Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բայց ինչո՞ւ չլինեին կինն ու…

Սեպտեմբեր 17,1998 00:00
kanayq

Երեւի ինչ-որ տրամաբանական բացատրություն ունի այն, որ քաղաքական շատ գործիչների գլխավոր խորհրդականը նրանց կինն է։ Բա էլ ուրիշ ո՞ւմ պիտի վստահեն բարձրաստիճաններն ու մինչեւ վերջ կիսվեն։ Հո սրտները չե՞ն բացելու ենթակաների առջեւ, որոնք ինչքան էլ նվիրված ու հավատարիմ երեւան, մեկ է՝ շեֆից դժգոհ են միշտ ու նրա տեղը զբաղեցնելու երազանք ունեն եւ անպայման նրա հայտնած տեղեկությունները վաղ թե ուշ իր դեմ կօգտագործեն։ Պաշտոնեական մեր համակարգը կաստայացած, քարացած է։ Անձնական բնույթի տեղեկություններն էլ կանանց ու սիրուհիների, անկողնային պատմությունների մասին՝ անգամ դեղին ու բուլվարային «Առավոտը» երբեք չի հրապարակում։

Հետաքրքրասեր լայն շրջանակներին հայտնի չէ, թե արդյոք ունե՞նք մե՛ր Մոնիկա Լուինսկիները եւ Փոլա Սմիթերը։ Ճիշտ է, մի ժամանակ իշխանական ողջ վերնախավը սիրում էր բամբասել Արմենակ Ղազարյանի կնոջ՝ տիկին Սուսաննայի, որ Հրանտ Բագրատյանի խորհրդականն էր՝ վարչապետի վրա ունեցած մեծ ազդեցության մասին, որով եւ շատ անգամ պայմանավորում էին նրա ամուսնու պաշտոնեական հաջողությունները։

Նանա Բագրատյանի շուրջ էլ սկանդալային պատմություններ կային։ Մի ժամանակ լուրեր տարածվեցին նրանց բաժանման վերաբերյալ, որ նա արդեն իսկ Պետերբուրգ է մեկնել, եւ ամուսինը փորձում է վերադարձնել նրան։ Սակայն միջադեպը հարթվեց, եւ վարչապետի կինը շարունակեց, ի վերջո՝ «02» հաղորդման հերոսուհի դարձած իր ընկերուհու միջոցով գործ անել։ Կառավարական հեռախոսով զանգում էին մի որեւէ տնօրենի եւ վարչապետի կնոջ կարիքները վկայակոչելով՝ գումարներ պահանջում։ Իհարկե, այս ամենն ընկերուհին էր անում, բայց կասկածներ կան, որ տիկին Նանան էլ էր մասնաբաժին ունենում ավարից։

Բագրատյանի հակառակորդը՝ Վանո Սիրադեղյանն այնքան կանայք է ունեցել, որ արժե նրանց մասին մի առանձին հրապարակում պատրաստել։ Սակայն ամենագեղեցիկը եւ հմայիչը, բնականաբար, վերջին կինն է՝ Ռուզան Տոնոյանը, որը շատ արագ այս ամուսնությունից հետո պարզ, ծիծաղկոտ աղջնակից վերածվեց քմահաճ, շքեղություն սիրող եւ իր հարգն իմացող էլեգանտ տիկնոջ։

Նախկին իշխանական վերնախավի ներկայացուցիչներից գեղեցկուհիների համարում ունեն նաեւ Արա Սահակյանի կինը՝ Լիանան եւ Բաբկեն Արարքցյանի կողակիցը՝ Կարինե Ավագյանը, որն իր տարիքի համեմատ հրաշալի է պահպանվել։ Դե, իսկ Կարապետ Ռուբինյանի տիկնոջ՝ Գենոֆյա Մարտիրոսյանի մասին համեստորեն լռում ենք։ Այս երեք գեղեցկուհիներն էլ, ի դեպ ժամանակին ընտրել են ԱԺ ապագա (այժմ արդեն՝ անցյալ) ղեկավարներին։

Եվ վերջապես, նախկին առաջին տիկինը՝ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը բավական ներկայանալի արտաքին ունի։ Ասում են՝ ամուսնուց առավել ծանր է տանում իշխանաթողությունը, բայց այնուամենայնիվ շարունակում է իր բարեգործական առաքելությունը։

Նոր առաջին տիկինը՝ Բելա Քոչարյանը, առանձնահատուկ է նախեւառաջ այն հատկանիշով, որ չի սիրում այդ «կոչումը» եւ առայժմ մեծ մասամբ ձեռնպահ է մնում որպես այդպիսին երեւալուց, շարունակելով ընտանիքի համեստ մայր մնալ։

Փոխարենը բավական ակտիվ եւ շփվող է վարչապետ Արմեն Դարբինյանի կինը՝ Նունեն, որը ժամանակին հրապարակավ «Դեմքեր» ծրագրով հայտարարեց, որ խառնվում եւ միջամտում է ամուսնու գործունեությանը։

Կարելի է հայացքը դարձնել նաեւ հարեւան հայկական պետության առաջին տիկիններին։ Նրանք, այո, երկուսն են։ Քանզի ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը պաշտոնապես չբաժանվելով իր առաջին կնոջից՝ վաղուց արդեն երկրորդի հետ է ապրում, որը եւ ավանդապաշտ ղարաբաղցիների մշտական դժգոհության ու խոսքուզրույցի առարկան է դարձել։ Բամբասում են նաեւ, որ «մատի ու մատանու» արանքը խցկվելով, այս ամենի մեջ էլ իր դերն ունի ամենազոր նախարար Սամվել Բաբայանը՝ «Սյամոն», որն «Արկադյային» սպառնացել է. «Ականջներդ կպոկեմ, եթե բաժանվել ես»։

Պարզ է, որ Ղարաբաղի «կազմակերպիչ ուժը» նախեւառաջ երկրի նախագահի կերպարով եւ վարկանիշով է մտահոգված։

… Իսկ ընդհանրապես, մեր հայրենական քաղաքական գործիչների մեջ բազմաթիվ են, մեղմ ասած, կնամեծար տղամարդիկ։ Առաջին տեղերին շատ են ուզում հավակնել հատկապես նախագահի խորհրդական Վահան Հովհաննիսյանը եւ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Էդվարդ Սանդոյանը։ Բայց սա էլ է առանձին հրապարակման նյութ։

ՊՈՂՈՍ ԼԻԼԻԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930