Մարդու իրավունքների հանձնաժողովի երեկվա նիստում Վարդան Հարությունյանը հայտնեց, որ փախստականների խնդիրների վերաբերյալ իրենց ուղարկված «կոլեկտիվ» դիմումի տակ փախստականներն իբրեւ հետգրություն խնդրել են, որ իրենց արծարծած հարցերով չզբաղվեն Մեխակ Գաբրիելյանի գլխավորած վարչությունը եւ Վլադիմիր Կարմիրշալյանը։ Վերջինս, ի դեպ, այս հանձնաժողովի անդամ է, բայց երեկվա նիստին ներկա չէր։
Հանձնաժողովի նիստի մասին կարդացեք 2-րդ էջում։
ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԼԱՎ ԲԱՆ Է
«Զինապարտության մասին» օրենքի ընդունումից հետո ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը տեղի ունեցածը մեկնաբանելով «Առավոտի» համար, ասաց. «Համաձայնությունը շատ լավ բան է։ Պետք է աշխատել քաղաքակիրթ սկզբունքներով»։ Իսկ «Առավոտի» այն հարցին, թե ինչ կարծիք ունի Շանթ Հարությունյանի պնդման վերաբերյալ, որ դեպքերի բերումով Վազգեն Սարգսյանն է պատասխանատվություն կրում ազգի ապագա ճակատագրի համար, պաշտպանության նախարարն արձագանքեց հետեւյալ կերպ. «Այդ հրապարակմանը դեռ չեմ հասցրել ծանոթանալ»։
Կարդացեք նաև
Մանրամասներ ԱԺ-ից՝ 4-րդ էջում։
ՕՐԻՆԱԿԵԼԻ ՀԱՄԵՍՏՈՒԹՅՈՒՆ
1990-ից դաշնակցական, «Ավանգարդ» կենտրոնի եւ նախագահին առընթեր երկու հանձնաժողովների ներկայացուցիչ Հովհաննես Ասրյանը, որը «31»-ի դատավարության ընթացքում Վահան Հովհաննիսյանի դատապաշտպանն էր՝ դիմում է գրել ՀՅԴ շարքերից դուրս գալու համար։ Պրն Ասրյանը ոչ հերքեց, ո՛չ էլ հաստատեց «Առավոտ»-ի այս տեղեկությունը, միայն կանխատեսեց. «Ես ոչ քաղաքական գործիչ եմ, ո՛չ էլ կինոդերասան, հետեւաբար այդ լուրն ընթերցողներին ամենեւին չի հետաքրքրի։ Եվ իմաստ չունի նրանց ծանրաբեռնել ավելորդ տեղեկատվությամբ»։