Ռուսական ֆինանսական ճգնաժամի պահից աճեց հետաքրքրությունը մեր երկրի ֆինանսական համակարգի նկատմամբ։ Մամուլը սկսեց հրապարակել տարբեր կարծիքներ։ Որոշ հեղինակներ իրենց հրապարակումներին ավելի պատկառելի տեսք տալու համար ստորագրության տակ ավելացնում են «տնտեսագետ»։
Անկեղծ ասած, դրանով ամենեւին էլ հոդվածում բերված թվերն ավելի հավաստի չեն դառնում։ Ռուսաստանում ֆինանսական ճգնաժամը իր բարձրակետին հասավ, երբ Կիրիենկոյի կառավարությունը որոշեց «սառեցնել» ներքին պարտքը։ Հայտարարվեց, որ պետական կարճաժամկետ պարտատոմսերը չեն մարվելու։ Ոչ կայուն տնտեսական համակարգ ունեցող երկրների պարտատոմսերի նկատմամբ վերաբերմունքը միշտ էլ երկակի է։ Նման երկրներում ներդրողների համար պարտատոմսերի հետ կապված գործարքները ռիսկային են գնահատվում։ Մեր պետական կարճաժամկետ պարտատոմսերի մասին հրապարակումները փորձում են ընդգծել այդ ռիսկայնության պահը։
Նշվում է, որ հանրապետության խիստ «համեստ» մակրոտնտեսական ցուցանիշներ ունեցող տնտեսության համար պետական պարտատոմսերի ծավալն արդեն վտանգավոր ծավալներ ունի։ Պարտատոմսերի «վտանգավոր» բնույթը ի սկզբանե է առկա այդ համակարգում։ Պարտատոմսերի համակարգը ամենասովորական ֆինանսական բուրգ է։ Յուրաքանչյուր անգամ պարտատոմսեր տեղաբաշխելիս պետությունն անընդհատ ձգտում է ավելի շատ ֆինանսական միջոցներ ներգրավել։ Դրանցով մարվում են նախկին պարտքերը, իսկ ավելացածը ուղղվում բյուջե։ Համակարգը մշտապես այս տրամաբանությամբ աշխատեցնելն իսկապես վտանգավոր է, որովհետեւ նախկին պարտքերի սպասարկումից ավելի ներգրավված փողն ուղղվում է բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը, «գործի մեջ» չի դրվում։
Փաստորեն, փող չաշխատող փողը սպառնալիորեն մեծացնում է երկրի ներքին համարվող պարտքը։ Ֆինանսական այս բուրգը իր բնույթով փաստորեն դանդաղ գործողության ական է, որ որոշակի ծավալների հասնելուց հետո կարող է «պայթեցնել» երկրի ֆինանսական համակարգը։ Ռուսաստանի օրինակն այս իմաստով պարզապես ուսուցողական փայլուն նմուշ է։ Միայն այն փաստը, որ պետական պարտատոմսերի մասին այսօր սովորականից ավելի է խոսվում, ապացուցում է, որ լարված իրավիճակն առկա է նաեւ մեր ֆինանսական համակարգում։ Այս թեման խիստ հարմար է թե՛ կառավարության ֆինանսական գործունեության քննադատության, թե՛ շահարկումների տեսանկյունից։
Կարդացեք նաև
Ներքին պարտքի կառուցվածքը
Թե՛ քննադատության, թե՛ շահարկումների համար խոսքը հարմար է սկսել ներքին պարտքի կառուցվածքից։ Այն դինամիկ է եւ փոփոխվում է մեծ արագությամբ։Ըստ պաշտոնական տվյալների, 1998թ. հուլիսի 17-ի դրությամբ պետական պարտատոմսերի մոտ 60 տոկոսը գտնվում էր ներքին ներդրողների ձեռքում, 40 տոկոսը՝ արտաքին։ Այս հարաբերակցությունը խիստ հարմար է քննադատության համար։ Փաստորեն, կարելի է արձանագրել, որ անգամ ներքին համարվող պարտքի խիստ զգալի մասը իրականում արտաքին է։ Քննադատելու ընթացքում կարելի է նաեւ չնկատել, որ վերջին երկու ամսում պատկերը կտրուկ փոխվել է։
Սեպտեմբերի 4-ի դրությամբ արտաքին (ոչ ռեզիդենտ) ներդրողների ձեռքին է կարճաժամկետ արժեթղթերի մոտ 24 տոկոսը։ Ներքին ներդրողները իրենց «հսկողության» տակ են պահում արժեթղթերի մոտ 76 տոկոսը։ Ընդ որում, դիլեր բանկերը ձեռք են բերել արժեթղթերի մոտ 59 տոկոսը, ոչ դիլեր բանկերը՝ 6 տոկոսը, Կենտրոնական բանկը՝ 2,5 տոկոսը։ Արժեթղթերի մոտ 9 տոկոսը գտնվում է ոչ բանկ ներդրողների ձեռքին։ Հնարավոր է, որ այս փոփոխություններն արդյունք են ֆինանսների նախարարության որոշակի գործողությունների, որոնց նպատակն է թուլացնել ֆինանսական համակարգում առկա լարումը։
Բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորումը
Պետական կարճաժամկետ պարտատոմսերի շուկայում տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ֆինանսների նախարարությունը սկսել է զգուշավոր քաղաքականություն վարել։ Ֆինանսական համակարգում լարումը մեղմելու նպատակով կրճատվել են նոր տեղաբաշխումների ծավալները։ Հուլիսի 29-ի դրությամբ այս արժեթղթերով բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման համար ներգրավված էր 483 մլն դրամ։ Սեպտեմբերի 7-ի դրությամբ այն աճել էր՝ կազմելով 628,5 մլն դրամ։ Կարճաժամկետ պարտատոմսերի վերջին՝ անցած շաբաթ կայացած տեղաբաշխումից այս թիվը կտրուկ նվազեց՝ հասնելով 320 մլն-ի։ Այս անկումը հնարավոր երկու պատճառ ունի։ Նախ, հնարավոր է, որ ռուսական ցնցումներից հետո պարտատոմսերի շուկայում գործող գործարարները համաձայն են գնել միայն բարձր շահույթ խոստացող պարտատոմսեր։
Ֆինանսների նախարարությունը չփորձեց բարձր տոկոսով փողեր ձեռք բերել։ Սա նշանակում է, որ նախարարությունում վստահ են, որ հաջորդ շաբաթներին արժեթղթերը կվաճառվեն ավելի ցածր տոկոսներով։ Կամ էլ փորձում են ունեցած փողերով «յոլա գնալ» մինչեւ ֆինանսական շուկայի կայունացումը։ Եթե առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում ֆինանսների նախարարությանը հաջողվի չփոխել իր «կեցվածքը»՝ նշանակում է, որ երկրի տնտեսական կյանքում ֆինանսական լարվածությունը վերահսկելի է։ Իսկ եթե առաջիկա շաբաթներին կտրուկ մեծանան տեղաբաշխումների ծավալներն ու շահութաբերությունը, դժվար չի լինի եզրակացնել, որ բյուջետային պարտավորությունները կատարելու համար կառավարությունը փող չունի։ Եվ հակառակ իր իսկ ծրագրի, ՊԿՊ-ները դիտվում են որպես բյուջեի դեֆիցիտի ծածկման ամենահեշտ աղբյուր։
ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ