Անցյալ տարի, 5-րդ նստաշրջանի ավարտին, հանպատրաստից օրակարգ մտավ եւ քննության առնվեց «Զինապարտության մասին» օրենքը։ Պատճառաբանվում էր, թե խնդիրը հրատապ է եւ պետք է ազդի հետեւելիք աշնանային զորակոչը հնարավորինս կազմակերպված անցկացնելու վրա։ Այն ժամանակ կրքերը շիկացան ծայր աստիճան։ Այնքան շիկացան, որ ԱԺ խոսնակ Բաբկեն Արարքցյանը պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հետ ունեցած իր վեճում պարտվելով հայտարարեց, թե հրաժարական է տալիս։ Նրա հրաժարականն, իհարկե, հետեւեց, սակայն՝ իրագործվելով մի քանի ամիս անց միայն եւ այն էլ միանգամայն տարբեր առիթով։
Այդպես չէր, սակայն սեպտեմբերի 16-ի ԱԺ նիստում, ուր վերջնականապես քննարկվելով՝ 137 կողմ, 0 դեմ եւ 0 ձեռնպահ քվեներով հավանության արժանացավ «Զինապարտության մասին» օրենքը։ Քվեարկության արդյունքներն Ազգային ժողովն ընդունեց ծափողջույններով, իսկ դրանից հետո Վազգեն Սարգսյանն ու Բաբկեն Արարքցյանը միմյանց հետ զրուցելով՝ էլի զինապարտության խնդիրների մասին, քայլեցին դեպի «Հանրապետություն» խմբակցության սենյակ, ուր բաժակ-բաժակի զարկեցին ու, հավանաբար, շնորհավորական բառեր ասացին այս մեծ հաշտության առիթով։
Սակայն սեպտեմբերի 16-ին միմյանց հետ խմելու առիթն ուրիշ էր։ Այդ օրը Բաբկեն Արարքցյանը դարձավ 54 տարեկան։ Դրանից հետո, երբ արդեն ԱԺ նիստերի դահլիճում այլ օրենքներ էին քննարկվում, ինչպես պաշտպանության նախարարը, այնպես էլ ԱԺ նախկին խոսնակը ներկայացրին սեփական գնահատականները Ազգային ժողովում «Զինապարտության մասին» օրենքի ընդունման կապակցությամբ։
Վազգեն Սարգսյան– Լավ է, որ այսուհետ բոլոր հարցերը կկարգավորվեն օրենքով։ Նոր օրենքը օպերատիվ նշանակություն ունի, նաեւ սկզբունքային նշանակություն։ Շատ ծանր ճակատագիր ունեցավ օրենքը եւ փառք Աստծո, որ այսօր համաձայնությամբ ընդունվեց։ Օրենքը գործնականում կարգավորում է զորակոչային բոլոր խնդիրները։ Գրեթե բաց դաշտ չմնաց, եւ հիմա մեզ համար աշխատելն ավելի հեշտ կլինի՝ ավելի քաղաքակիրթ խաղի կանոններով։ Կարծում եմ, որ գիտության եւ կրթության մասին օրենքներն ընդունելիս լուրջ հակասությունների առջեւ չենք կանգնի, որովհետեւ ընդունել ենք գիտության եւ կրթության հանձնաժողովի բոլոր առաջարկները։ Բոլոր վիճելի կետերի շուրջ ձեռք է բերվել համաձայնություն։
Կարդացեք նաև
Բաբկեն Արարքցյան– Փաստորեն, այն առաջարկությունները, որոնք արել էին մեր խմբակցության անդամները, ընդունելի չէին համարվել ինչպես պաշտպանության հարցերի հանձնաժողովում, այնպես էլ կառավարության կողմից լիազորված անձի՝ Վահան Շիրխանյանի համար։ Ստացվեց այնպես, որ միայն Վազգեն Սարգսյանի հայտնվելը խորհրդարանում նպաստեց, որ անմիջապես կայացվեն բոլոր համաձայնությունները։ Կարեւորագույն ձեռբերումը համարում եմ ուսման շարունակականության սկզբունքի ընդունումը։ Մագիստրատուրայում, ինչպես նաեւ ասպիրանտուրայում սովորող բոլոր ուսանողներն ազատվելու են բանակից։ Սա շատ կարեւոր հանգամանք է։
Վերացվեցին նաեւ Սահմանադրության հետ եղած հակասությունները։ Մենք կողմնակից էինք, որ կառավարությանը տաղանդավոր անձանց ծառայությունից ազատելու լիազորություններ տրվի։ Պետք է ասեմ, որ այս բոլոր առաջարկությունները տրամաբանված եւ հիմնավորված էին, որոնք, սակայն, չէին ընդունում։ Այնուհետեւ տեղի է ունենում զարմանալի երեւույթ։ Այդ մոտեցումները մերժվում են, իսկ կես ժամ անց գալիս ու ասում են, թե հավանություն են տալիս։ Ես համաձայն չեմ օրենքի միայն այն դրույթին, թե պետական պաշտոններում չեն կարող նշանակվել բանակում չծառայած մարդիկ։ Այդ դեպքում հարցեր են առաջանում, թե որ բանակի մասին է խոսքը եւ այլն։ Այս ամենը պետք է հստակեցնել, բայց քանի որ գնացինք փոխզիջման, մենք համաձայնեցինք նաեւ հարցի այսպիսի հապճեպ լուծմանը։
Ինչեւիցե, այն սկզբունքները, որոնք մենք պաշտպանում էինք մեկ տարի առաջ, այսօր տեղ գտան ընդունված օրենքում։ Այդ պատճառով էլ մենք կողմ քվեարկեցինք օրենքին։
Ա. ԶԱՔԱՐՅԱՆ