Նախագահի կողմից արտահերթ նիստ չհրավիրելու հարցով ՍԴ մտնելու համար ստորագրահավաքը ԱԺ-ում շարունակվում է։ Նախաձեռնող խմբի անդամները «Առավոտին» տեղեկացրին, որ սեպտեմբերի 16-ի, ժամը 18-ի դրությամբ, դիմումը ստորագրել էր 74 պատգամավոր։ Ստորագրողների մեջ կան պատգամավորներ բոլոր խմբերից եւ խմբակցություններից, ՍԴ դիմելու փաստաթուղթը չեն ստորագրել ԱԺ-ում միակ դաշնակցական պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, «Օրինաց երկիր» կուսակցության անդամները եւ շատ շատերը։
ԳՈՐԳԵՐԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՉՏՎԵՑԻՆ
Սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովը քննարկելով «Իջեւանյան գորգեր» ՓԲԸ-ին հարկային արտոնություններ տալու հարցը, փաստորեն, բացասական դիրքորոշում արտահայտեց իր 64 կողմ, 26 դեմ եւ 37 ձեռնպահ քվեներով։ Հիշեցնենք, որ նախորդ նստաշրջանում կառավարության ներկայացմամբ քննության առնված այս նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ հավանության էր արժանացել։ շ
ՀՆՉԱԿՆԵՐԻՆ ՏԵՂԱՎՈՐԵՑԻՆ
Կարդացեք նաև
Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը այժմ տեղավորվել է «Մոլորակ» թերթի նախկին խմբագրությունում, որը գտնվում է Արշակունյաց պողոտայի՝ կրկեսին հարող տարածքում։
ԽՈՐՀՈՒՐԴ ՏՎԵՔ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԲԱՑ ԱՇԽԱՏԵԼ
Նախագահի անունից նրա խոսնակը վերջերս հայտարարեց, որ երբ հանձնաժողովների աշխատանքներին մամուլը ներկա է գտնվում՝ բաց խոսակցություն չի կայանում. «Գործնական հանդիպումների ընթացքում մամուլի ներկա գտնվելը չի օգնում»։ Արդյոք նույն կե՞րպ է մտածում նախագահի խորհրդական Պարույր Հայրիկյանը, որ մշտապես բաց աշխատաոճի կողմնակից է եղել. «Չեմ կարող համարել, որ լրագրողների ներկայությունը կարող է գործին խանգարել,- «Առավոտ»-ին ասաց պրն Հայրիկյանը։ – Իսկապես որոշ դեպքերում բարդություններ լինում են, բայց դա անմիջականորեն միայն թղթակիցների հետ կապված չէ։ Երբեմն լրագրողների ներկայությունը քաղաքական առումով օգտագործողներ են լինում։ Սակայն ես հակված եմ աշխատանքները մինչեւ վերջ բաց անցկացնել եւ նույնիսկ այնպիսի թղթակիցների մասնակցությամբ, որոնք ոչ բարի համբավ ունեն»։