Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրի Մկրտչյանն իր ուսանողներին աճուրդով է վաճառում

Սեպտեմբեր 17,1998 00:00
krtutyun

Ըստ հրավիրատոմսի, «Ոչ պետական բուհերի ասոցիացիան» երեկ լրագրողներին հրավիրել էր ոչ պետական բուհերի հիմնախնդիրներին նվիրված ասուլիսի, սակայն իրականում մի խառնաշփոթ հավաքի «ռաստ եկանք»։ Բայց ամենաաբսուրդն այն էր, որ քիչ էր մնում դրա համար լրագրողներիս մեղադրեին։ Դեռ վիրավորված վիրավորեցին էլ, երբ մոտ ժամուկես տեւած «ասուլիսից» հոգնած լրագրողները շտապեցին դուրս գալ փոքր ու տոթ սենյակից, հենց այն վարողը ավարտի մասին ակնարկ արեց։

Էն, որ ոչ պետական բուհերն իրենց դարդ ու ցավը պիտի պատմեին. կարգավիճակի, ուսանողների ճակատագրի ու այլ հարցերի անորոշությունից բողոքեին, գիտեինք ու գնացել էինք հենց դա լսելու։ Բայց չէինք ենթադրում, որ պիտի ոչ պետական բուհերի ռեկտորներն ավելի շատ լինեին, քան լրագրողները, ու ասուլիսի փոխարեն պիտի սկսեին իրենց հուզող հարցերը հրավիրված պետական պաշտոնյայի, այս դեպքում՝ կրթության եւ գիտության փոխնախարար Միհրան Ստակյանի հետ պարզել։ Դրան էլ կարելի էր մի կերպ դիմանալ, եթե ռեկտորները չփորձեին հարցեր տալու էստաֆետն իրենց ձեռքը վերցնել՝ նույնիսկ վիճարկելով հարցեր տալու լրագրողներիս իրավունքը։

Իսկ «Մյուդ» ինստիտուտի ռեկտոր Յուրի Մկրտչյանը, պնդելով, որ իրենց քննարկման են հրավիրել, ոչ թե ասուլիսի, ամենավճռականն էր՝ «իրենք՝ ռեկտորները չգիտեն ի՞նչ վիճակի մեջ են, ի՞նչ ասեն լրագրողներին»։

Ի դեպ, ոչ հեռավոր անցյալում ՀՀ նախագահի թեկնածուն, ինչպես նախընտրական ձանձրալի ելույթների «համ ու հոտն էր», այնպես էլ՝ երեկվա հավաքի։ Իսկ նրա ու փոխնախարարի «մենամարտը» այդ ձախողված ասուլիսի ամենահետաքրքիր դրվագն էր։ «Առավոտը» բազմիցս անդրադարձել է մասնավոր բուհերի պրոբլեմներին եւ պահանջներին, այնպես որ միայն որոշ հետաքրքիր մանրամասներ կներկայացնենք։ Ողջ խոսակցությունը «Կրթության մասին օրենքի» շուրջն էր պտտվում, հույսով, թե հենց դա է առկա քաոսից միակ փրկարար օղակը։ Ընդ որում, եթե ոչ պետական բուհերի ռեկտորները վստահ էին, որ պետականների ռեկտորների լոբբինգի պատճառով օրենքը չի մտնում ԱԺ, փոխնախարարն էլ համոզված էր, որ հենց որոշ ոչ պետական բուհերի լոբբինգն է «հանցավորը», քանի որ եթե օրենքն ընդունվի ու հավատարմագրման կարգը գործի, ապա «միկրոսկոպիկ բուհերը՝ ամպագոռգոռ անուններով» կփակվեն։

Փոխնախարարի մյուս մեղադրանքն այն էր, թե ռեկտորները շատ անտեղյակ են, թե ինչ է արվել ու արվում։ Բայց դե ո՞վ է մեղավոր, որ բոլոր կողմերը գոնե մի անգամ հավաքվելու ու իրենց հուզող հարցերը քննարկելու (լրագրողների մասնակցությամբ կամ առանց նրանց) ժամանակ չեն գտել։ Միայն թե փոխնախարարն անմիջապես արդարացավ, թե կրթության ու գիտության նախարարությունն «ամենադեմոկրատականն» է եւ այնտեղ մտնելը շա՜տ հեշտ է։

Ի դեպ, փոխնախարարը հենց ուզում էր ապացուցել, թե իրենց մշակած օրենքն ամենալավն է ու կատարյալը, առարկություն չընդունող տոնով հայտարարում էր, թե՝ դա Ռուսաստանի Դաշնությունում ընդունված ձեւ է, ու օրինակներն էլ միայն այնտեղից էր բերում, կարծես թե Ռուսաստանի օրենքն ամենաճիշտն է։ Չնայած Յուրի Մկրտչյանը լրագրողներիս իր խոսքից առաջ հրահանգավորեց, թե՝ «էմոցիոնալ վերաբերմունք չլինի, հանգիստ լսե՛ք», բայց էնպիսի բաներ էր ասում, որ նույնիսկ փոխնախարարը չդիմացավ ու փոխադարձ որակումներն այնքան էլ հարմար չէին կրթության բնագավառի ներկայացուցիչներին։

Ի պատասխան պարոն Մկրտչյանի այն պնդումին, թե «օրենքն ի՞նչ բան է, հենց հիմա կարող եմ նստել ու գրել», փոխնախարարը եզրակացրեց, որ Յուրի Մկրտչյանը նույն հաջողությամբ կարող էր բուհի փոխարեն հյուրանոց կամ մի այլ բան բացել։ Իմիջիայլոց, պարոն Մկրտչյանի համոզմամբ, իրենց բուհի դիպլոմը «լրիվ տարբեր ա պետականից», իրենցը «սիրուն է, Շվեյցարիայում տպված», իսկ իր «ուսանողներին թռցնում են, ես աճուրդով եմ վաճառում իմ ուսանողներին»։ Ի պատասխան լրագրողների փռթկոցին, նետեց՝ «թերթ չե՛ք կարդում, չգիտե՛ք»։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930