«Առավոտի» ընթերցողներն արդեն տեղյակ են, որ առողջապահության նախարարությունը նախապատրաստել եւ կառավարությանն է ներկայացրել բարեփոխումների հերթական ծրագիրը, որը, դատելով ըստ ամենայնի, վերջինը պետք է լինի, քանզի դրանից հետո այլեւս ոչինչ չի մնա ո՛չ բարե-, ո՛չ վերա-, ո՛չ նենգա- փոխելու համար։ Այդ առաջարկությունների համաձայն, բուժհիմնարկները կկառավարվեն համայնքի, նախարարության ներկայացուցիչների, 5 տնօրեններից կազմված խորհրդի կողմից։
Ղեկավարման այդ մեծ, ուռճացված համակարգում մեկ բժիշկ կլինի կամ ոչ։ Բայց բժիշկը հավանաբար կարեւոր չէ։ Այնուամենայնիվ, հետաքրքիր է, առնվազն 5 տնօրեն, 5 կնիքով, 5-ական կամքով, ցանկությամբ, սուբյեկտիվ վերաբերմունքով… Ո՞վ է էքստրեմալ պայմաններում կայացնելու անհապաղ, անհետաձգելի որոշումը։ Որքանո՞վ է հավանական 5 հայ մարդու հաշտ, ըմբռնումով, անանձնական մոտեցումը հիմնահարցերին։ Դուք մտավորականություն չունե՞ք, ընթերցող։ Չէ՞ որ ավերվող այս ոլորտը քննական է բոլորիս համար։ Քաղաքապետարանի առողջապահության վարչությունում մայրաքաղաքի բուժհիմնարկների գլխավոր բժիշկների հերթական խորհրդակցությունը սկսվեց խոլերայի եւ մալարիայի վարակների շուրջ քննարկումներով։
«Այս ֆոնի վրա մնացած ամեն ինչը երկրորդական է»,- համոզված էր հիշյալ վարչության պետ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Արա Մինասյանը։ Այո, երկրորդական է, նույնիսկ այն, ինչ վերաբերում է հենց ոլորտի վաղվա օրվան։ Իմ՝ ոչ մասնագետիս տեսանկյունից, այսօրվա դժվարությունները, աննախադեպ, անծանոթ հոգսերը, դարձյալ «բարեփոխիչների» արդյունք են։ Նախորդ «բարեփոխիչների» ջերմեռանդ գործունեության արդյունք։ Մինչդեռ, ասվել է, եւ շատ. առողջապահությունն ու կրթությունը նուրբ, զգայուն համակարգեր են եւ փորձարարությունն անթույլատրելի է։ Խորհրդակցության վերջում բժիշկներն, այնուամենայնիվ, հիշեցին նաեւ ծրագրի մասին։ Նախ, իբրեւ «մեղմացուցիչ դեպք հանցանաց» նրանք համոզված էին, որ իրենց նախարարը չէր կարող կարդալուց հետո ստորագրել այդ խայտառակ փաստաթղթի տակ։ Եթե ստորագրել է, ուրեմն, չի կարդացել…
Արա Մինասյանը նկատեց, որ լուրջ քննարկման պետք է հրավիրվեն բոլոր կողմերը։ Ընդսմին, քաղառբաժինն արդեն իր մոտեցումները, վերաբերմունքը նամակով ներկայացրել է խորհրդարան։ Եթե համակողմանի քննություն չհրավիրվի, ապա կարելի է փաստել, որ ինչ-որ մարդիկ իզուր էներգիա են վատնել եւ նրանց աշխատանքի արդյունքը, մեղմ ասած, բանի պետք չի կարող լինել։ 3-րդ հիվանդանոցի գլխավոր բժիշկ պրն Հարությունյանի տպավորությամբ. «Ով հասնում է, ուզում է պատառ-պատառ անել բուժհիմնարկները։ Ով հասնում է, ուզում է մի բան պոկած լինել»։
Կարդացեք նաև
Ըստ 3-րդ ծննդատան գլխավոր բժիշկ պրն Ուռումյանի. «Տեղերի կարծիքները հաշվի չեն առնում։ Մինչդեռ բժշկից լավ ոչ ոք չգիտե իրավիճակը»։ Բոլորը համակարծիք էին մի հարցում. այս ամենի միակ պատճառն այն է, որ նախարարությունն իր տեղում չէ, մասնագիտական մոտեցում չկա։ Ծրագրեր են ստեղծում, բայց ոչ մի մասնագետի կարծիք հաշվի չեն առնում։ Տնտեսագետները լավ տղաներ են, ոչինչ չունենք, բայց թող գան, միասին քննարկենք։ Կամ, եթե այդպես է, մենք գնանք բանկում աշխատենք, նրանք էլ՝ հիվանդանոցում։ Վերջին առաջարկն, անշուշտ, բուռն ոգեւորություն առաջացրեց։
Դահլիճում անմիջական հարեւանս ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Գրիգորյանն էր. «Իմացա՞ք ես ով եմ։ Խոլերան եմ,- տխուր երանգով ասաց նա։ – Ծրագրի մասի՞ն եք հետաքրքրվում՝ դեբիլություն է։ Չէ՛, չէ՛, էդ բառը հանիր, դա բժշկին վայել խոսք չէ, փոխիր։ Գրի. լավ ծրագիր չէ։ Մեկ մարմինը մեկից ավելի գլխով՝ հրեշ է, ուրիշ ոչինչ։ Առողջապահությունն էդպիսին չպետք է լինի»։
Ամեն դեպքում բժիշկները հանգիստ էին ու կարծես ոչ կարեւորություն էին տալիս, ոչ էլ լուրջ էին ընդունում ծրագիրը։ Իսկ քաղառվարչության պետն առավել մտահոգ էր հիվանդությունների խնդրով։ Գուցե բժիշկների զբաղվածությունն է պատճառը, որ անգործ մարդիկ սկսել են զբաղվել իրենց չվերաբերող գործերով։ Չգիտեմ։ Բայց այս նյութն ավարտել եմ ուզում վարչության պետի խոսքերով. «Համակարգն (խոսքն առողջապահության մասին է- Ա. Խ.) աստիճանաբար տանուլ է տալիս։ Պետք է մտածենք համակարգի փրկության մասին։ Հենց դա է պատճառը, որ կորցրել ենք սոցիալական էֆեկտի մինիմալ գործակիցը»։
ԱՆԻ ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆ