Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆՈՐՔ-ՄԱՐԱՇՆ»՝ ԻՐ ԵՎ «ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ» ՅՈԻՂԵՐԻ ՄԵՋ

Սեպտեմբեր 17,1998 00:00
srtabanakan

Տեղեկությունն այն մասին, որ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելելու է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն, լրագրողներին մտահոգեց «իրենց խոդով» այնտեղ հասնելու հեռանկարով։ Սրան-նրան հարցուփորձը սկզբում արդյունք չտվեց. «Ինչի էդպիսի կենտրոն էլ կա՞» («նախագահը վաղն առավոտյան այցելելու է, չլինի էլ՝ մի գիշերվա մեջ կսարքեն»,- հավատացրինք կասկածողներին)։

Իսկ սեփական համոզվածության համար նշանակված ժամից՝ 11-ից քիչ ավելի շուտ եղանք «Նորք-Մարաշում» եւ պարզեցինք, որ այդ անունը այն կրում է միայն 1997 թ. հոկտեմբեր ամսից։ Մինչ այդ կոչվում էր մանկական կլինիկական հիվանդանոց, որը մի քանի անգամ վերապրոֆիլավորվելով, այժմ ունի սրտային, դիմածնոտային վիրաբուժության, վերակենդանացման, կարդիոռեւմատոլոգիայի, մեծահասակների եւ մանկական սրտաբանական բաժանմունքներ։

Բուժական կենտրոնի տնօրեն Լիդիա Մուրադյանն ասաց, որ իրեն հայտնի չէ, թե ինչու է նախագահը գալիս։ Սակայն համոզված էր, որ «Նախագահը լինում է այնպիսի օբյեկտներում, որոնք ինչ-որ բանով հետաքրքրություն են ներկայացնում»։ Տիկին Մուրադյանը ենթադրում էր, որ նախագահը «տեղյակ է իրենց ծրագրերին, ուզում է մոտիկից ծանոթանալ», հատկապես արդեն մի քանի տարի Հայաստանում աշխատող ամերիկահայ վիրաբույժ Հրայր Հովակիմյանի հետ։

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը ժամանեց 10 րոպե ուշացումով։ Նրան ուղեկցող՝ մամուլի ծառայության ղեկավար Հասմիկ Պետրոսյանն անմիջապես զգուշացրեց, որ նախագահի հետ հիվանդանոց մտնել լրագրողներին չի թույլատրվում։ Հատկապես սրտային հիվանդներին չափից ավելի մեծ խմբով այցելելու աննպատակահարմարությունը ըմբռնելով՝ ԶԼՄ ներկայացուցիչներս մեկ ժամից ավելի սպասեցինք Ռոբերտ Քոչարյանի տպավորությունների ձեւավորմանը։ Հիվանդանոցից դուրս գալու պահին տնօրեն տիկին Մուրադյանը նախագահին ներկայացնում էր տարածաշրջանային կենտրոն դառնալու ծրագրերը։ Մասնավորապես այդ նպատակով փոքրիկ թռիչքահրապարակ են ուզում բակում կառուցել՝ վերակենդանացման ենթակա հիվանդներին ընդունելու համար։

Ռոբերտ Քոչարյանը չգիտես դժգոհ, թե գոհունակությամբ ասաց, որ այդ դեպքում նրանց «վերտալյոտ» է պետք տալ։ Հավաստիանալով, որ «վերտալյոտ» տվող կա, նախագահը փորձեց հրաժեշտ տալ եւ դեմ առավ լրագրողների «անհաղթահարելի» պատին։ ՀՀ նախագահը ստիպված եղավ խոստովանել, որ որպես մասնագետ չի կարող ասել, բայց եղած տվյալներն ու ցուցանիշները «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը լավ կողմից են բնութագրում։ Լրագրողներից մեկի հարցին, թե տարածաշրջանային կենտրոն դառնալու համար ի՞նչ է հարկավոր, նախագահը պատասխանեց. «Դե ֆակտո, փաստորեն, կենտրոն է դարձել տվյալ հիվանդանոցը, բայց համոզված եմ, որ մենք նման հնարավորություն եւ պոտենցիալ ունենք»։

Նախագահն ավետեց նաեւ, որ աշխարհում ուր գնում ենք, հայ բժիշկներին գիտեն։ Շատ շուտով նախագահն արդեն «գուժեց». ««Եվս մեկ հարց եւ ես գնում եմ»։ Սակայն լրագրողներս «թույլ չտվեցինք», որ նա իրականացնի իր «սպառնալիքը»։ Մասնավորապես պատասխանելու համար այն հարցին, թե ինչպես պիտի լուծվի այս հիվանդանոցին պետության ունեցած «պատկառելի» պարտքի հարցը, Ռոբերտ Քոչարյանը դիմեց բուժական կենտրոնի տնօրեն տիկին Մուրադյանի օգնությանը՝ պարզելու համար, թե դա ինչ պարտք է։ Տնօրենն անմիջապես ասաց, որ ինքը մեզ նախօրոք զգուշացրել էր. իրենք երբեք չեն դժգոհում, իրենք որոշել են «իրենց յուղով տապակվել»։ Վճարովի ծառայության միջոցով կարողանում են ե՛ւ կենտրոնը լավ պահել, ե՛ւ ապահովել աշխատավարձերը։

«Իհարկե, ստանում ենք նաեւ պետպատվերը՝ ոչ 100 տոկոսով, այլ այնքան, ինչքան ի վիճակի է տալ բյուջեն»։ «Առավոտի» այն հարցը, թե արդյոք նախագահի այցը տարածաշրջանային բուժական կենտրոնի դե ֆակտո գոյությունը այն դե յուրե դարձնելու նպատա՞կն ունի, նախագահին տարակուսելու առիթ տվեց քիչ առաջ իր իսկ օգտագործած տերմինի շուրջ։

-Ի՞նչ է նշանակում դե ֆակտո-դե յուրե։ Հարցը մի քիչ կոռեկտ չէր,- չգիտես ինչու «Առավոտի» հարցն արժանացավ նախագահի բնորոշմանը։

– Ուղղակի, կրկնում եմ, այս օրինակը հաջողված օրինակներից մեկն է։ Ինչպես գիտեք, դա հաջողվել է էնտուզիազմի, կոլեկտիվի եւ մեր հայտնի վիրաբույժի՝ Հրայրի (Հովակիմյան -Ա.Գ.) նվիրվածության հաշվին։ Եթե դա հաջողվեց առանց պետական հովանավորության, եթե այս ամեն ինչը դառնա նաեւ պետության կողմից ուղղված քաղաքականություն, ես կարծում եմ, անպայման կհաջողվի։ Բայց տվյալ պահին դե ֆակտո-դե յուրե սահմանումը մի քիչ կոռեկտ չի,- չմոռացավ կրկնել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Այնուամենայնիվ, ՀՀ նախագահի այցը հիվանդանոցի տարածաշրջանային կենտրոն դառնալու ինչ երաշխիք է հարցին ի պատասխան Ռ. Քոչարյանն ասաց, որ ինքը եկել էր «որոշ բան տեսնելու, սովորելու եւ հասկանալու, թե հետագայում ինչ քայլեր պետք է արվեն կառավարության կողմից»։ Հետո «հանդիմանեց», որ սովորել ենք. «նախագահը Ձմեռ պապի է, եկել է…։ Այս պահին հակառակն է. Ձմեռ պապին իրենք են»։ Նախագահը հորդորեց գտնել բժիշկ Հրայրին, որն «իր համեստ բնավորության համաձայն, «փախավ»։

Եզակի դեպքերից էր, երբ որոշ լրագրողներ «հետեւեցին» նախագահի խորհրդին եւ գտան Հրայր Հովակիմյանին։ Թեեւ վերջինիս մասին պատմում են, որ լրագրողներին չի սիրում, սակայն նա հակառակը հավաստիացրեց, շատ է սիրում լրագրողներին, հավատում է նրանց դերին։ Խոսում է նրանց հետ, եթե զգում է, որ օգտակար մի բան դուրս կգա այդ խոսակցությունից՝ թե գործի, թե հասարակության համար։ Նա նախագահի այցը բնորոշեց «նախեւառաջ սիմվոլիկ, միշտ էլ հաճելի է զգալ, որ գործը երեւում է, քաջալերվում է ղեկավարության կողմից»։ Իսկ եղած գործին կառավարության աջակցությունը կարող է նոր թռիչք տալ։

ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930