Լրահոս
Օրվա լրահոսը

Լուծված է զինվորական հաշվառման հարցը

Սեպտեմբեր 17,1998 00:00
Vahan Shirxanyan

Հարցազրույց ՀՀ պաշտպանության փոխնախարար Վահան Շիրխանյանի հետ

-Պրն Շիրխանյան, ըստ էության, դուք եք «Զինապարտության մասին» օրենքի գաղափարախոսը, որը հենց նոր հավանության արժանացավ խորհրդարանում։ Ի՞նչ մոտեցումներ են արձանագրված նրանում, որ թույլ են տալու բարելավել այդ բնագավառում կատարվելիք աշխատանքները։

-Ընդունված օրենքը հնարավորություն կտա առաջին հերթին կարգավորել զինվորական հաշվառման գործը։ Մինչեւ հիմա գործում էր նախկին օրենքը, որն ընդունվել էր 1991 թվականին։ Իրավիճակը զգալիորեն փոխվել է։ Զինապարտների հաշվառումը կարգավորվել է, եւ այսօր դա պետք էր սահմանել օրենքով։ Զինված ուժերի համար թիվ 1 խնդիրը զինվորական հաշվառումն է՝ նախազորակոչային, զորակոչային, հետզորակոչային։ Այս խնդիրները կարգավորվեցին, օրենքը կարգավորեց նաեւ զինվորական ծառայության կարգի մեջ որոշակի փոփոխություններ մտցնելու հնարավորությունը։

Այլեւս լուծված են նաեւ պահեստազորի հետ աշխատանքների անցկացմանը վերաբերող հարցերը. նկատի են առնվում ե՛ւ պահեստազորի հաշվառումը, ե՛ւ վարժանքների կազմակերպումը։ Օրենքը նոր նորմ է սահմանել՝ խոսքը 30-րդ հոդվածի 4-րդ կետի մասին է, ուր ասված է՝ այն զինապարտները, որոնք օրենքով սահմանված կարգից դուրս չեն ծառայել բանակում, հետագայում չեն կարող զբաղեցնել պետական պաշտոններ։ Այդ ցանկը պետք է կառավարությունը հաստատի։ Կարծում եմ, որ այդ մարդիկ չեն կարող ղեկավարել համակարգեր, տարածքներ, քաղաքներ, եթե չեն ծառայել բանակում։ Օրենքով կարգավորվեցին նաեւ տարկետմանն առնչվող առկախ հարցերը, որոնք տարածվում են ինչպես բուհական համակարգի, նրա մեջ մտնող մագիստրատուրայի, այնպես էլ արտաբուհական հաստատությունների ուսանողների վրա։ Սա կարեւորագույն օրենք է զինված ուժերի համար եւ իր դրական դերն անպայմանորեն կունենա։

-Ձեր գլխավոր ընդդիմախոսն այս քննարկումներում, ինչպես եւ անցալ տարի, ԱԺ նախկին խոսնակ Բաբկեն Արարքցյանն էր։ Ներկայացրեք խնդրեմ. հիմնականում ի՞նչ հարցերի շուրջ էին ձեր տարակարծությունները։

-Արվել էին առաջարկություններ, որոնք վերաբերում էին տարկետման հարցին։ Առաջարկվում էր արձանագրել, որ մագիստրատուրան բուհի մաս է, մինչդեռ օրենքով դա սահմանված չէ։ Այսինքն՝ չի կարելի ասել, որ մագիստրատուրան բուհ է։ Այս պարագայում մենք մեկ տարի ժամանակով զորակոչային ռեսուրս ենք կորցնում։ Զորակոչն, ըստ էության, հետաձգվում է, քանի որ 4 տարի բակալավրի կրթություն ստանալուց հետո երկու տարի էլ պետք է մագիստրատուրայում սովորեն։ Հիմնական տարաձայնությունն այս խնդրի շուրջ էր։ Բայց սահմանվեց կարգ, ըստ որի մագիստրատուրայի սովորողները կունենան տարկետման իրավունք, սակայն մագիստրատուրայի ընդունելության կարգը, ուսանողների թվաքանակը, պայմանները կհաստատվեն կառավարությունում։

-Իսկ ի՞նչ հարցեր մնացին բաց, որ այդպես էլ չարձանագրվեցին օրենքում։

-Օրենքն ընդունվեց։ Ընդունվեց այն տեսքով, որով ներկայացվել է։ Համարում եմ, որ մենք «Զինապարտության մասին» օրենքի 30-րդ հոդվածը պետք է ավելի լայն բովանդակությամբ ընդունեինք։ Այնտեղ պետք է արձանագրվեր, որ, եթե զինապարտը չի ծառայել բանակում, ընդհանրապես պետք է զրկվի պետական պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից։ Եթե մարդը չի ծառայել ընտանեկան կամ այլ պայմաններից ելնելով, հնարավորություն եւ ժամանակ ունենալուն պես կարող էր դիմել ու ծառայելու հնարավորություն ստանար, եթե, իհարկե, հետագայում պետական պաշտոն զբաղեցնելու նպատակ ունի։ Իմ մոտեցումը դա է։ Սակայն համաձայնեցինք ավելի մեղմ տարբերակի, որպեսզի խնդիրներ չառաջանան։ Մյուս հարցը, իմ կարծիքով, հանրապետության նախագահի իրավասություններին է վերաբերում, այն է՝ անհրաժեշտության դեպքում հնարավորություն ունենալ երկու ամսով երկարացնել ժամկետային ծառայության ժամանակը։ Օրենքն այնպես սահմանեց, որ այդ հարցում որոշում ընդունելու հնարավորությունը թողնվի կառավարությանը։ Սա, իհարկե, չի խանգարում, սակայն օպերատիվության տեսակետից նախընտրելի էր, որ նախագահին վերապահվեր այդ իրավասությունը։ Մինչդեռ պատճառաբանվեց, թե Սահմանադրությունը նման հնարավորություն չի տալիս։

-Օրենքի ընդունումից հետո, երբ պրն Սարգսյանն ու Արարքցյանը զրուցում էին, տպավորություն ստացա, թե պաշտպանության նախարարն այնքան էլ տեղյակ չէ, թե ինչ առաջարկներով է հանդես գալիս «Հանրապետություն» խմբակցությունը։ Դուք նրա հետ այդ հարցերը չե՞ք քննարկել։

-Քննարկել ենք։ Մենք որոշակի փոխզիջումների գնացինք նկատի առնելով այն հանգամանքը, որ օրենքն ամբողջապես կարգավորում է հաշվառման գործը։ Հաշվառումը շատ ավելի կարեւոր է, քան օրենքի մնացյալ տարրերը։ Վազգեն Սարգսյանը շատ լավ տեղյակ էր օրենքի նախագծին եւ նույնպես շահագրգիռ, որ այն հնարավորինս շուտ ընդունվի, որպեսզի զինկոմիսարիատներն ու քաղաքացիները հասցնեն ծանոթանալ օրենքի դրույթներին ու կիրառեն զորակոչի ընթացքում։

Զրույցը վարեց ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930