Գյումրիում հերթական ավերված դպրոցը վերակառուցվեց ու հանձնվեց երեխաներին եւ ուսուցիչներին։ Այդ առիթով Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը շնորհավորում էր ներկաներին, մեկ էլ խլրտոցն ընկավ, բավականին ուշացումով (հավանաբար մարզպետական գործերն էին պատճառը) դահլիճ մտավ Շիրակի մարզպետ Արարատ Գոմցյանը եւ տեղ զբաղեցրեց պատվավոր հյուրերի կողքին՝ այդ ընթացքում սեղմելով հոգեւոր հայրերի աջերը։ Իր աջը կազմ ու պատրաստ էր պահել նաեւ մարզի կրթության բաժնի պետը, եւ երբ «շեֆը» նկատեց նրան, ձեռքսեղմումն ստացվեց։
Ավելի ուշ, երբ դահլիճի կենտրոնում մրգով, թխվածքով, քաղցրեղենով, ոգելից եւ ոչ այդպիսի խմիչքներով ծանրաբեռ սեղանի շուրջ հյուրերը հոտընկայս բաժակ բարձրացրին՝ խմելով դպրոցի, նրա վերանորոգողի եւ մյուսների կենացը, մոտեցա մարզպետին եւ.
– Պարոն Գոմցյան, կներեք, որ խանգարում եմ, թեպետ ուտելիս եւ խմելիս մարդուն չի կարելի խանգարել, բայց եւ այնպես, թույլ տվեք ձեզ մեկ հարց տալ։ Նախ, ներկայանամ՝ «Առավոտ» օրաթերթ, Մարգարիտ Եսայան։ Մենք տեսանք դպրոցի վերակառուցված մարզադահլիճը, տեսանք նաեւ, որ այն մարզական գույքով ապահովված չէ։ Դուք, որպես մարզպետ, ինչո՞վ եք աջակցելու դպրոցին, մասնավորապես այս հարցում։
– Դուք ինչպե՞ս ներկայացաք։
Կարդացեք նաև
– «Առավոտ» օրաթերթ։
– Մենք պարզապես սեղանի շուրջը կանգնած ենք, օրհնվում է։ Ոչ մեկս հիմա ուտելիքով չենք զբաղված, կերակուրի սեղան չի, զրույցի սեղան է, դա մեկ…
– Ուրեմն՝ ավելի լավ…
– Դուք տեսնում եք, որ այդպես չէ, ձեր հարցը տեղին չէր, մենք չէինք ուտում (այս խոսքերն ասելիս պարոն մարզպետը սեղանին դրեց մեկ քառորդ դեղձի կծած կտորը։ Անհարմար ստացվեց, իհարկե, բայց ի՞նչ արած։ – Մ. Ե.)։
Զրույցը սկսելուց առաջ եւ հետո պարոն մարզպետն ակնհայտորեն դժգոհ էր։ Եվ իմ միակ հարցին պատասխանեց չափազանց լակոնիկ՝ «Անպայման»։ Պատասխանը լրագրողիս անկնհայտորեն չբավարարեց եւ, բնականաբար, հարցրի.
– Ե՞րբ կլինի այդ անպայմանը։
– Ընթացքում, ուսումնական տարվա ընթացքում։
Այստեղ ինձ թվաց, թե զրույցն այլեւս չի շարունակվի, բայց մարզպետ Արարատ Գոմցյանը, պարզվեց, դեռ ասելիք ուներ.
– Ցանկանում եմ շատ ավելի օբյեկտիվ եւ անկողմնակալ մեկնաբանություն։
– Այդպես ենք աշխատում…
– Գուցե առանձին թղթակիցներ աշխատում են, բայց ավելի շատ հակառակն է։
– Պետական պաշտոնյայի եւ անկախ մամուլի միջեւ, բնականաբար, պետք է լինեն հակասություններ եւ առաջինները, իհարկե, պետք է դժգոհ լինեն ազատ խոսքից։
– Միանշանակ, չեմ կիսում հակասությունը (կրկնեց երկու անգամ։ – Մ. Ե.)։ Մենք շատ ուրիշ անկախ թերթեր ունենք, որոնք այդպես չեն։ (Ու պարոն Գոմցյանն անմիջապես անցավ բուն նյութին։ – Մ. Ե.)։ Թեկուզ վերջերս, «Գոմցյանի նամակը» խորագրով հոդված գրեցիք, երբ ես Մոսկվայում էի եւ բանակցելու էի ռուսական իշխանությունների հետ։ Գոմցյանի նամակը, հենց այդ բառը թերթի՝ լավի ոչ օբյեկտիվ մեկնաբանման մասին է խոսում։ Ընդհանրապես, ցանկացած հակասություն նորմալ չէ, դա հեղափոխություն է։ Հեղափոխությունն ինքնին աննորմալ երեւույթ է, եւ կարելի է բնությունը ինքը ներդաշնակ զարգանա։ Նույնը՝ հասարակարգերը։ Երբ լինում է ձեր ասած հակասությունը, ուրեմն, ինչ-որ բան ընդհատվում է։ Ողջունում եմ։
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
Հ.Գ. Մենք էլ ենք ողջունում պարոն Գոմցյանին եւ մաղթում (թեպետ պարոն մարզպետը անձամբ հեղափոխություններին դեմ է), որ աղետի գոտում հեղափոխություն լինի բառի դրական իմաստով. բազմահազար «դոմիկները» վերանան, աղետի գոտին եւ, մասնավորապես, Գյումրին քաղաքի տեսք ստանա, գյումրեցիները հաց ու ջուր ունենան, աշխատատեղ ունենան, իսկ աղետյալի հոգեբանություն չունենան։ Ա՛յ, այն ժամանակ կասենք՝ կեցցե՜ս, պարոն մարզպետ, խոսելու տեղ հիմա կա։ Թե չէ՝ Գոմցյանի նամակնե՜ր, դժգոհությո՜ւն, պաշտոնական դի՜րք, ո՞վ է ստեղծել…