Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սեպտեմբեր 16,1998 00:00
Paruyr Hayrikyan

Երեկ Պարույր Հայրիկյանը խոսեց սեպտեմբերի 7-13-ը Մոսկվայում տեղի ունեցած միջխորհրդարանական 100-րդ վեհաժողովի մասին, որտեղ հայկական պատվիրակությունը երկու օր ղեկավարել է ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանը, իսկ երկու անգամ ավելի շատ՝ չորս օր՝ Պարույր Հայրիկյանը։ Բայց Հայաստանին զեկուցման համար հատկացված 10 րոպեից խորհրդաժողովում 6,5 րոպե խոսել է պարոն Հարությունյանը, իսկ պարոն Հայրիկյանին ասել են, որ մնացել է ընդամենը 2 րոպե 21 վայրկյան։

Որպես ճշմարիտ հայ, պարոն Հայրիկյանը խոսել է 2 րոպե 45 վայրկյան։ ԻՄ նախագահը օգտվել է նաեւ ռեպլիկի իր իրավունքից, եւ ռեպլիկ է հղել ադրբեջանցիներին։ Պարույր Հայրիկյանը իր ռեպլիկով պատասխանել է Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցչի մեզ ուղղված ռեպլիկներին եւ ասել, որ հայ եւ ազերի ժողովուրդները ստալինյան կայսրության զոհերն են, որ հայերը ագրեսոր չեն, այլապես վաղուց գրաված կլինեին Նախիջեւանը եւ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու համար անհրաժեշտ են երկու երկրներում էլ ժողովրդի կամքը իրագործելու պատրաստակամ իշխանություններ։ «Այս հարցի առնչությամբ մենք կարող ենք ունենալ դժվարություններ, եթե Ադրբեջանում չլինեն օրինական իշխանություններ»,- զգուշացրել է Պարույր Հայրիկյանը։

Միեւնույն ժամանակ պրն Հայրիկյանը տեղեկացրեց, որ Հայաստանը եւ Ադրբեջանը մեծ խնդիրներ կունենան Եվրոխորհուրդ մտնելու հարցում։ Վրաստանի հարցը կլուծվի ավելի շուտ։ Իսկ Հայաստանն ու Ադրբեջանը ունեն տարածքային վեճ եւ խնդիրներ ժողովրդավարության հետ։ Սա, իհարկե, միջազգային կազմակերպությունների տեսակետն է, որը ԻՄ նախագահի կարծիքով միշտ չէ, որ ճիշտ է։ 1999թ. մայիսից հետո Եվրոխորհրդի դռները փակվում են նոր պետությունների համար։ Հենց այդ պատճառով էլ անհրաժեշտ է 1999թ. Հայաստանում եւս անցկացնել օրինակելի խորհրդարանական ընտրություններ։ Պատասխանելով «Առավոտ»-ի հարցին, թե գուցե Հայաստանի համար ոչ ժողովրդավարական երկրի վարկ ստեղծել են նաեւ 1998թ. նախագահական ընտրությունները, պրն Հայրիկյանն ասաց, որ իհարկե 1996թ. նախագահական ընտրությունների շուրջ ստեղծված աղմուկը իր նշանակությունը ունեցավ։

Ասուլիսի ժամանակ ԻՄ նախագահն անդրադարձավ մեր պատվիրակության կատարած աշխատանքներին։ Մասնավորապես իր անմիջական ջանքերով նշվել է ՄԱԿ-ի կողմից Ցեղասպանությունը դատապարտող օրինագծի ընդունման 50-ամյակը, առանց կոնկրետ երկիր նշելու։ Եզրափակիչ փաստաթղթում «ժողովուրդների ինքնորոշումը» դարձված է «ազգերի ինքնադրսեւորում»։ Պարույր Հայրիկյանը բողոքել է այդ փոփոխության դեմ, պարզաբանելով, որ ազգերի ինքնադրսեւորման բազմաթիվ ձեւեր կան՝ ցույցեր, երթեր, ապստամբություն, իսկ ինքնորոշումը դրա բարձրագույն ձեւն է։

Նրա տեսակետը պաշտպանել են Կանադայի եւ Ուրուգվայի ներկայացուցիչները, որոնք սակայն դրական արդյունքի չեն հասել, քանի որ Հնդկաստանի ներկայացուցիչը ասել է, որ իրենց մոտ ինքնորոշումը հանգեցնում է մարդկային մեծ կորուստների։ Միջխորհրդարանական վեհաժողովի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի տեղակալի թափուր պաշտոնում իր թեկնածությունը առաջադրած Պարույր Հայրիկյանը ստացել է անհրաժեշտ 21-ի փոխարեն 13-ը։ Պրն Հայրիկյանը ի սկզբանե ենթադրում էր ստանալ 3-4 ձայն, սակայն քվեարկողների վրա ազդել է նրա անցյալ եւ ներկա նկարագիրը։ Իսկ Լենի Ֆիշերի կարծիքով 13-ը շատ լավ արդյունք է, մանավանդ որ նախապատրաստական որեւէ աշխատանք չի արվել։

Վերջում մեջբերենք պրն Հայրիկյանի մի արժեքավոր միտք, որը կարող է թեւավոր խոսք դառնալ. «ԱԺ-ը չի ներկայացնում մեր ժողովրդին, իսկ Ռոբերտ Քոչարյանը ներկայացնում է, դրա համար էլ նա ԱԺ-ում հենարան չունի»։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930