Մեր մարզպետաց «դասի» որոշ ներկայացուցիչներ մամուլի սեւեռուն ուշադրության առարկան են։ Պավլիկ Ասատրյանը եւ Արարատ Գոմցյանն առաջին տեղերում են։ Մնացածի գործունեությունը շատ էլ չի տարբերվում այս երկուսից, բայց քանի որ նրանք շատ չեն «ցցվում»՝ այդպիսով գրեթե անտեսվում են։ Մեկն էլ, որին նախագահից սկսած՝ Արտաշատի վերջին քաղաքացիով ավարտած՝ բոլորը «մուկ» են անվանում, Արարատի մարզպետ Հովիկ Աբրահամյանն է։
Իրազեկները պնդում են, թե մարզպետական դասին նրա մաս կազմելու գինը 300 հազար դոլար էր։ Ճիշտ է, չեն մանրամասնում՝ արդյոք դա Ռոբերտ Քոչարյանին կամ Արմեն Դարբինյանի՞ն է վճարվել, թե՞ Վազգեն Սարգսյանին կամ Դավիթ Զադոյանին։ Հովիկ Աբրահամյանի՝ մարզպետ դառնալու գինը նաեւ 600 դեկալիտր կոնյակի սպիրտն է նշվում, որն Արտաշատի գինու գործարանի կաղնու տակառներից այդ օրերին դատարկվել (փչացնելով դրանք) եւ Երեւանի կոնյակի գործարան է փոխադրվել՝ այն ֆրանսիացիների համար ավելի գրավիչ դարձնելու նպատակով։ Հովիկ Աբրահամյանն ինքը նախկինում գինու գործարանի տնօրենն է եղել։ Այժմ այդ սուրբ տեղն զբաղեցնում է նրա եղբայրը։ Դե, այդպես շատերն են անում՝ իբր «եղբորսն է՝ իմը չէ»։ Սակայն Արտաշատի քաղաքապետ եղած ժամանակ Հովիկ Աբրահամյանն առանձնապես ձեւականությունների հետեւից չի ընկել եւ իր ձեռքն է հավաքել եկամտաբեր բոլոր «օբյեկտները»։
Գինու գործարանին ավելացել է Արտաշատի մանվածքայինը, զանազան բինգոներ։ Փող աշխատելու բոլոր հնարավորություններն օգտագործվել են՝ շինարարության թույլտվություններ են տրվել քաղաքային այգու մեջ, դպրոցների (ասենք՝ Կրուպսկայայի անվան) բակում, Անդրանիկի արձանի մոտ։ Այնպես որ, մարզպետ դառնալու գինը վճարելով՝ Հովիկ Աբրահամյանը բոլորովին չի աղքատացել։ Ինչպեսեւ նախորդ 3-4 տարիներին, նա շարունակում է իր հանգիստն արտասահմանում անցկացնել՝ հիմնականում Ֆրանսիայում։ Ասում են, որ այնտեղ տուն էլ ունի։ Միայն մի բան կարող է սպառնալ «մկան» երջանկությանը՝ մոլի «սեկա» խաղացող է։ Շատ հաճախ ընկերներով նավակով հայտնվում են լճի մեջտեղում եւ հետաքրքրասեր աչքերից չերկնչելով՝ ժամերով թղթախաղով տարվում։ Ասում են, որ հենց սեկայով է կրվել Արտաշատի շուկան, որ նույնպես իր սեփականությունն էր։ Մի օր էլ մարզպետի պաշտոնի վրա «սեկա» չխաղա՞ հանկարծ մարդամուկը։
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ