Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՔԱԽՏԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԸ ԻՐԱԿԱՆ Է

Սեպտեմբեր 16,1998 00:00
hivand

Որովհետեւ մենք շատ ենք աղքատ

Մեկ անգամ էլ կրկնենք, որ հիվանդությունը թաքցնելով հնարավոր չէ այն բուժել, ցավոք, հիշեցումը այս անգամ վերաբերում է ոչ խոլերային։ Իսկ թաքցնելու ամենապարզ ապացույցը Հայաստանի 1997 եւ 1998 թթ. պետբյուջեի համապատասխան հոդվածների համեմատումն է։ 1998թ. թոքախտով հիվանդների բուժման համար հատկացվել է մոտ կրկնակի պակաս գումար, քան 1997թ.-ին։ Պատճառը կատարողականի բացակայությունն է, ավելի պարզ՝ հիվանդների պակաս լինելու պատճառով։

Մինչդեռ, կարելի է ենթադրել, որ Հայաստանում թոքախտով հիվանդների քանակը չի պակասել։ Ըստ մասնագետների՝ թոքախտը սոցիալական հիվանդություն է։ Նրա հարուցիչները ոչ ակտիվ վիճակում գտնվում են յուրաքանչյուրիս օրգանիզմում եւ ակտիվանում են այն ժամանակ, երբ նվազում է օրգանիզմի դիմադրողականությունը։ Թոքախտի դեպքերը ավելի հաճախակի են աղետի գոտում, որտեղ սոցիալական վիճակը առավել սրված է։ Ավելի պարզ ասած՝ մարդիկ թերսնվում են, որն էլ առաջացնում է օրգանիզմի դիմադրողականության անկում։ Ոչ միայն քաղաքացիական, այլ նաեւ զինվորական հիվանդների բուժումը իրականացվում է Աբովյանի հակաթոքախտային կենտրոնում։ Իմ փորձերը՝ այս խնդրի մասին լրացուցիչ ինֆորմացիա ստանալ եւ մեր ունեցածը ճշտել հիվանդանոցում, ապարդյուն էին։

Պրոֆեսոր տիկին Սաֆարյանը կտրականապես մերժեց պատասխանել որեւէ հարցի, նախ պատճառաբանելով, որ իրենց մոտ ստուգող հանձնաժողով կա, ապա պահանջեց նախարարի թույլտվությունը։ Հավանաբար, հիվանդանոցը մտնում է գաղտնի օբյեկտների ցանկի մեջ։ Հիվանդանոցի բակում էին մի քանի հիվանդների ծնողներ։ Նրանց հագուստներից եւ իրենց հիվանդներին բերած որդնած խնձորներից հաստատվեց թոքախտի՝ սոցիալական հիվանդություն լինելու փաստը։ Առողջապահության նախարար Գագիկ Ստամբոլցյանից թուլտվություն ստանալու փորձերը եւս դատապարտված էին անհաջողության։

Մեր թղթակցի խնդրանքին ի պատասխան՝ պարոն Ստամբոլցյանը վրդովվել է, հայտարարել, որ ոչ ոքի ներս չի թողնի հիվանդանոց՝ ոտնահարելով մամուլի մասին օրենքը, որտեղ գրված է, որ պաշտոնյան պարտավոր է տրամադրել մասսայական լրատվամիջոցներին անհրաժեշտ ինֆորմացիա։ Մանավանդ, որ թոքախտը որեւէ առնչություն չունի ազգային անվտանգության հետ։ Պարոն Ստամբոլցյանին խորհուրդ կտայի լրագրողներից բողոքելու փոխարեն զբաղվել իր հիմնական գործով՝ հիվանդներ բուժելով։

Գյումրիում մի հազացող ծերունու երբ ասացի, որ գնա բուժվի, քանի որ նրա հազալուց երեւում էր, որ հնարավոր է, որ թոքախտ լինի, նա պատասխանեց. «Իսկի սեւ բուխանկի փող չունեմ, ուր մնաց թոքախտ բուժելու»։ Գյումրեցի ծերունին չգիտեր պետպատվերի մասին։ Եթե խոլերան կեղտոտ ձեռքերի հիվանդություն է, եւ նրա հիմքերը կարելի է բուժել ձեռքերը լվանալով եւ եղունգները կտրելով, ապա թոքախտը աղքատի հիվանդություն է եւ, իմ կարծիքով, այն չի սպառնում միայն Արմավիրի մարզի խաղողագործներին, որոնք «Պեռնո Ռիկարի» շնորհիվ հասել են բարեկեցության եւ երջանկության գագաթնակետին։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930