ընկերոջ համար։ Այս պատմության ընթացքում շատ յուրահատուկ զարգացում ունեցավ նաեւ Դարբինյան-Շիրինյան համագործակցությունը։ Հետագայում, պաշտոնի բարձրացումից հետո, Դարբինյանը, ցանկանալով վերջ տալ կենսաթոշակի հետ պատմություններին ու խոսակցություններին՝ Շիրինյանին առաջարկեց տեղափոխվել Պետապ հիմնադրամ։ Շիրինյանը հրաժարվեց «ընդունել» այս նշանակումը։ Արդեն վարչապետ Դարբինյանն իր ենթակա կառույցներին արգելեց որեւէ աշխատանք առաջարկել Շիրինյանին։ Սա՝ իմիջիայլոց։
Իսկ նախկին բանկիր ընկերների հարաբերությունները խզվեցին Ասատրյանի հրաժարականից հետո։ Սակայն նրանից վնաս չկա այն պարզ պատճառով, որ ԿԲ-ում նա եւ ազդեցիկ դարձած իր նախկին ընկերը միասին են պաշտոնավարել բառիս ենթադրելի եւ ոչ ենթադրելի հնարավոր բոլոր հետեւանքներով։